Դեկտեմբերի 10. մարդու իրավունքների պաշտպանության ամենալուրջ խնդիրն արդար դատաքննության պակասն է

Դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների  պաշտպանության միջազգային օրն է: Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակն առաջին անգամ անցկացրեց  «Մարդու իրավունքների EXPO»: Մարզահամերգային համալիրում տեղակայված տաղավարները ներկայացնում էին մարդու իրավունքների տարբեր ոլորտներում տեղի ունեցող ձեռքբերումներն ու ձախողումները:

«Ես չեմ խոսի մուրացիկ երեխաների, ծայրահեղ աղքատության մեջ հայտնված մարդկանց, ծեծված կանանց, անմարդկային վերաբերմունքի ենթարկվող կալանավորի կամ զինծառայողի, խտրական վերաբերմունքի արժանացած փոքրամասնության ներկայացուցչի, անտուն ու անապահով փախստականի, տնային բանտարկության մատնված հաշմանդամություն ունեցողի մասին: Այս ամենի մասին առավել գունեղ և տպավորիչ կպատմեն մեր տաղավարներում ներկայացված պաստառները, տեսանյութերն ու հրատարակությունները»,-իր խոսքում նշեց մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:

Ամփոփելով 2011թ.-ը' Կ. Անդրեասյանը շեշտեց, որ Հայաստանի անկախությունից ի վեր ու նաև այս տարվա մարդու իրավունքների պաշտպանության ամենասուր և ամենահամակարգային խնդիրն արդար դատաքննության պակասն է:

Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված կլոր-սեղան քննարկում է այսօր տեղի ունեցել  Պաշտպանության նախարարությունում: Քննարկման ժամանակ ընդգծվել է, որ քայլեր են ձեռնարկվում հաջորդ տարի ուսումնական ծրագրերում «Մարդու իրավունքները զինված ուժերում» դասընթացը ներդնելու ուղղությամբ: ՊՆ բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվել է համապատասխան քայլեր ձեռնարկել զինված ուժերում մարդու իրավունքների հարցերի վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով:

Իսկ Հայ ազգային կոնգրեսն այսօր երթի էր հրավիրել մարդկանց: Երևանի կենտրոնական փողոցներով  քայլելիս երթի մասնակիցները վանկարկել են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի դրույթները:

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրն ընդունվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 3-րդ նստաշրջանի ընթացքում՝ 1948 թ-ի դեկտեմբերի 10-ին, Փարիզում:

Աղբյուրը՝ www.hra.am