ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Միգրացիոն սպառնալիքներ

ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հրապարակած վիճակագրության համաձայն' 2010թ.-ի առաջին 8 ամիսներին «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններով ՀՀ-ից անվերադարձ մեկնածների թիվը կազմել է 61 հազար մարդ: Ընդ որում 2008թ.-ից սկսած գրանցվել է արտագաղթի նոր ալիք, որը կապում են մարտիմեկյան դեպքերի հետ, և որին տրվել է պայմանական «երրորդ ալիք» անվանումը, քանի որ այն առանձնանում է նրանով, որ արտագաղթողները ֆինանսապես ապահով ընտանիքներից են:
Պատկերացնելու համար, թե 61 հազար մարդը որքան է կազմում, նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմում էր 47 հազար: Այսինքն, արտագաղթի ծավալներն աճել են 38,7 տոկոսով: Եվ սա այն դեպքում, երբ 2009-ը ճգնաժամային տարի էր համարվում, իսկ արդեն այս տարին' ճգնաժամի հաղթահարման տարի: Ստացվում է, որ եթե այսպես շարունակվի, մոտ 30 տարի հետո Հայաստանում մարդ չի մնա:
Ինչ վերաբերում է ոչ հայկական հետազոտություններին, ապա հետաքրքիր է նշել, որ Gallup international հետազոտական կենտրոնի մասնագետները, ուսումնասիրելով 2009-ին ԱՊՀ-ի երկրներում առկա միգրացիոն միտումները, նշում են, որ Հայաստանից մշտապես հեռանալու ցանկություն ունի երկրի բնակչության 39 տոկոսը: Սա այն դեպքում, երբ Վրաստանում այդ տոկոսը կազմում է 14, իսկ Ադրբեջանում' 12 տոկոս:
Երբ 90-ականներին մարդիկ լքում էին Հայաստանը, պատճառները շատ պարզ էին' անկայուն քաղաքական իրավիճակ, փլուզված տնտեսություն, գոյություն չունեցող սոցիալական ապահովության համակարգ, ինչն էլ առաջացնում էր քաղաքացու, մարդու համար ապագայի նկատմամբ հույսի, հավատի կորուստ: 20 տարի է անցել, սակայն մարդիկ դեռ լքում են Հայաստանը և կարծես պատճառներն էլ շատ չեն փոխվել' առկա է ապագայի նկատմամբ թերահավատությունը: Մի՞թե հայ ազգն է թերահավատ, թե բարեփոխումներն են Հայաստանի կողքով գալիս ու անցնում:
Հարցին կարելի է բազմաթիվ պատասխաններ տալ, բայց մենք կքննարկենք երկու կարևորագույն հիմնահարցեր, որոնք էլ որոշիչ են ցանկացած երկրի բնակչության թվի տատանումների համար: Առաջին օրինակը վերաբերում է տնտեսության ոլորտում ապրանքների գների գրանցված աճին: 2010թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ Հայաստանի սպառողական շուկայում արձանագրվել է 1 տոկոս գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 9,1 տոկոս: Այդ մասին նշված է Ազգային վիճակագրական ծառայության 2010թ-ի հոկտեմբերի 29-ին հրապարակած տեղեկատվությունում։ 2009 թ. դեկտեմբերի համեմատ գնաճը կազմել է 5,8 տոկոս։
Այսինքն, տասներկուամսյա կտրվածքով գնաճը գտնվում է իր առավելագույն բարձր մակարդակի վրա' վերջին 4 տարիների ընթացքում։
Սա այն դեպքում, երբ պետական բյուջեի մասին օրենքով Կենտրոնական բանկին հանձնարարվել էր 2010թ.-ին գնաճը պահել 4+-1,5 տոկոս միջակայքում։
2010թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է պարենային ապրանքների 1.6 տոկոս գնաճ, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել ձու, միրգ, կաթնամթերք, հացամթերք ապրանքախմբերի համապատասխանաբար 20.9, 10.9, 3.9 եւ 2.6 տոկոս գնաճը: 1
2010թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 0.9% գնաճ: Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, գնաճը մեծապես պայմանավորվել է հագուստի' 0.9-2.0%, կոշկեղենի' 3.4%, ոսկերչական ապրանքների' 7.3% գնաճով:
2010թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի' համապատասխանաբար 1.1% և 1.6% գնաճ: Ընդ որում, 2010թ. հոկտեմբերին 2009թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի' համապատասխանաբար 3.9% և 11.8% գնաճ: 2
