ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայաստանին անհրաժեշտ է իրականացնել մարդու իրավունքների ոլորտում ստանձնած պարտավորությունները և հանձնարարականները
Քաղաքացիական հասարակության ինստիտուտը (ՔՀԻ), Նորվեգիայի հելսինկյան կոմիտեն (ՆՀԿ) և Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) ներկայացրել են միջանկյալ (2010թ. մայիս – 2012թ. դեկտեմբեր) այլընտրանքային զեկույց, որը պատրաստվել է ՄԱԿ–ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից 2010թ. մայիսին կատարված և Հայաստանի Համընդհանուր պարբերականի զեկույցին վերաբերող հանձնարարականների շրջանակներում։
Զեկույցում ներկայացված է Հայաստանի իրավական համակարգը և պետական մարմինների կողմից օրենքների կիրառման պրակտիկան։ Փաստաթուղթը հիմնված է ՔՀԻ-ի և FIDH-ի կողմից կատարված համապարփակ մոնիթորինգի և հետազոտությունների վրա, որոնք իրականացվել են ՆՀԿ–ի աջակցությամբ և ընդգրկում են հետևյալ ոլորտները՝ փոխհատուցման արդյունավետ միջոցի իրավունք, արդար դատավարության իրավունք, դատական համակարգի անկախություն, խոշտանգումների և վատ վերաբերմունքի արգելում, քրեակատարողական համակարգ և անչափահասների նկատմամբ արդարադատության իրականացում:
ՀՀ իշխանությունները որոշ քայլեր են ձեռնարկել օրենսդրության լրամշակման ուղղությամբ, մասնավորապես՝ մշակել են նոր Քրեական դատավարության օրենսգիրքը, կատարել են որոշ փոփոխություններ և լրացումներ Քրեական օրենսգրքում, մշակել են ծրագրեր և քաղաքականություն դատական համակարգում բարեփոխումների իրականացման համար։ Սակայն գործնականում մարդու իրավունքների ոլորտում ստանձնած իր պարտավորությունների կատարման հարցում Հայաստանն իրական առաջընթացի չի հասել:
ՀՀ քրեական օրենսգրքում խոշտանգումների սահմանումը դեռևս համապատասխանեցված չէ Խոշտանգումների դեմ պայքարի մասին ՄԱԿ-ի կոնվենցիային, որին երկիրը միացել է դեռևս 2006թ.–ին:
Ոստիկանությունում արգելանքի տակ գտնվելու ընթացքում խոշտանգումների և վատ վերաբերմունքի կիրառման պրակտիկան չի նվազում: Իրենց հերթին, տուժողները չեն հայտնում ոստիկանության կողմից կիրառվող խոշտանգումների մասին` վախենալով վրեժխնդրությունից, իսկ խոշտանգողները մնում են անպատիժ:
Անգամ այն դեպքերում, երբ խոշտանգումների ենթարկվելու մասին բողոքներ են բերվում, անկախ և արդյունավետ քննություն չի իրականացվում: Դատարանները շարունակաբար ընդունում են ապացույցներ, որոնք ձեռք են բերվել խոշտանգումների արդյունքում: Խոշտանգումների և մարդու իրավունքների այլ խախտումներից տուժածները չունեն փոխհատուցման արդյունավետ միջոց։
Դատական համակարգի անկախությունը Հայաստանում լուրջ խնդիր է մնում: Շատ դեպքերում դատարանները չեն ապահովում միջազգային և ազգային օրենսդրությամբ նախատեսված արդար դատավարության չափանիշների երաշխիքների կիրառումը: Դատարանները կողմնակալություն են դրսևորում հօգուտ մեղադրողի՝ խախտելով անմեղության կանխավարկածը, կողմերի հավասարության և դատավարության ընթացքում մրցակցության սկզբունքները:
Առ այսօր Հայաստանում բացակայում է թ՛ե անչափահասների գործերով արդարադատության համակարգը և թ՛ե չկան անչափահասների հետ աշխատանքներում մասնագիտացված դատախազներ, քննիչներ և փաստաբաններ: Շատ են կիրառվում անչափահաս ամբաստանյալների նկատմամբ ազատազրկման հետ կապված պատիժները:
Էական փոփոխություն տեղի չի ունեցել նաև Հայաստանի քրեակատարողական համակարգում: ՀՀ քրեակատարողական հիմնարկները գերբեռնված են, իսկ դրանց պայմանները չեն բարելավվել: Դատապարտյալների համար որևէ վերականգնողական ծրագրեր չեն մշակվում:
Քաղաքացիական հասարակության ինստիտուտը, Նորվեգիայի հելսինկյան կոմիտեն և Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան դիմում են ՀՀ իշխանություններին, որպեսզի նրանք կրկնապատկեն ջանքերը ՄԱԿ–ի Մարդու իրավունքների խորհրդի հանձնարարականների և Հայաստանի՝ 2010թ.–ին ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ։
Քաղաքացիական հասարակության ինստիտուտի (ՔՀԻ), Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի (ՆՀԿ) և Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) կողմից պատրաստված՝ Հայաստանի համընդհանուր պարբերական վերանայման միջանկյալ զեկույցի (2010թ. մայիս–2012թ. դեկտեմբեր) հայերեն և անգլերեն տարբերակները։