ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայ ազգային կոնգրեսը «վերանվաճեց» Ազատության հրապարակը (Վիդեո)

2008-ի մարտյան իրադարձություններից երեք տարի անց՝ մարտի 17-ին, ՀԱԿ-ի հանրահավաքի մասնակիցների մուտքը Ազատության հրապարակ ընդդիմադիրները գնահատեցին որպես «հաղթանակ»։
Մատենադարանի հարակից տարածքում ժամը 17։00-ին մեկնարկած հանրահավաքից հետո մասնակիցները երթով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ, որը այդ պահին օղակված էր ոստիկանների կողմից։
ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի և ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի միջև բանակցություններից հետո Թումանյան փողոցի կողմից հրապարակ տանող մուտքը բացվեց, և մարդիկ մտան Ազատության հրապարակ։
Հրապարակում ընդդիմադիրներից ոմանք մոտեցան այնտեղ երկու օր գիշերող Րաֆֆի Հովհաննիսյանին, ով «հաղթանակ» որակեց տեղի ունեցածը, սակայն մտադիր է շարունակել անժամկետ հացադուլը այնքան, որքան «Աստված ուժ կտա, և առողջությունը կների»։
Հանրահավաքի մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ տեղի չունեցան։ ՀԱԿ ղեկավարների կողմից ժամանակ առ ժամանակ հանդարտության կոչեր էին հնչում, ժողովրդին հորդորում էին հանդես բերել զսպվածություն և հիշել, որ «ոստիկանները ժողովրդի մի մասն են»։
Մինչ երթը Մատենադարանի մոտ ունեցած ելույթի ժամանակ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը կարևորեց առաջնահերթ 3 պահանջների կատարումը. «Այս փուլում մենք ակնկալում ենք քաղբանտարկյալների ազատ արձակումը, Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու հնարավորության ընձեռումը և մարտի 1-ի սպանությունները բացահայտելու վերաբերյալ պաշտոնական հավաստիացումը, որոնք այս փուլում բավարար հիմք կարող են հանդիսանալ իշխանության հետ երկխոսություն սկսելու համար»։
Նա պարզաբանեց, որ նախորդ հանրահավաքին հնչեցրած պահանջների կատարման վերջնաժամկետը վերաբերել է ոչ թե ամբողջ փաստաթղթին, այլ միայն նրա առաջին կետին` քաղբանտարկյալների ազատ արձակմանը։
«Մենք մաքսիմալիստ չենք, և առայժմ իշխանությանը անկյուն սեղմելու մտադրություն չունենք։ Նշված երեք պահանջները հեշտությամբ լուծելի խնդիրներ են։ Ուստի հուսանք, որ հաջորդ հանրահավաքում, որը տեղի կունենա ապրիլի 8-ին, մենք ստիպված չենք լինի իշխանության հետ խոսել հիրավի վերջնագրի լեզվով, թեև նրա անհաղորդության պարագայում դա բացառված չէ»,- արդեն Ազատության հրապարակում ժամը 21։00-ին ունեցած ելույթի ժամանակ հայտարարեց Տեր-Պետրոսյանը՝ հավելելով, որ մյուս խնդիրների լուծման համար ավելի երկար ժամանակ է պահանջվում։
«Մենք ըմբշամարտի կամ քիքբոքսինգի դուրս չենք եկել, մենք շախմատ ենք խաղում, իսկ շախմատը առանց ուղեղի, առանց ռազմավարության վերածվում է կլոունադայի»,- հայտարարեց ՀԱԿ առաջնորդը՝ խնդրելով վերջ տալ «հիմա» վանկարկումներին, քանի որ իրենք գիտեն, թե երբ է գալու այդ պահը։
Կարինե Իոնեսյան
Մերի Ալեքսանյան
Սոֆյա Մանուկյան
Սոֆյա Ավագյան
Արման Դանիելյան
Աղբյուրը՝ www.hra.am
