ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայաստանը պատասխանատու է 360 հազար փախստականի համար. Լ.Ալավերդյան
Հունիսի 20-ը Փախստականների միջազգային օրն է: 1988թ.-ին Հայաստան գաղթած փախստականների խնդիրների մասին զրուցեցինք «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի հետ:
Սումգայիթի և Բաքվի կոտորածներից հետո՝ 1988-ից սկսած, Ադրբեջանից հայ փախստականների մեծ հոսք եղավ Հայաստան: Մենք պատրա՞ստ էինք ընդունել նրանց:
Սովետական միությունում որևէ մեկը պատրաստ չէր, քանի որ, թվում էր, թե միությունը անսասան, խոշոր մի կայսրություն էր, որտեղ օրենքները գործում էին անվրեպ բոլոր այն դեպքերում, եթե դա վերաբերում էր պետական շահին: Որևէ մեկը չէր կարող ենթադրել, որ նման բան կարող է լինել, և այդ առումով, իհարկե, պատրաստ չէր:
Ինչպե՞ս Հայաստանն ընդունեց ադրբեջանահայ փախստականներին, ինչպե՞ս լուծեց նրանց կացության խնդիրը:
Կարևոր է նշել, որ Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը նպատակ էր դրել Հայաստանում չունենալ վրանային քաղաքներ: Մյուս կողմից, Սովետական Հայաստանը սոցիալական նշանակության շինությունների, կառույցների քանակի և որակի առումով ամենաառաջադեմներից էր ողջ միությունում: Կային բազմաթիվ հանգստյան տներ, բուժարաններ, ճամբարներ, հանրակացարաններ և այլն: Քաղաքական կամքը և առկա հնարավորությունները թույլ տվեցին գոնե մինիմալ խնդիրը՝ ժամանակավոր կացության հարցը, լուծել: Փախստականների մի մասը կարողացավ ինչ-որ կերպ փոխանակել իրենց բնակարանները և այդ կերպ լուծել տեղավորման խնդիրը:
Բայց այստեղ մեկ այլ խնդիր կա, որևէ մեկը չգիտեր, որ դա ընդմիշտ է: Այսինքն՝ մարդկանց մեծ մասը պատկերացնում էր, որ դա ժամանակավոր բնույթ է կրելու, խորհրդային իշխանությունը կարգ ու կանոն կհաստատի, իրենց կպաշտպանի: Եվ միայն 1991թ. հանրաքվեից հետո, երբ մի քանի հանրապետություններ որոշեցին չմնալ Խորհրդային միության կազմում, հանրային լայն զանգվածները գիտակցեցին, որ այն հզոր կայսրությունը այլևս գոյություն չունի և տեր չի կանգնելու իրենց:
Քանի՞ փախստական ընդունեց Հայաստանը:
Ընդհանուր փախստականները գրեթե կես միլիոն էին, բայց անմիջապես Հայաստան են եկել մոտ 360.000-ը, իսկ 120.000-ից ավելին Բաքվից միանգամից գնացել են այլ հանրապետություններ, որտեղ ունեին աշխատանքային, բարեկամական, ընկերական կամ այլ կապեր: Փախստականների հիմնական զանգվածը Հայաստան եկավ 1988թ. նոյեմբերին:
Այն մարդիկ, ովքեր կապ ունեին Հայաստանի հետ, նախընտրեցին գալ Հայաստան: Իսկ կային ադրբեջանահայեր, ովքեր իրենց հայրենիքը համարում էին ոչ թե Հայաստանը, այլ այն տարածքը, որտեղից իրենց հանում էին: Այդպիսիք գնացին Սովետական միության այն պետություններ, որտեղ ունեին սոցիալական կապեր:
Ի՞նչ խնդիրներ ունեին Հայաստան եկած փախստականները սկզբնական շրջանում և հիմա:
