ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Իրավապաշտպանի գործով դատաքննությունը կրկին հետաձգվեց

Հատուկ քննչական ծառայությունում կարճվել է Արշալույս Հակոբյանի գործով տուժողներ Վահե Բադալյանին ու Աշոտ Սարգսյանին պատասխանատվության ենթարկելու մասին քրեական գործի հարուցումը: Այս մասին այսօր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց դատախազ Հունան Բաբայանը՝ դատավոր Ավետիսյանից խնդրելով մեկ շաբաթ ժամանակ՝ փաստաթղթերն ուսումնասիրելու համար։ Ի դեպ, քրեական գործը կարճվել էր դեկտեմբերի 28-ին և փաստաթղթերն ուսումնաիրելու համար դատախազը մոտ մեկ ամիս ժամանակ ուներ դրանց ծանոթանալու։
Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ, իրավապաշտպան Արշալույս Հակոբյանի դատավարությունն հետաձգվում է 3-րդ անգամ։ Նրա դեմ քրեական գործը հարուցվել է 2009 թ. նոյեմբերի 28-ին։ Արշալույս Հակոբյանը մեղադրվում է «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն» գործադրելու մեջ(Քր.Օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մաս): Մեղադրանքն առաջադրվել է բացառապես չորս ոստիկանների ցուցմունքների հիման վրա:
«Միայն իմ խոսքը ոստիկանների ցուցմունքների դիմաց ոչինչ է,- ասաց Արշալույս Հակոբյանը,- Ես ո՞նց կարող էի ինքս ինձ ծեծել՝ միաժամանակ սեռական բնույթի հայհոյանքներ տայլով ու լացելով, հիմա՞ր էի ինքնուրույն մեջքս քերծեի, գլուխս հարվածեի մեքենայի բռնակին»։
Ըստ գործի նյութերի' հունիսի 5-ին ոստիկանները այցելել են Հակոբյանի տուն' Հատուկ քննչական ծառայությունից ծանուցագիր հանձնելու, սակայն վերջինս հարբած է եղել, հայհոյել, սխալ տեղում ստորագրել, չի ենթարկվել ոստիկանների պահանջներին, հետո սկսել է հարվածել նրանց: Արդյունքում «օգնության հասած» Կենտրոնի ոստիկանության երկու աշխատակիցների ուղեկցությամբ նրան տարել էին ոստիկանություն:
Մեղադրող կողմը դեռևս հոկտեմբերի 16-ին պետք է հանդես գար մեղադրական ճառով: Սակայն հրաժարվեց և մեկ ամիս ժամանակ խնդրեց, քանի որ գործում նոր ապացույցներ էին հարկավոր:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի 5-ին' ժամը 10.00-ին:
Քրիստինե Վարդանյան
