ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՔՀԻ արձանագրած խախտումները՝ Ընտրությունների դիտարկման ամփոփագրում
Քաղաքացիական հասարակության ինստիտուտի կողմից ընտրությունների դիտարկման ամփոփագիրը՝ կրճատումներով։
Ընտրությունների դիտարկման ամփոփագիր
Քաղաքացիական հասարակության ինստիտուտը (ՔՀԻ) Ամերիկյան իրավաբանների ընկերակցության (ABA ROLLI) հետ համատեղ՝ ԱՄՆ ՄԶԳ-ի և Նորվեգական Հելսինկի կոմիտեի կողմից տրամադրված ֆինանսական աջակցությամբ, իրականացրեցին «Ընտրություններ 2013» իրավական նախաձեռնությունը Հայաստանում նախագահական ընտրությունների կապակցությամբ, որը տեղի ունեցավ 2013թ–ի փետրվարի 18–ին։ Նախաձեռնության նպատակն էր ապահովել քաղաքացիների ընտրության իրավունքի իրացումը, ինչպես նաև կանխել ընտրությունների ընթացքում մարդու իրավունքների խախտումները իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու միջոցով։
Իրավական նախաձեռնությունը իրականացվել է բոլոր հանրապետական ընտրությունների ընթացքում՝ սկսած 2007 թվականից, ինչպես նաև Երևանի քաղաքապետի ընտրությունների ընթացքում։
Նախաձեռնության շրջանակներում Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ–ն գործարկել է 080-080-804 թեժ գիծը, որով անվճար իրավաբանական խորհրդատվություն է տրամադրվել ընտրություներին առնչվող հարցերի վերաբերյալ։
Ընտրությունների օրը՝ փետրվարի 18-ին, թեժ գծով ստացվել է 54 ահազանգ։ Հնարավոր իրավախախտումների վերաբերյալ ահազանգերի հիման վրա «իրավական շտապօգնության մեքենաները» ուղղորդվել են համապատասխան ընտրատեղամասեր՝ ուսումնասիրելու իրավիճակը, անհրաժեշտության դեպքում տրամադրելու իրավաբանական խորհրդատվություն, արձանագրելու հնարավոր իրավախախտումները և դրանք ԶԼՄ–ներով հրապարակելու համար։
Արձանագրված խախտումների մասին ամբողջ տեղեկատվությունը տեղադրվել Քաղաքացիական հասարակության ինստիտուտի hra.am կայքում և այլ ԶԼՄ–ներում։
Ընդհանուր առմամբ, Հայաստանի ողջ տարածքում գործել են 30 «իրավական շտապօգնության մեքենաներ», որոնց յուրաքանչյուրի անձնակազմը բաղկացած է եղել մեկական լրագրողից, դիտորդից և իրավաբանից։ Մեքենաները տեղաբաշխված են եղել ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ մարզերում։
Ընտրությունների գնահատում
Իրավախախտումներ
«Իրավաբանական շտապօգնության մեքենաները» այլցելել են 394 ընտրատեղամասեր, ներառյալ այն այցելությունները, որոնք իրականցվել են ի պատասխան թեժ գծով ստացված ահազանգերի, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ։ Ընդհանուր առմամբ, դիտորդների կողմից արձանագրվել է 168 իրավախախտում։
Իրավախախտումները ընդգրկել են ընտրակաշառքներ (14 դեպք), քարոզչություն (14 դեպք), քաղաքացիների ազատ ընտրության իրավունքի խոչընդոտումներ, ընտրողների ուղղորդումներ (54 դեպք), ընտրության գաղտնիության իրավունքի խախտումներ (50 դեպք), ահաբեկումներ և ճնշում (36 դեպք), միաժամանակ նկատվել են կուտակումներ, ընտրատեղամասերում հավաքված մեծ թվով մարդիկ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի երկու վստահված անձանց միաժամանակյա ներկայություն միևնույն ընտրատեղամասում։