Փախստականներին հատուկ են երեք հիմնական խնդիրներ, որոնք պետությունը չի կարողացել լուծել. բնակարանային խնդիրը, աշխատանքի խնդիրը և լեզվի խնդիրը: Ես միշտ ասել եմ, որ այս երեք խնդիրներն են ներհատուկ փախստականներին, իսկ մնացած բոլոր խնդիրներն ածանցվում են սրանց:
Նշված խնդիրների պատճառով նրանք հայտնվել են աղքատ վիճակում: ՄԱԿ-ն ուսումնասիրություն ունի, որը հաստատում է՝ փախստականներն ամենաաղքատ խավն են Հայաստանում՝ անգամ աղքատ խավի մեջ:
Ես չեմ խոսում իրավական պաշտպանվածության և մարդու իրավունքների մասին, որովհետև դա Հայաստանում համընդհանուր խնդիր է:
Լեզվի խնդիրը նոր սերունդը լուծել է արդեն, որովհետև դպրոց է հաճախել: Իսկ 40 և ավելի տարիքային խմբի փախստականները մինչև հիմա չեն կարողանում հայերենով լիարժեք հաղորդակցվել, որովհետև պետական մակարդակով հայերենի ուսուցման ծրագիր չի եղել:
Կարծում եմ, որ միջին և բարձր տարիքի մարդիկ, ովքեր եկել են այստեղ, տապալված են համարում իրենց կյանքը, որովհետև Ադրբեջանում նրանք իրենց փոքրամասնություն չէին զգում, այլ՝ պետություն ստեղծող ու կայացնող էին: Եվ հանկարծ հայտնվում են այսպիսի իրավիճակում: Դա հոգեբանական մեծ խնդիր է, որը գումարվում է մյուս 3 խնդիրներին, և հասկանալի է, թե փախստականն ինչ հոգեկան վիճակի մեջ է ապրում Հայաստանում:
88-ի երկրաշարժը, Արցախյան շարժումը և պատերազմն ինչպե՞ս անդրադարձան Հայաստան եկած փախստականների վրա:
Անմիջապես սկսվեց արտահոսք երկրից: Պատկերացրեք՝ աշխատանք չկար, լեզվի խնդիր ունեին, մյուս կողմից՝ վրա հասնող պատերազմական իրավիճակը... Իսկ փախստականին հատուկ է վախը, որովհետև նրանք սովորական փախստականներ չէին, այլ՝ մարդկային զոհերով բռնի տեղահանված մարդիկ:
1990թ. կեսերին մենք ունեցել ենք Հայաստանում հաշվառված 360.000-ից ավելի փախստական: Նրանք ուզում էին հանգիստ ապրել պարզապես, բայց, մի մասը, տեսնելով, որ այստեղ աշխատելու և ապրելու հնարավորություն չկա, լքեց Հայաստանը՝ այդ թվում բարձր որակավորում ունեցող մասնագետներ, ովքեր լեզու չիմանալու հետևանքով չէին կարող աշխատանք ունենալ:
Քանի՞ փախստական է մնացել Հայաստանում և մեր պետությունը ի՞նչ պատասխանատվություն է կրում նրանց համար:
Ես չգիտեմ, թե քանիսն են Հայաստանում մնացել, բայց դա ինձ համար էական չէ, որովհետև դա Հայաստանին չի ազատում այն պատասխանատվությունից, որ ինքը ստանձնել է որպես ընդունող կողմ: Այսինքն՝ ինքը պատրաստ էր լուծելու փախստականների խնդիրը, թե՝ ոչ, մղվում է երկրորդ պլան: Հայաստանը Խորհրդային միության փլուզումից հետո պետք է կարողանար միջազգային հանրության աջակցությամբ բարելավել փախստականների վիճակը:
Ես սխալ եմ համարում այն հարցը, թե քանի փախստական է մնացել Հայաստանում: Ավելի ճիշտ կլինի հարցը ձևակերպել այսպես՝ ինչքա՞ն փախստականի համար է պատասխանատվություն վերցրել Հայաստանը: Եթե անգամ նրանք էլ Հայաստանում չեն կամ ստացել են քաղաքացու կարգավիճակ, միևնույն է, շարունակում են պահանջատեր մնալ: Նրանք ունեն առնվազն վերադարձի և փոխհատուցման իրավունք: Սակայն մեր պետությունը երբևէ չի զբաղվել փոխհատուցման հարցերով: Ադրբեջանից բռնի տեղահանված հայերի առնվազն 85 տոկոսը թողել է այնտեղ գույք, որի նկատմամբ իրավունքներ է ունեցել, բայց չի կարող դա վերականգնել, որովհետև այդ հարցով զբաղվող կառույց չկա: ՄԱԿ-ն էլ այդ հարցով չի զբաղվում, միայն հումանիտար օգնություն է ցույց տալիս:
Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի կառավարության վարած քաղաքականությունը փախստականների համար բնակարանաշինության ոլորտում:
Միայն այն, որ վրանային քաղաք երբեք չի եղել Հայաստանում, մինիմալ պայմանները կարողացել է ապահովել: Դա լավ է, բայց ես, որպես հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, ով առաջին իսկ օրերից զբաղվել է փախստականների խնդիրներով, դեռ 1995թ. կոշտ քննադատության եմ արժանացրել այն ծրագրերը, որոնք կոչված էին փախստականներին ապահովել բնակարաններով: Դա քոթեջային շինարարությունն էր: Նախ և առաջ դա հեռու էր ինտեգրման գաղափարից, ընդհակառակը, նրանք մեկուսացվում էին, շատ վայրերում չկային ենթակառուցվածքներ նորմալ կյանքի համար՝ խանութ, դպրոց, մշակութային օջախներ և այլն:
Դա այն տարիներն էին, երբ խորհրդային տարիներից մնացած անավարտ շինություններ կային և, իմ համոզմամբ, այն գումարները, որոնք գալիս էին որպես հումանիտար օգնություն, պետք է ուղղվեին բնակարանաշինությանը: Եվ ի վերջո, դա այն ժամանակն էր, երբ բնակարանները սեփականշնորհված չէին և պետությունը կարող էր վերաբաշխում անել: Բյուջեի խնդիր չկար, դա ճիշտ կառավարման խնդիր էր:
Տարիներ հետո սկսեցին ինչ-որ բաներ անել. հանրակացարանները սկսեցին ձևափոխել և դարձնել բնակարանային կոմպլեքսներ: Հետո Միգրացիայի վարչությունը սկսեց հաշվառել փախստականներին և հերթագրել բնակարաններ ստանալու համար: Բայց ինչ օգուտ դրանից, եթե 2009 թ. մինչ օրս փախստականների բնակարանաշինության համար պետբյուջեից մեկ լումա անգամ չի հատկացվել: Եվ ես, լինելով պատգամավոր, ամեն տարի այդ հարցը բարձրացրել եմ:
Այն բնակարանները, որ հիմա հանձնում են փախստականներին, մինչև 2009թ. եղած ֆինանսավորման հաշվին են կառուցվել:
Ես գտնում եմ, որ նորանկախ Հայաստանը, հաշվի առնելով առկա պայմանները՝ պատերազմ, երկրաշարժ, ԽՄ փլուզում, պետք է ճիշտ պլանավորում աներ և հմուտ կառավարման միջոցով ծրագիրն իրականացներ, այլ ոչ թե այդ պայմանները որպես արդարացում օգտագործեր: Անձերի փոփոխության հետ ոլորտում տարվող քաղաքականությունը չի փոփոխվել:
Սկսած 2000 թվականից՝ ես փախստականների հարցը չեմ դիտարկում որպես առանձին խնդիր: Եթե երկիրը չի կարողացել մինչև 2000թ գտնել զարգացման այն մոդելը, որը կբերեր առաջընթացի, նա տապալելու է ցանկացած ծրագիր: Եվ փախստականների բնակարանաշինության ծրագիրը ես կարող եմ համարել նույնքան տապալված, որքան մանկատների շրջանավարտներին բնակարաններով ապահովելու ծրագիրը: Նույն մեխանիզմն է, նույն վերաբերմունքը և նույն ցավը:
Իսկ եթե Հայաստանի վարած քաղաքականությունը համեմատենք հարևան Ադրբեջանի հետ:
