ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ավարտվեց հարավկովկասյան կազմակերպությունների կարողությունների զարգացմանը նվիրված ՔՀԻ ծրագիրը
2014թ. մայիս-օգոստոս ամիսներին Քաղաքացիական հասարակության ինստիտուտ (ՔՀԻ) ՀԿ–ն Չեխիայի դեսպանատան ֆինասնավորմամբ իրականացրեց «Աջակցություն քաղաքացիական հասարակության զարգացմանը՝ ռազմավարական պլանավորման և իրականացման միջոցով» տարածաշրջանային ծրագիրը։
Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի 18 հասարակական կազմակերպություններ ծրագրի իրականացման չորս ամիսների ընթացքում ոչ միայն մասնակցեցին կազմակերպված աշխատաժողովներին, այլև՝ առցանց ռեժիմով ՔՀԻ փորձառու դասընթացավարների կողմից երկարաժամկետ խորհրդատվություն ստացան իրենց հետաքրքրող հարցերի շուրջ, մասնավորապես՝ կազմակերպության զարգմացման, ռեսուրսների ճիշտ պլանավորման և բաշխման, մրցունակ ծրագրային առաջարկների կազմման, տարաբնույթ միջոցառումների կազմակերպման, հասարակայնության հետ կապերի սերտացման և այլ թեմաների վերաբերյալ։
Ս.թ. հուլիսի 17-20-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացավ «Կազմակերպության ստրատեգիական պլանավորում» թեմայով եռօրյա դասընթաց, որին մասնակցեց Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ՀԿ–ների և նախաձեռնող խմբերի 18 ներկայացուցիչ։
Դասընթացը ներառում էր հետևյալ թեմաները՝ կազմակերպության կարողությունների վերլուծություն, կարիքների, նպատակների և խնդիրների սահմանում, ռազմավարության մշակում, ֆինանսական պլանավորում և վերահսկում, մրցունակ ծրագրերի և բյուջեի պատրաստում, ինչպես նաև՝ զանգվածային լրատվամիջոցների, լրագրողների հետ աշխատելու և համագոծակցելու, սոցիալական ցանցերում կազմակերպությունը ներկայացնելու հմտություններ։
Դասընթացից հետո վերապատրաստված մասնակիցները, կիրառելով իրենց ձեռքբերած գիտելիքները, մշակեցին իրենց կազմակերպության կամ նախաձեռնող խմբի ռազմավարական պլանը, իսկ դասընթացավարներն առցանց ռեժիմով խորհրդատվություն մատուցեցին։
Հաշվի առնելով մասնակիցների հետաքրքրվածությունը և որոշ թեմաների վերաբերյալ ավելի շատ տեղեկատվություն ստանալու ցանկությունը, ծրագրի ավարտին՝ օգոստոսի 29-30-ը, լրացուցիչ երկօրյա դասընթաց կազմակերպվեց Հայաստանում՝ կազմակերպության զարգացման փուլերի, պլանավորման և կառավարման, բյուջեի ձևավորման, կամավորների ներգրավման և ՀԿ աշխատանքներում սոցիալական ցանցերի արդյունավետ կիրառման թեմաներով։
Ծրագրին մասնակցած ՀԿ ներկայացուցիչների գնահատմամբ՝ դասընթացները և Քաղաքացիական հասարակության ինստիտուտի հետ համատեղ աշխատանքը շատ օգտակար ու արդյունավետ էր, քանի որ տեսական և գործնական գիտելիքներ ստանալուց բացի, իրենք հնարավորություն ունեն ցանցակացած ժամանակ դիմելու և ստանալու խորհրդատվություն։
Մասնակիցներից մի քանիսի արձագանքը ներկայացնում ենք ստորև.