Չնայած վիճակագրությունը ցույց է տալիս, որ բազմաթիվ ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքները անվստահելի են եղել, հանձնաժողովի ոչ մի անդամ չի ներկայացրել հատուկ կարծիք, այդ թվում՝ ընտրական հանձնաժողովներում ներկա ընդդիմության ներկայացուցիչները «Ժառանգություն», «Հայ Ազգային Կոնգրես», «Բարգավաճ Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություններից։
Օրինակներ
22/23 ընտրատեղամասում ՔՀԻ դիտորդը արձանագրել է ընտրողների կուտակում և քաոսային իրավիճակ։ Ներկա են եղել ընտրատեղամասում գտնվելու լիազորություն չունեցող մի քանի անձ, ինչպես նաև ավելի քան 15 ընտրողներ։
37/29 ընտրատեղամասում (Գորիս) ՔՀԻ դիտորդը նկատել է, որ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը ունեցել է երկու վստահված անձ, ինչը խախտում է ընտրական օրենսգրքի պահանջները։ Ի պատասխան դիտորդների միջամտության՝ նրանցից մեկը լքել է ընտրատեղամասը։ Նույն իրավախախտումը նկատվել է նաև Գետահովիտում։
Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում, ինչպես նաև Կոտայքի մարզում 25/36 եղել են բաց քվեարկության դեպքեր, երբ մինչև քվեարկության ծրարը քվեատուփ գցելը քաղաքացիները հրապարակայնորեն ցույց են տվել, որ իրենք Սերժ Սարգսյանի օգտին են քվեարկել։
1/8 ընտրատեղամասում ՔՀԻ դիտորդը արձանագրել է, որ ինչ–որ մարդիկ են եկել տաքսիով և որոշ ընտրողների բաժանել են անձնագրերին փոխարինող տեղեկանք (9-րդ ձև), որից հետո ընտրողները ընտրատեղամաս են մտել քվեարկելու։ Դիտորդը լուսանկարել է այս միջադեպը։
24/27 ընտրատեղամասում Սերժ Սարգսյանի վստահված անձը բացահայտ ասել է մոտեցող ընտրողին քվեարկել համար վեցի օգտին։ Դիտորդը տեղեկացրել է հանձնաժողովի նախագահին, ով պատասխանել է. «Ես ի՞նչ կարող եմ անել»։
36/45 ընտրատեղամասում նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նկարը փակցված է եղել պատին։ 30/31 ընտրատեղամասում (Վանաձոր) ՔՀԻ դիտորդը արձանագրել է, որ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական արշավի երգը՝ «Դեպի ապահով Հայաստան», բարձրաձայն հնչել է ընտրատեղամասի դիմացի CD խանութից։ Դիտորդի միջամտության արդյունքում ոստիկանությունը շտկել է իրավիճակը։
25/10 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը լքել է ընտրատեղամասը ընտրելու պատրվակով, մինչդեռ օրենսդրության համաձայն նա պետք է ընտրի այն նույն ընտրատեղամասում, որտեղ իրականացնում է իր գործառույթները։ Ընդհանուր առմամբ, դիտորդները նկատել են, որ հանձնաժողովի նախագահը շատ հաճախ է լքել ընտրատեղամասը տևական ժամանակահատվածով։
ՔՀԻ դիտորդները ներկա են գտնվել 17/05, 17/07 (Աշտարակ) ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների հաշվարկի ժամանակ։ 17/07 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը բարձրաձայն չի կարդացել և ցույց չի տվել քվեաթերթիկները հանձնաժողովի մյուս անդամներին։ Հանձնաժողովի անդամները խոչընդոտներ են ստեղծել հաշվարկին ներկա դիտորդների և ԶԼՄ–ների ներկայացուցիչների համար։ 17/07 ընտրատեղամասում հանձնաժողովի միայն 3 անդամներ են ներկա գտնվել հաշվարկին։ Առաջին հաշվարկից հետո ընտրողների թիվը պակաս էր քվեաթերթիկների քանակից։ 17/05 ընտրատեղամասում չլիազորված անձինք են ներկա գտնվել հաշվարկին և քվեատուփը բաց եղել մինչև հաշվարկը սկսելը։
