Նիկոլ Փաշինյանը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ  երեքշաբթի օրը հրապարակեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դատավճիռը։ Դատարանը անմեղ ճանաչեց Փաշինյանին Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով(ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելը), փոխարենը, նրան մեղավոր ճանաչեց և 7 տարվա ազատազրկման դատապարտեց 225 հոդվածի 1-ին մասով(զանգվածային անկարգությունների կազմակերպում)։ Դատարանն ավելի մեծ պատժաչափ սահմանեց, քան պահանջել էր մեղադրող կողմը։

Մեղադրող Կորյուն Փիլոյանը դատարանին միջնորդել էր Փաշինյանին դատապարտել 8 տարվա ազատազրկման' 2 տարի' ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու, եւ 6 տարի' զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար:

Նիկոլ Փաշինյանի պաշտպաններ Երվանդ Վարոսյանի և Լուսինե Սահակյանի համար հրապարակված վճիռը անսպասելի էր:

«Գործնականում դատարանները գոնե մի տարի պահանջված պատժաչափից ավելի ցածր են տալիս, այս պարագայում հակառակն էր, փաստորեն», - նշեց փաստաբանը,- «Արդար դատավճիռ, իհարկե, չէինք ակնկալում դատարանից, քանի որ հայաստանյան դատարանները վաղուց արդարադատություն չեն իրականացնում»:

Լուսինե Սահակյանի գնահատմամբ' ձեւականություն էր Փաշինյանին Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասով արդարացնելը.

«Սա ձեւականություն է, որպեսզի դատարանը փորձեր ցույց տալ, որ իբրեւ թե ինքը որոշ դեպքերում կարողանում է արդարադատություն իրականացնել:»:

Պաշտպանը համոզմունք հայտնեց, որ դատարանը պատժեց Նիկոլ Փաշինյանին քաղաքական գործունեության համար:

 Լուսինե Սահակյանը հաստատեց, որ իրենք անպայման կդիմեն վերադաս ատյաններ, սակայն որևէ ակնկալիք չունեն նաև Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններից:

 «Փաստորեն էլի միակ ճանապարհը մնում է եվրոպական դատարանը: Հայաստանում, փաստորեն, մենք չենք կարողանում հասնել նրան, որ արդարադատություն իրականացվի և մենք ստիպված չլինենք դիմել միջազգային ատյաններին»,- ասաց փաստաբանը:

Մեղադրող դատախազ Կորյուն Փիլոյանը չէր ներկայացել դատարան' վատաոռջության պատճառով: Դատարանի առջեւ հավաքված հարյուրավոր քաղաքացիներ մեղադրում են իշխանություններին իրենց վանկարկումներով: Հավաքվածների մեջ կային մարդիկ, ովքեր այսուհանդերձ, հույս ունեին, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանն այնուամենայնիվ կարդարացնի «Հայկական Ժամանակի» խմբագրին:

Դատարանում էին նաև ընդդիմության առաջնորդներից ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը:

«Հստակ պատվեր կատարվեց:Ամեն գնով ուզում են Փաշինյանին պահել անազատության մեջ: Սա խայտառակ դատավարությունների շղթայի մեկ օղակն էր, իսկ մարտի մեկի իրական մեղավորները դեռ ազատության մեջ են»,-ասաց նա:

Դատավճռի հրապարակումից հետո Կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը  դատարանին «Լինչի դատարան» արտահայտությամբ որակեց, իսկ դատավճիռը՝ քաղաքական պատվերի արդյունք։

«Մարտի 1»-ի գործով անցնող մեղադրյալներից շատերի համար դատարանն այնպիսի դատավճիռներ էր սահմանում, որ հնարավորություն էր ստեղծվում դատապարտյալներին համաներման միջոցով ազատ արձակել, իսկ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին ազատազրկեցին 7 տարով:

Ժաննա Ալեքսանյան