Անվավեր Ճանաչվեցին միայն երկու ընտրատեղամասերում

Թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը Արա Ռուբենի Սիմոնյանի' թիվ 10 ընտրատարածքում ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին որոշում է ընդունել: 

Մինչ  այդ հիշյալ հանձնաժողովը քննարկել է ստացված բոլոր դիմում-բողոքները, որի արդյունքում հանձնաժողովը անվավեր է ճանաչել ընտրատարածքի երկու տեղամասերում հունվարի 10-ին անցկացված քվեարկության արդյունքները՝ թիվ 10/15 և թիվ 10/19 տեղամասերում։

Այդ տեղամասերում ընտրախախտումների վերաբերյալ նյութերը կուղարկվեն դատախազություն: Հանձնաժողովը մերժել է թիվ 10/34 ընտրատեղամասում քվեարկության արդյունքները չեղյալ հայտարարելու դիմումը' հիմնավորելով, որ  դրանում մատնանշված են ոչ թե կոնկրետ կեղծիքների, այլ վիճաբանությունների եւ բռնությունների փաստեր, որոնցով պետք է զբաղվեն իրավապահ մարմիննները:

Ըստ հրապարակված նախնական տվյալների Արա Սիմոնյանը  «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանից շուրջ 2600 ձայն ավելի էր ստացել:

Բազմաթիվ են վկայությունները(ընդդիմության, դիտորդների ու լրագրողների), որ այդ ընտրությունները ուղեկցվել են կեղծիքներով, բռնություններով եւ ահաբեկությամբ։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիտորդները հունվարի 10-ի ընտրությունների օրը ականատես են եղել բազմաթիվ խախտումների՝ այդ թվում նաև ահաբեկումներ, լրագրողներին ու դիտորդներին ուղղված բանավոր և ֆիզիկական սպառնալիքներ։ Դեսպանատունը հայաստանյան իշխանություններին կոչ է արել «հետաքննել բոլոր խախտումները, որոնց մասին հաղորդվել է, պարզել դրանց համար պատասխանատուների ինքնությունը եւ գործ հարուցել նրանց նկատմամբ»։

Մենք ուրախ ենք տեսնել, որ պահանջված վերահաշվարկները ընթանում են որոշ տեղամասերում, եւ որ իշխանությունները անվավեր ճանաչեցին արդյունքները այն տեղամասերում, որոնցում քվեարկության նորմալ ընթացքը խաթարված էր», - «Ազատության» ռադիոկայանին ասել է դեսպանատան խոսնակ Թոմաս Միթնախթը։

Երեկ գլխավոր դատախազությունը տարածել է մի հաղորդագրություն թիվ 10 ընտրատարածքում արձանագրված խախտումների վերաբերյալ. հունվարի 12-ի դրությամբ ստացվել է 1 հաղորդում, եւս 7 հաղորդման ընթացք է տրվել դատախազության նախաձեռնությամբ՝ ԶԼՄ-ների մոնիտորինգի արդյունքում:

Ըստ հաղորդագրության դատախազությունը ցուցում է տվել ոստիկանությանը ստուգել թիվ մի քանի ընտրատեղամասերում ԶԼՄ-ների ներկայացուցիչների, դիտորդների, վստահված անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, քվեարկության արդյունքները կեղծելու, ուրիշի փոխարեն քվեարկելու վերաբերյալ հրապարակումներում մատնանշված հանգամանքները եւ օրենքով սահմանված կարգով ընթացք տալ:

Ժաննա Ալեքսանյան