10/9 ընտրատեղամասում (Երևան) քվեների հաշվարկի ժամանակ, երբ ակնհայտ դարձավ, որ Րաֆֆի Հովհանիսյանը առաջատար է եղել մյուս թեկնածուների համեմատ, նրա օգտին քվեարկած ավելի քան 50 քվեաթերթիկներ անվավեր են ճանաչվել այն հիմքով, որ կնիքներից մեկի 6 նիշերից 3–ը լավ տեսանելի չեն եղել ծրարի վրա։
Բազմաթիվ ընտրատեղամասեր տեղակայված են եղել երկրորդ հարկերում՝ ստեղծելով հավելյալ դժվարություններ հաշմանդամություն ունեցող անձանց համար։
Ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովներ
Դիտորդները նկատել են, որ ընդհանուր առմամբ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները ոչ պրոֆեսիոնալ էին և պատշաճ կերպով տեղյակ չէին օրենքից (ընդհանուր առմամբ 124 դեպք)։
Նրանք ցուցաբերել են կողմնակալ վերաբերմունք նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին։ Հաշվարկի ընթացքում մի շարք տեղամասերում, որտեղ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհանիսյանը ստացել էր ավելի շատ ձայներ, հանձնաժողովի անդամները կարծես թե խուճապի են մատնվել։ Նրանք փորձել են պատճառներ գտնել հետաձգելու հաշվարկը (սուրճ խմել, սնվել, հանգստանալ), հույս ունենալով, որ լրագրողները և դիտորդները երկար չեն մնա և կորոշեն հեռանալ ընտրատեղամասից։
Վստահված անձանց և այլ դիտորդների ներկայությունը
Ընդհանուր առմամբ դիտորդները նկատել են, որ եթե համարյա բոլոր ընտրատեղամասերում ներկա են եղել նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի վստահված անձինք (նույնիսկ որոշ վայրերում երկու վստահված անձ միևնույն ընտրատեղամասում,ինչը ոտնահարում է ՀՀ ընտրական օրենսգիրքը), մյուս թեկնածուները ավելի քիչ վստահված անձ ունեին ընտրատեղամասերում։
Օրինակ՝ Վանաձորում դիտորդների կողմից այլցելած 17 ընտրատեղամասերում նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի վստահված անձինք ներկա են եղել բոլոր ընտրատեղամասերում, մի տեղում ներկա է եղել նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհանիսյանի վստահված անձը, իսկ մեկ այլ տեղում՝ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վստահված անձը։
Շիրակում այցելած բոլոր ընտրատեղամասերում ներկա են եղել նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի վստահված անձինք, մինչդեռ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհանիսյանի վստահված անձինք ներկա են եղել միայն երկու ընտրատեղամասում։
Գորիսում այցելած ընտրատեղամասերից նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհանիսյանի որևէ վստահված անձ ներկա չի եղել։
ՔՀԻ դիտորդները ընտրատեղամասերում հանդիպել են դիտորդների հետևյալ կազմակերպություններից ԵԱԿՀ/ԺՀՄԻԳ, «Ընտրությւոնը քոնն է» ՀԿ, «Ազատ հասարակություն ինստիուտ» ՀԿ, «Գորիսի երիտասարդների միություն», «Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» ՀԿ։
Առաջարկություններ
- Ընտրատեղամասերում տեղադրել վեբ տեսախցիկներ, որոնք օրվա ընթացքում կարձանագրեն ընտրությունների ընթացքը, ինչպես նաև քվեաթերթիկների հաշվարկը,
- Ընտրություններից հետո հրապարակել ընտրողների ցուցակները,
- Ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց հասանելությունը ընտրատեղամասեր,
- Ընտրությունների օրը վերացնել քարոզչության ցանկացած նշան,
- Կուսակցությունները պետք է մեծ ուշադրություն դարձնեն իրենց կողմից նշանակված հանձնաժողովի անդամների մարդկային և մասնագիտական հատկանիշներին։