ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ոչ ծանր հանցագործությունների համար ազատազրկումը լավագույն տարբերակը չէ. Հրայր Թովմասյան

Արդարադատության նախարարությունը Եվրոպայի խորհրդի հետ համատեղ նախաձեռնել է ընդլայնել ՀՀ օրենսդրության մեջ ազատազրկում չնախատեսող պատժատեսակները: Սկզբունքը հետևյալն է՝ պատժատեսակը պետք է համաչափ լինի գործած հանցանքին: Հայաստանում են եվրոպացի փորձագետներ, որոնց հետ համատեղ հայ փորձագետները մարտի 16-17-ը պետք է քննարկեն այլընտրանքային պատժատեսակների հնարավորությունները Հայաստանում:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը կարծում է, որ Քրեական օրենսգրքով նախատեսված պատժատեսակները հաճախ պիտանի չեն ցանկալի արդյունքի հասնելու համար. «Հատկապես ոչ ծանր հանցագործությունների համար ազատազրկումը լավագույն միջոցը չէ: Աշխարհում եվրոպական երկրները գնում են այլ ճանապարհով, մասնավորապես, տնային կալանք, հանրային աշխատանք և այլն, որոնք շատ ու շատ արդյունավետ են իրենց նպատակին ծառայելու համար»:
Նախարարի ներկայացրած տվյալներով՝ ներկայումս ՀՀ քրեակատարողական հիմնարկներում 5100-ից ավելի ազատազրկված կա, որից շուրջ 1200-ը նախնական կալանքի տակ են: Ազատազրկման դատապարտվածների շուրջ 30 տոկոսի նկատմամբ, ըստ Հ.Թովմասյանի, կարելի է կիրառել այլընտրանքային պատժատեսակներ:
Պետությունը ազատազրկված մեկ անձի համար օրական ծախսում է 3600 դրամ:
Եթե Հայաստանում կիրառվի հանրային աշխատանքի ինստիտուտը, նախարարի համոզմամբ՝ դրանից կշահի և՛ պետությունը, և՛ տվյալ մարդը:
«Ազատազրկման ձևով պատիժ կրողը հասարակության համար խնդիրներ է առաջացնում: 5-6 տարի ազատազրկման վայրում գտնվողը կորցնում է իր մասնագիտական ունակությունները: Դուրս գալուց հետո երբեմն սոցիալական խնդիրներ է առաջացնում. քայքայված է ընտանիքը, երեխաների դաստիարակությունը, որպես կանոն, աշխատանք այլևս չի կարողանում գտնել, որովհետև նրա վրա կա «նստած-հելածի» պիտակը»,- ասում է նախարարը:
Ըստ Հ.Թովմասյանի՝ վերականգնողական և հասարակության մեջ վերաինտեգրման արդյունավետ մեխանիզմների բացակայության պատճառով ազատազրկման վայրից դուրս եկած մարդը կրկին հայտնվում է քրեակատարողական հիմնարկում:
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