Հայաստանն արել է ավելին, քան որևէ երկիր կարող էր անել: Մի մոռացեք, որ մեզ մոտ փախստականները կազմել են բնակչության 12 տոկոսը: Ես գտնում եմ, որ մեր հարևանի համեմատ, Հայաստանի կառավարությունը լուծել է գոնե մեկ խնդիր՝ ոչ մի փախստական փողոցում չի մնացել: Ադրբեջանն ընտրել է ավելի դաժան եղանակ. նա շարունակում է իր փախստականներին պահել վրանային քաղաքներում:
Մեզ մոտ հանրակացարաններում և անապահով կացարաններում ապրողները շատ են, բայց եզակի են դեպքերը, երբ փախստականը հայտնվել է փողոցում:
Բայց, կացարանների խնդիրը լուծելով հանդերձ, կառավարությունը չի կարողացել լուծել աշխատանքի խնդիրը՝ ամենաօրհասական խնդիրը, որը կա մինչև այսօր, ինչի պատճառով մարդիկ փակում են իրենց բնակարանները և գնում են արտագնա աշխատանքի:
Օրենսդրական ոլորտում ի՞նչ խնդիրներ եք տեսնում:
Հայաստանը մինչև 1998 թվականը ղեկավարվում էր «Փախստականների կարգավիճակի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով», և միայն 2008թ. ընդունեց օրենք «Փախստականների և ապաստանի մասին»:
Խնդիրն այն է, որ պետությունները, որոնք ընդունել են նույն էթնոսի պատկանող փախստականներ, նրանց երբեք չեն դրել նույն հարթության վրա, ինչ օտարերկրացի փախստականներին՝ և՛ իրավունքների, և՛ պարտականությունների առումով: Օրենքում այս բացը կա:
Մենք միշտ պնդել ենք, որ չի կարելի նույն էթնոսին պատկանող փախստականին ազատել ՀՀ բանակում ծառայելու պարտականությունից, ինչը և՛ միջազգային պրակտիկան է ցույց տալիս որ սխալ է, և՛ իրողությունը ցույց տվեց:
Ի՞նչ էին անում, տարիներ շարունակ փախստականներին պարտադրաբար և անօրինական ձևով տանում էին բանակ ծառայելու: Հետո եկավ մի պահ, ասացին, որ փախստականները չպետք է ծառայեն: Եվ դա պառակտում առաջացրեց ազգի մեջ: Մարդիկ ասում էին՝ ինչո՞ւ իմ որդին պիտի ծառայի, իսկ փախստականի որդին՝ ոչ:
Մենք միշտ ասել ենք, որ հայ փախստականների նկատմամբ այլ մոտեցում պետք է լինի, օտարազգիների նկատմամբ՝ այլ: Իսկ բոլոր նրանց, ովքեր ասում էին, թե ՄԱԿ-ի կոնվենցիան է ասում, որ փախստականները պետք է ազատվեն զինվորական ծառայությունից, մենք ապացուցեցինք, որ դա այդպես չէ, Կոնվենցիան ասում է, որ պետությունն է լուծում այդ խնդիրը:
Մեր փախստականների մասին օրենքը, առանձին վերցրած, վատը չէ: Բայց, գիտեք, Հայաստանում կա մի մեծ անջրպետ օրենքի և իրավակիրառ պրակտիկայի մեջ:
Իսկ վերջին տարիներին արաբական երկրներից Հայաստան եկած փախստականներն ի՞նչ վիճակում են:
Նրանք այլ խմբի են պատկանում: Մենք ամեն տարի էլ ունենում ենք տարբեր երկրներից Հայաստան գաղթած և փախստականի կարգավիճակ ստացող մարդիկ: Բայց դրանք առանձին դեպքեր են, և օտարազգիները քիչ են: Հիմա աշխարհը բաց է և բոլորը գիտեն, որ Հայաստանում սոցիալ-տնտեսական վիճակն այն չէ: Այնպես որ, ես կարծում եմ և հույս ունեմ, որ փախստականների նման մեծ հոսք այլևս էլ չի լինի:
Հարցազրույցը՝ Մերի Ալեքսանյանի