ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ե՞րբ պատրաստ կլինի եզրակացությունը

«Էն ժամանակ ձեր հարցերը չեք լուծել, հիմա մեզ կրակն եք գցել»,- այսպիսի պատասխան է տվել Տիգրան Օհանջանյանի գործով ստեղծված փորձագիտական հանձնաժողովի նախագահ Նելլի Խոստիկյանը Տ.Օհանջանյանի մորը՝ Գոհար Սարգսյանին, երբ նա գնացել է հետաքրքրվելու հանձնաժողովի աշխատանքներից:
Հիշեցնենք, որ ժամկետային զինծառայող Տիգրան Օհանջանյանը մահացել է 2007 թվականին, Վարդենիսի զորամասերից մեկում, նախնական պաշտոնական վարկածով՝ էլեկտրահարումից, ինչը հերքվել է 2-րդ դատաբժշկական փորձաքննությամբ, և Վերաքննիչ դատարանը գործը ուղարկել է նոր նախաքննության։
Առողջապահության նախարարի 10.09.2010թ. հրամանով ձևավորվել է 10 փորձագետից բաղկացած հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի գործով եղած ապացույցները և հայտնաբերի մահվան իրական պատճառը։ Տիգրանի ծնողներն ասում են, որ մինչ օրս հանձնաժողովն ընդամենը 2 նիստ է գումարել:
Վերջին անգամ քննիչին և հանձնաժողովի նախագահին Տիգրան Օհանջանյանի ծնողները հանդիպել են դեկտեմբերի վերջին: Նրանք ասել են, որ հավանաբար տոներից հետո հանձնաժողովի եզրակացությունը կլինի:
Տիգրանի ծնողները նաև հանցագործության մասին հայտարարություն են ներկայացրել հատուկ քննչական ծառայություն, որով տեղեկացնում են, որ Տ.Օհանջանյանի գործով նախորդ քննիչը կեղծել է գործով եղած ապացույցները, սակայն հայտարարությունը անհիմն են համարել: Գոհար Սարգսյանը բերում է այն փաստարկը, որ կան մի շարք իրեղեն ապացույցներ, որոնք դատարանում չեն ճանաչվել, այդ պատճառով էլ վերաքննիչ դատարանը գործը ուղարկել է նոր նախաքննության: «Դրա համար պետք է լինեն, չէ՞ պատասխանատուներ, բայց ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել: Չեմ հասկանում, մեզ ինչ ծուղակի մեջ են գցել»,- ասում է նա:
Տ.Օհանջանյանի ծնողները բազմիցս դժգոհություն են հայտնել, որ գործի քննությունը ներկայումս վարող քննիչ Լևոն Պետրոսյանը ոչինչ չի ձեռնարկում իրենց որդու մահվան իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ. իրենց ոչ մի միջնորդություն չի բավարարվում, չեն հարցաքննվում կարևոր վկաներ, մինչ օրս ճշտված չէ դեպքի իրական վայրը:
«Այդ դեպքում ինչո՞ւ բացարկ չեք հայտնում քննիչին»,- www.hra.am-ի հարցին տիկին Գոհարը պատասխանեց, որ նախորդ քննիչից հրաժարվելուց հետո երկար ժամանակ պահանջվեց, մինչև նոր քննիչը գործին ծանոթացավ: Նա մտավախություն ունի, որ այդ կերպ իրենք շատ ժամանակ կկորցնեն, սակայն չի բացառում, որ այսպես շարունակվելու դեպքում իրենք բացարկ հայտնեն նաև Լևոն Պետրոսյանին:
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
