Հանդիպում-քննարկում պրոբացիայի ինստիտուտի կայացմանն ուղղված պետական ռազմավարական ծրագրի վերաբերյալ

Մարտի 27-ին տեղի ունեցավ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում իրականացվող «Քայլ դեպի արդար Հայաստան» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում ստեղծված «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի հանդիպում-քննարկումը՝ պրոբացիայի ինստիտուտի կայացմանն ուղղված պետական ռազմավարական ծրագրի վերաբերյալ:

Քննարկումը կայացավ Town Hall ձևաչափով, որին մասնակցում էին Պրոբացիայի ծառայության պետ Արսեն Նավասարդյանը, Քրեակատարողական ծառայության ՍԻԱՀ բաժնի պետ Մարինե Գասպարյանը, ոլորտում մասնագիտացած ՀԿ-ների ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ։

Բացման խոսքի ժամանակ «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի կառավարման խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը շեշտեց պրոբացիայի համակարգի կայացման գործում տարբեր գերատեսչությունների համագործակցության կարևորությունը։

Քննարկումը վարում էին Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի ներկայացուցիչներ Լեո Տիգեսը, Սթիվեն Պիթսը և «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի կառավարման խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը։ Մասնակիցների ուշադրությանն են ներկայացվել ոլորտում առկա հիմնախնդիրները, որոնք վերհանվել են «Քայլ դեպի արդար հայաստան» ծրագրի շրջանակներում կատարված մոնիթորինգի արդյունքում։ Երկու խմբով քննարկվել են նշված հիմնահարցերը և առաջարկվել լուծման ուղիներ։ Town Hall ձևաչափով այս հանդիպման արդյունքներն ամփոփող  փաստաթուղթը  հիմք կհանդիսանա ոլորտին առնչվող հանրային քաղաքականության մշակման համար։

«Քայլ դեպի արդար Հայաստան» ծրագիրը իրականացնում է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը` իր գործընկերներ «Աստղացոլք» ՀԿ-ի, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի, «Ընտանիք և համայնք» ՀԿ-ի հետ համատեղ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ իրականացվող կոնսորցիումի միջոցով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհների շրջանակներում:
Ծրագրի բյուջեն կազմում է 25 միլիոն ՀՀ դրամ, որից 22,5 միլիոն դրամը տրամադրվել է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից: Ծրագրի տևողությունն է` 2018թ. հունիսի 1-ից մինչև 2019թ. մայիսի 31-ը:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը ֆիանսավորվում է Եվրոպական միության կողմից: