ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Պաշտպանելու պարտավորություն. կանխարգելե՞լ, թե՞ միջամտել

Բոլոր պետությունները պարտավոր են իրենց բնակչությանը պաշտպանել զանգվածային բռնություններից, էթնիկ զտումներից ու ցեղասպանություններից: Եթե նրանք ձախողում են, ապա միջազգային հանրությունը պարտավոր է արձագանքել և օգնել: Եթե խնդիրն, այնուամենայնիվ, չի լուծվում, միջազգային հանրությունը պետք է միջամտի:
Այս երեք հիմնասյուներն են ընկած 2005 թվականին ՄԱԿ-ի կողմից ընդունված «Պաշտպանելու պարտավորություն» (Responsibility to Protect կամ R2P) նորմի հիմքում, որի նպատակն է կանխել մարդկության դեմ ուղղված ոճրագործությունները և պաշտպանել խաղաղ բնակչությանը:
Այս նորմին հավանություն է տվել նաև Հայաստանի հանրապետությունը: Մինչդեռ քաղաքական գործիչների, գիտնականների, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների շրջանում ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի կատարած հարցումները ցույց են տվել, որ R2P նորմի մասին իրազեկվածության մակարդակը շատ ցածր է:
ՄԱԿ-ի ասոցիացիաների համաշխարհային դաշնությունը (WFUNA) իրականացնում է «Պաշտպանելու պարտավորություն. համախմբելով հանրային և քաղաքական կամքը» ծրագիրը, որին այս տարվա ապրիլին միացել է ՄԱԿ-ի հայկական ասոցիացիան: Ներկայումս ծրագիրն իրականացվում է Հայաստանում և Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունում, առաջիկա տարիներին ծրագրին կմիանան նաև այլ երկրների ասոցիացիաներ:
«Ինչո՞ւ հենց Հայաստանը, որովհետև, կարծում եմ, Հայաստանը, ունենալով պատմական նախադեպ, առաջինը պետք է պահանջի կանխել նման ոճրագործությունները և պաշտպանել մարդկանց: Ինչպե՞ս կարող ենք մենք անտարբեր լինել, երբ Ռուանդայում, Դարֆուրում, Կոտ դ'Իվուարում նման ոճրագործություններ են տեղի ունենում: Պահանջում ենք աշխարհից ընդունել մեր ցեղասպանությունը, որը եղել է 100 տարի առաջ, և անտարբե՞ր լինենք այսօր կատարվող ոճրագործությունների նկատմամբ»,- ասում է ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի նախագահ Արմինե Պոդոսյանը:
Նրա խոսքերով՝ R2P նորմը հաճախ սխալ են մեկնաբանում՝ շեշտը դնելով երրորդ հիմնասյան վրա, որը հնարավորություն է տալիս միջազգային հանրությանը միջամտել երկրի ներքին գործերին: Սակայն այս նորմն առաջին հերթին ունի կանխարգելիչ բնույթ.
«Նորմի ամբողջ իմաստը առաջին և երկրորդ հիմնասյուներն են' կանխարգելումը և ժամանակին արձագանքումը, որ չհասնի երրորդին՝ միջամտությանը: Այսինքն՝ առաջին հերթին պետությունները պետք է իրենց քաղաքացիներին պաշտպանեն բռնություններից»,- նշում է Պոդոսյանը՝ հավելելով, որ միջամտելու վերաբերյալ որոշում կայացնողը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն է:
Նրա խոսքերով՝ 2009թ. հետո ավելի շատ պետություններ հավանություն տվեցին R2P-ին, որովհետև ավելի ճիշտ մատուցվեց:«Պաշտպանելու պարտավորություն» ծրագրի ազգային համակարգող Ամալյա Գրիգորյանը, որպես միջամտության օրինակ, բերում է Լիբիան:
Ամալյա Գրիգորյանը նկատում է, որ թեև ԶԼՄ-ները լուսաբանում են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները և իրավիճակը, սակայն տեղյակ չեն R2P նորմի մասին: «Դրանք թարգմանված և «copy paste» արված լուրեր են հիմնականում: Հետաքննական կամ խորը վերլուծական նյութեր չկան, թե ինչո՞ւ ռազմական գործողություններ սկսեցին կամ ինչո՞ւ այդպես եղավ»,- ասում է նա:
Ամալյա Գրիգորյանի խոսքերով՝ ծրագրի հիմնական նպատակն է R2P նորմի վերաբերյալ իրազեկումը: Նա կարևորում է քաղաքացիական հասարակության դերը R2P-ի իրականացման հարցում, որովհետև «երբ կա հանցագործությունների կանխման խնդիր, առաջին հերթին արձագանքում են ՀԿ-ները»:Եռամյա ծրագիրը ներառելու է R2P-ի վերաբերյալ գիտելիքների և իրազեկության մակարդակի բարձրացմանն ուղղված դասընթացներ, թեմայի վերաբերյալ քաղաքական քննարկումներ, նորմի վերաբերյալ տեղեկատվության տարածում և լուսաբանում ԶԼՄ-ների միջոցով:
Ծրագրի ազգային համակարգողը համոզված է, որ իրազեկումը գործիք է, որն անուղղակիորեն բերելու է մարդկանց կյանքի իրավունքի պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը:
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