Նինա Ջիկիա, «Սուխումի» մշակութային–հումանիտար հիմնադրամ, Վրաստան- ՀԿ–ների ստրատեգիական պլանավորմանը նվիրված դասընթացը, որին ես պատիվ ունեցա մասնակցել, իսկապես կարևոր և օգտակար էր ինձ համար։ Ես ստացա ռազմավարական պլանավորման վերաբերյալ արժեքավոր գիտելիքներ և ևս մեկ անգամ համոզվեցի, թե որքան կարևոր է ռազմավարությունը՝ կազմակերպության առաջնահերթությունները որոշելու տեսանկյունից։
Ես սկսեցի ավելի մեծ ուշադրություն դարձնել մեր կազմակերպության ռազմավարական նպատակներին և ակնկալվող արդյունքներին, տեղեկացա զանգվածային լրատվամիջոցների հետ ավելի արդյունավետ աշխատելու մեթոդների մասին, թե ինչպես «գովազդել» մեզ և գրավել ԶԼՄ–ների ուշադրությունը՝ մեր նպատակներին հասնելու համար։ Ես շնորհակալ եմ բոլոր դասընթացավարներին արդյունավետ, հետաքրքիր և հագեցած դասընթացի համար, որը ինձ զինեց նոր գիտելիքներով և աշխատելու ավելի մեծ ոգևորությամբ։
Մարիամ Ղարագյոզյան, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ, Հայաստան, Գյումրի- Չափազանց արդյունավետ և կարևոր դասընթաց էր, որի հիմքի վրա ավելի հստակեցվեց մեր հետագա անելիքներն ու գործունեությունը:
Անահիտ Թովմասյան, Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն, Լեռնային Ղարաբաղ- Ինձ շատ դուր եկավ դասավանդման ձևը և մեթոդը։ Ամեն ինչ շատ գրագետ էր կազմակերպված, գոհ եմ ընդհանուր դասընթացից։ Եթե առանձնացնեմ թեմաները, ինձ շատ դուր եկան հետևյալ թեմաները՝ ինչպես ծրագրեր գրել և SWOT վերլուծություն անել, ինչպես աշխատել սոցիալական ցանցերում և լրատվամիջոցների հետ՝ ավելի մեծ արդյունքի հասնելու համար, ինչպես հաշվարկել և բաշխել ծրագրային ծախերը, ինչպես զարգացնել կազմակերպությունն, առհասարակ։ Մնում է միայն սովորել, թե ինչպես ֆինանսավորում գտնել և ինչպես հաշվետվություններ կազմել կատարված ծրագրի վերաբերյալ։
Շատ գրագետ և ճիշտ էին ընտրված դասընթացավարները, դասընթացի անցկացման վայրը, կազմակերպիչների աշխատանքը շատ համադրված էր։ Շնորհակալություն բոլորին։
Լեյլա Ջիկիա, «ԻՄԵԴԻ» ասոցիացիա, Վրաստան- Դասընթացից ինձ մոտ մնացել են միայն լավ տպավորություններ։ Այդ հանդիպումը կարևոր էր հատկապես որովհետև կազմակերպված էր տարածաշրջանային մակարդակով և տարբեր կազմակերպություններ հնարավորություն ունեիր կիսելու իրենց փորձը և կապեր հաստատելու միմյանց հետ։ Իմ կարծիքով՝ շատ կարևոր էիր խմբային աշխատանքները, որոնցում մեզ հետ մասնակցում էին նաև հայեր ու ադրբեջանցիներ, որը կարող է նրանց միջև հետագա շփումների նախապայման դառնալ։
Ես ստացա շատ նոր գիտելիքներ, խորացրեցի կազմակերպության ռազմավարական պլան և ծրագրեր մշակելու պրակտիկ գիտելիքներս։
Փորձառու դասընթացավարների շնորհիվ մենք հնարավորություն ունեինք խմբերով ձևակերպել ծրագրային խնդիրները և ծրագրի կոնկրետ նպատակը։ Հետաքրքիր էր նաև ԶԼՄ–ների հետ աշխատանքի հմտությունների ներկայացումը և սոցիալական ցանցերն օգտագործելու մեթոդները կազմակերպության զարգացման և ճանաչելիության բարձրացման համար։ Շատ լավ կլիներ, որ էլի հնարավորություն ունենայիք նման աշխատաժողով կազմակերպել Երևանում Աբխազիայի ՀԿ–ների մասնակցությամբ։
Անի Խաչատրյան, Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ, Հայաստան- Ռազմավարական պլանավորման դասընթացը, չնայած կարճ ժամանակահատվածին, շատ օգտակար էր, հատկապես որովհետև համատեղում էր տեսական նյութն ու գործնական աշխատանքը: Դասընթացի ժամանակ ձեռքբերված գիտելիքներս անպայման կկիրառեմ իմ աշխատանքի ընթացքում։ Դասընթացը նաև հարթակ էր այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ծանոթանալու և հետագա համագործակցության ցանց ստեղծելու տեսանկյունից։
«Աջակցություն քաղաքացիական հասարակության զարգացմանը՝ ռազմավարական պլանավորման և իրականացման միջոցով» ծրագիրն իրականացվում է ՔՀԻ կողմից Չեխիայի «NESENHUTI Brno», Վրաստանի «Abkhazientercon Fund» և Ադրբեջանի «Democracy Monitor» կազմակերպությունների հետ համագործակցությամբ և Չեխիայի հանրապետության Արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։