ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Բռնություն է կիրառվել ոչ միայն Վահանի նկատմամբ

Վահան Խալաֆյանի սպանության վերաբերյալ սխալ տեղեկություն հրապարակած ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը պետք է վաղուց հրաժարական տված լիներ: Այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
«Դանակի երկու հարվածով ինքնասպանություն չի լինում,- ասաց Սաքունցը' շարունակելով,- թող հրավիրեն իրենց մասնագետներին, խորհրդատուներին. մարդը մեկ անգամից ավելի չի կարող դանակով ինքն իրեն հարվածել»։ Ոստիկանապետը հայտարարեց, որ կպատժի բոլոր մեղավորներին, սակայն, մինչ օրս երկրորդ օպերը' Գարիկ անունով ազատության ու ծառայության մեջ է: Տոնոյանը ևս ծառայության մեջ է: Նրանք կրող են նաև կալանքի տակ գտնվողների, նրանց հարազատների վրա ճնշում կիրառել:
«Սարգիս Հացպանյանը ազատազրկման մեջ է «սուտ մատնության» համար, ապա ինչու Ոստիկանապետին նման մեղադրանք չի առաջադրվում: Էլի եմ կրկնում, նա պիտի անմիջապես հրաժարական տար: Բացի այդ որևիցե պաշտոնատար անձ հարկ չհամարեց նույնիսկ ցավակցել Խալաֆյանի ընտանիքին»,-հայտարարեց Սաքունցը:
Ինչ վերաբերում է Խալաֆյանի մահվան հանգամանքներին, ապա իրավապաշտպանները տարակուսանք հայտնեցին, որ առանց դատաբժշկական փորձաքննության արդյունքների, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, գլխավոր դատախազը դարձյալ պնդում են, որ ինքնասպանություն է տեղի ունեցել:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցն ու «Լրագրողներ' հանուն մարդու իրավունքների» կազմակերպություն նախագահ Ժաննա Ալեքսանյանը եղել են Չարենցավանում, զրուցել կալանավորված ու այժմ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող երեք տղաներից մեկի' Դավիթ Գյուլումյանի հարազատների հետ:
«Այնպիսի տպավորություն է, որ փորձ է արվում Չարենցավանի դեպքը կենտրոնացնել միայն Վահան Խալաֆյանի սպանության վրա, ինչն, անշուշտ, շատ կարևոր է, սակայն երևույթն ունի մի շարք կողմեր: Բռնություն է կիրառվել ոչ միայն Վահանի, այլև ոստիկանության բաժին բերման ենթարկված մյուս երիտասարդների նկատմամբ»,-« այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընդգծեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
«Այդ մարդիկ հաղթահարելով իրենց վախը' խոսեցին, այլևս ուրիշ ելք չտեսնելով: Պարզվեց Չարենցավանի ոստիկանությունը սկսած 2003 թ-ից բացահայտ տեռորի է ենթարկել այդ խեղճ, սոցիալապես անապահով ընտանիքին: Դավիթի հարազատները պատմում էին, որ Տոնոյանը' ոստիկանության պետի տեղակալը, ում չարենցավանցիները «զոն նայող» են ասում, անարգել մտնում է իրենց տուն, երբ ցանկանում է, սպառնում է ու փնտրում Դավիթին: Ասում էին'Դավիթը տնից օրերով գնում էր, որ նրան չհանդիպի: Անգամ պատմում էին, որ երբ Տոնոյանը գալիս էր, Դավթի մանկահասակ երեխան վախվորած ասում էր' մամ, էլի եկավ», պատմում էր Ժաննա Ալեքսանյանը։
«Եթե Դավիթ Գյուլումյանի կամ նրա հարազատների հետ որևէ բան պատահի՝ իրենք իրենց վնասեն կամ ցւոցմունքներից հրաժարվեն, ապա ողջ պատասխանատվությունն ընկնում է նախաքննության մարմնի վրա»,- հայտարարեց Սաքունցը:
Ինչ վերաբերում է Հատուկ քննչական ծառայության հաղորդագրություններին Արթուր Սաքունցն այստեղ միտում է տեսնում.
«Միտումը հետևյալն է. ՀՔԾ-ն հետո է իմանում, որ ոստիկանություն բերման են ենթարկված եղել ևս երկու քաղաքացիներ'Նորայրն ու Արայիկը, ում արդեն իսկ դեպքի հաջորդ օրերին հանդիպել եմ: Սա խիստ կասկածելի է: Եթե ես կարողացել եմ Վանաձորից գալ, գտնել նրանց ու զրուցել, ապա ՀՔԾ-ի ռեսուրսներն այնքան են, որ այն կարող էր ավելի հանգիստ գտնել ու խոսել նրանց հետ»,- տարակուսանք է հայտնում Սաքունցը:
Ավելին' նրանց վերադարձվել են իրենց անձնագրերը, ինչն, ըստ Սաքունցի, այդքան էլ հեշտ չէ, ու տղաները, ովքեր կարող էին կարևոր վկայություններ տալ գործի առթիվ, հեռացել են Հայաստանից: Սրանք այն վկաներն են, ովքեր պատմել են, որ ոստիկանությունում կողքի սենյակից լսել են ծեծվող Վահանի ձայնը:
Սաքունցն ասում է, որ ՀՔԾ-ն պետք է պարզեր, թե ինչու են վերը նշված անձանց 12-15 ժամ պահել ոստիկանությունում։ Նորայրին Սաքունցը տեսել է անկողնում պառկած ու հազիվ խոսելիս: Նրանք երկուսն էլ ոստիկանական բաժանմունքում բռնության են ենթարկվել: Ի դեպ, Արայիկն այնտեղ մնացել է 12, իսկ Նորայրը՝ 15 ժամ։ Բռնությունների առթիվ որևէ գործ չի հարուցվել:
Իրավապաշտպանը տեղեկացրեց, որ ապրիլի 13-ին Ոստիկանության Չարենցավանի բաժանմունք գողության կասկածանքով բերման ենթարկված հինգ քաղաքացիներից երկուսը'Նորայր Չիլյանն և Արայիկ Առաքելյանը ազատ են արձակվել և այժմ բացակայում են երկրից, երեքը կալանավորված են:
Զարուհի Մեջլումյան
Հ.Գ. Նույն օրը ՀՔԾ-ն հաղորդագրություն տարածեց, որտեղ ասված է. «Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը տեղեկացնում ենք, որ հարցաքննությունների ընթացքում հարազատները հերքել են կիրառված բռնությունների վերաբերյալ Ա.Սաքունցի հնչեցրած հայտարարությունները»:
