Հոգևորականները բողոքել են ՀԸ-ից

Փետրվարի 15-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ զինված ուժերում ծառայող 46 հոգևոր սպասավորներին` գլխավորությամբ բանակի հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի:

Իր խոսքում Նորին Սրբությունն անդրադարձավ բանակում հոգևորականների կարևոր դերակատարությանը` ընդգծելով, որ եկեղեցականը պետք է մշտապես լինի հայ զինվորի կողքին, կերտի նրա հայրենասեր և քրիստոսասեր ոգին` նրա կյանքը շաղախելով քրիստոնեական մնայուն արժեքներով: «Ձեր ծառայությամբ է նաև մեծապես պայմանավորված բացառումը բանակում ցավալի երևույթների ու միջադեպերի: Հոգևոր ամրությունն է, որ պայմանավորում է անպարտելիությունը և հաղթանակները բանակի», - նշեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Այնուհետև հոգևորականները ներկայացրեցին սպասավորության մեջ առկա դժվարությունները: Ի թիվս տարբեր խնդիրների, նրանք նաև առանձնակի կարևորությամբ շեշտեցին, որ այսօրվա հեռուստատեսային հաղորդումները չեն նպաստում երիտասարդ սերնդի հայրենասիրական դաստիարակությանը:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին և հոգևոր սպասավորներին` մաղթելով հաջողություններ և բարի արդյունքներ իրենց ծառայության մեջ:

Աղբյուր՝ http://www.a1plus.am