ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՇՊԱԿ կենտրոններում հունվարին գրանցվել է 566 դիմում-բողոք
2011 թ-ի հունվար ամսին Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոններում գրանցվել է 566 դիմում-բողոք, որից 49-ը` կոռուպցիայի վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց Երևան քաղաքի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնի (ՇՊԱԿ) ղեկավար Մարատ Ատովմյանը, դիմում-բողոքներից 430-ը գրանցվել են մարզային կենտրոններում, 136-ը` երևանյան: «Գնալով աճում է դիմումների քանակը:
Հիմնականում դրանք վերաբերում են իրավապահ մարմինների, սոցիալական ապահովության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ աշխատանքներին»,-ասաց Մ. Ատովմյանը` տեղեկացնելով, որ կոռուպցիային վերաբերող դիմումներից 41-ը գրանցվել է մարզերում, 8-ը` Երևանում: ՇՊԱԿ-ի ղեկավարի հավաստամամբ` դիմում-բողոքներ ամենաշատը գրանցվել է Արագածոտնի մարզում` 92, իսկ ամենաքիչը` Տավուշում` 23 դիմում-բողոք:
«Տարվա այս եղանակին հիմնական բողոքները գրանցվում են հեռախոսազանգերի միջոցով, սակայն լինում են նաև այցելություններ և գրավոր դիմում-բողոքներ»,-հայտնեց Մ. Ատովմյանը` հավելելով, որ բողոքները գնալով շատանում են, սակայն դա պայմանավորված է ոչ թե կոռուպցիայի կամ այլ խախտումների ավելացմամբ, այլ իրազեկման բարձրացմամբ: «Երևանում բնակչության տեղեկացվածությունն ավելի բարձր է, քան մարզերում, այդ իսկ պատճառով էլ մենք մեծ աշխատանք են տանում այդ ուղղությամբ` ամենատարբեր միջոցներով հասարակությանը իրազեկելով մեր գործունեության մասին»,- նշեց նա:
Ստեղծվելով և ֆինանսավորում ստանալով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի (ՀԳՄԾ) կողմից` Երևանի ՇՊԱԿ-ը ծառայում է որպես քաղաքացիների բողոքների ընդունման գրասենյակ, որտեղ կոռուպցիայից տուժած անձինք կարող են ստանալ անվճար իրավաբանական աջակցություն:
Աղբյուր՝ armenpress.am
