ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում կոռուպցիայի մակարդակը չի նվազել

Հայաստանում կաշառակերության մակարդակը նախորդ տարվա համեմատ ո՛չ նվազել է, ո՛չ էլ՝ աճել. այս մասին այսօր փաստեց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը:
Հայաստանի համաթիվը նախորդ տարվա պես 2.6 տասնորդական է, որը 0-10 միավորների սանդղակում համարվում է ամենավատ ցուցանիշներից մեկը։ Այս տարի դիտարկվել են 182 երկրներ, որոնց շարքում Հայաստանը զբաղեցնում է 123-րդ տեղը։
Կաշառակերությունը չի նվազել մեր երկրում, բայց եթե համեմատենք օրինակ՝ 2007թ.-ի տվյալների հետ, առկա է դանդաղ նվազման ցուցանիշ։ Իսկ 2003թ-ի համեմատ, երբ Հայաստանի ցուցանշը գրեթե 3 էր, նվազումն ավելի ակնհայտ է դառնում:
Նշենք, որ համաթիվ ասելով, նկատի չունենք մասնավոր սեկտորում տիրող կոռուպցիան. այստեղ խոսքը գնում է հանրային ոլորտի, պետական հաստատությունների մասին:
Հոկտանյանը հիշեցնում է, որ կաշառակերությունը չի ենթադրում միայն բուն կաշառքը. պետական միջոցների մսխումը ու բյուջեի թալանը, խնամչության երևույթները, երբ բանկերը կաշառքով վարկեր էին տալիս ու չէին վերադարձվում, ինչի արդյունքում էլ տեղի ունեցավ 2008թ. ծանր տնտեսական ճգնաժամը, ևս կաշառակերության մաս են կազմում:
«180 երկրներից ընդամենը 49 երկրների դեպքում է, որ կոռուպցիայի ընկալման համաթիվը 5-ից բարձր է: Էմպիրիկ հետազոտությունները նշում են, որ եթե 5-ից բարձր է, դա նորմալ է համարվում»,- ասում է Վարուժան Հոկտանյանը:
Հայաստանը այդ ցուցանիշից բավականին հեռու է, ի տարբերություն այն երկրների, որոնք նախորդ տարվա համեմատ առաջընթաց են արձանագրել: Նորվեգիան, Թայվանը Ռուանդան, Վրաստանը և Չադն առաջընթաց են արձանագրել, իսկ Հայիթին, Օմանն անցյալ տարվա համեմատ նահանջել են:
Հոկտանյանը նշում է, որ ամբողջ քարտեզը հիմնականում կարմիրով կարելի է ներկել, քանի որ աշխարհի մեծ մասը կոռումպացված է: Անգամ այն երկրները, որտեղ կա ժողովրդավարություն ու բավականին ճանաչված երկրներ են համարվում, կա կոռուպցիա: Նա մասնավորեցրեց Սիրիայի, Լիբիայի, Հունաստանի և Իտալիայի նման երկրները:
Հայաստանում կաշառակերության մասին հայտարարությունները փակ սենյակում ընդունելուն և դրանց գաղտնիությունն ապահովելուն Հոկտանյանը թերահավատորեն է վերաբերվում:
«Որոշ երկրներում դա նպաստել է կոռուպցիայի էական նվազեցմանը՝ Սինգապուրում, Հոնկոնգում ու որոշ եվրոպական երկրներում: Մեր դեպքում կա միջազգային պարտավորություն, որ Հայաստանում էլ նման մեխանիզմներ ներդրվեն, բայց ես օպտիմիստորեն չեմ վերաբերվում այդ պրակտիկային, քանի որ մեզ մոտ համակարգային կոռուպցիա է, իսկ այն անձը, ով կհայտնի, կարող է լուրջ ռիսկի տակ հայտնվել ու չի բացառվում, որ դա օգտագործվի քաղաքական հաշվեհարդարների համար»,- համոզված է նա:
Հոկտանյանի կարծիքով՝ օրենսդրական փոփոխությունները չեն կարող ոչինչ փոխել, եթե չլինի պետական կամք. «Ավելի կոպիտ ասած, կոռուպցիային վերջ դնելը նման է ծխելը թարգելուն, որը ևս կամքի ուժ է պահանջում»:
«Կոռուպցիոն հանցագործությունները պետք է պատժվեն ու ոչ թե մեկ- երկու էպիզոդիկ ձևով, այլ հետևողականորեն: Կոչ չեմ անում բոլորին բանտարկել, բայց մյուս կողմից պետք է լինի հետևանք, որ քաղաքացին տեսնի դրա ազդեցությունը, հակառակ դեպքում նա կասի, որ ուղղակի հաշիվ են մաքրում»,- ասում է «Թրանսփարենսի ինթերնեշնլի» տնօրենը:
Հայաստանում ընտրությունների շրջանում ևս զարգանում է կաշառակերությունը: Հոկտանյանի կարծիքով՝ Հայաստանի ամենացավոտ կողմերից մեկն է, քանի որ քաղաքական կոռուպցիայի բարձր մակարդակներ ենք տեսնում ընտրությունների ժամանակ՝ վարչական ռեսուրսի չարաշահում, ընտրակաշառք և այլն:
Կոռուպցիոն ռիսկերի առկայությունն ակնհայտ է նաև կրթության ոլորտում։ Նախորդ տարի Կովկասյան հետազոտական ռեսուրս կենտրոնի ուսումնասիրությունների համաձայն՝ համաշխարհային կոռուպցիայի տեսանկյունից կրթության ոլորտն ամենակոռումպացված էր Հայաստանում:
Չնայած տարիներ շարունակ մեր պետությունն իրականացնում է բազմաթիվ հակակոռուպցիոն ծրագրեր, այնուամենայնիվ սայլը տեղից չի շարժվում և Հայաստանում կաշառակերության մակարդակը դեռևս չի նվազում։
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am