Ինչպես վերը նշված զեկույցներից կարելի է ենթադրել, երկրում տեղի են ունեցել լուրջ գնային փոփոխություններ' մասնավորապես գների աճ, որոնք էլ համապատասխանաբար ենթադրում են, որ պիտի նաև տեղի ունենա աշխատավարձերի աճ, քանի որ օրինակ մինիմալ աշխատավարձը, որ այսօր կազմում է 30 000դրամ, իսկ 2011թ-ի հունվարի 1-ից կազմելու է 32 500 դրամ, ըստ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագծի, չի բավականացնի բարենպաստ կենսամակարդակ ստեղծելու համար, իսկ ավելացրած 2500 դրամը շատ բան չի փոխի: Ընդ որում, ինչպես նշում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, «Աշխատավարձի ավելի մեծ աճը կբերի մակրոտնտեսական կայունության խախտման և կհանգեցնի լրացուցիչ զգալի ծախսերի, որի համար 2011թ-ի պետական բյուջեի նախագծով միջոցներ նախատեսված չեն»: 3
Այսպիսով, կարծես թե կառավարությունը բախտի քմահաճույքին է թողնում ժողովրդին և նրա' ապրուստի համար գումարի հայթայթման գործընթացը: Պատկերացրեք, եթե ինչ-որ պատերազմի ժամանակ ժողովուրդն էլ մարտի կեսից հետագա պայքարը թողներ ղեկավարների ուսերին:
Այժմ դիտարկենք մեկ այլ ոլորտ' առողջապահության ոլորտը' մասնավորապես հղի կանանց մասին վերջերս առաջարկված նախագիծը: Համաձայն «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքի նախագծի, եթե ներկայումս մայր դարձած կանայք 140 օրացուցային ազատ օրվա հնարավորություն ունեն, որոնց համար պետությունը նրանց տալիս է նպաստ, ապա նոր օրենքով նրանց կվճարվի ընդամենը 100 օրվա համար, քանի որ ոչ աշխատանքային օրերի համար նրանք նպաստ չեն ստանա: Հավանաբար կառավարությունում մտածում են, որ երեխա պահելու համար ևս գոյություն ունեն հանգստյան օրեր: Նախագծով սահմանվում է նպաստի սահմանափակում: Այսինքն, եթե կնոջ աշխատավարձը 150.000 դրամից (մոտ 420 դոլար) ավելի է, ապա նպաստները հաշվարկելու համար հիմք է լինելու 150.000 դրամ գումարը:
Որոշ մասնագետներ նման քայլը հիմնավորում են նրանով, որ այդպես փորձ է արվում պայքարել գործատուների կողմից իրականացվող անօրինականությունների դեմ, երբ վերջիններս հղիության վերջին ամիսներին աշխատանքի են ընդունում կանանց' պետության հաշվին նպաստներ ստանալու նպատակով:
Այսինքն, համաձայն ենք այն կարծիքի հետ, որ կառավարությունը փորձում է պայքարել անօրինական քայլեր կատարող անձանց դեմ կանանց, այն էլ հղի կանանց և ապագա մայրերի միջոցով: Հարց է առաջանում, թե արդյոք կառավարության անդամների և ընդհանրապես պետության ղեկավարության շարքերում չկա՞ մտավախություն, որ կանանց մոտ առանց այն էլ ոչ այնքան մեծ ցանկությունը մեկից ավելի երեխա ունենալու իսպառ կվերանա: Սա պետք է որ նաև լուրջ ռազմավարական խնդիր լինի Հայաստանի նման փոքրաթիվ բնակչություն ունեցող երկրի համար, հատկապես, երբ բախվում ենք այնպիսի ցուցանիշների հետ, ինչպիսիք են անպտղության 32 տոկոս գործակիցը: Ընդ որում, գիտնականների հաշվարկներով' 2020 թ. այսօրվա համեմատ Հայաստանի բնակչության թիվը կավելանա ընդամենը 200 հազարով, այն դեպքում, երբ Ադրբեջանում բնական աճը կկազմի 1.2 միլիոն, Թուրքիայում' 10.9, իսկ Իրանում 11.3 մլն մարդ:
Կարծում ենք, որ դիտարկելով այս երկու օրինակները, ուր թվերը բավականին խոսուն են, կարելի է պարզ պատկերացնել, թե միգրացիան կանխելու հարցում ինչպիսի հետևանքներ ունի նախորդող տարիներին վարած անհեռատես քաղաքականությունը, և ինչպիսի հետևանքներ կունենա այդ քաղաքականությունը, եթե չկրի փոփխություններ հետագա տարիներին: Միգրացիան Հայաստանից ամբողջությամբ կանխել հավանաբար երբևիցե հնարավոր չի լինի, սակայն մի՞թե դա նշանակում է, որ կառավարությունը չպիտի հետամուտ լինի ճիշտ քայլեր ձեռնարկելու' սպիտակ ցեղասպանությունից խուսափելու համար:
Սոֆյա Մանուկյան
Աղբյուր' www.hra.am
_________________________________
1. Հայաստանում գնաճը հասել է պիկի' 9,1 տոկոս մակարդակի
2. 2010թ. հոկտեմբերին Հայաստանում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.9%-ով
3. Կառավարությունը մերժեց «Ժառանգություն» խմբակցության' նվազագույն աշխատավարձը 45 հազար դրամ սահմանելու առաջարկը
