Առանց հասարակական մասնակցության Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե

Հայտարարություն

2005թ. նոյեմբերի 10-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակում
տեղի ունեցավ մամլո ասուլիս՝ նվիրված Սահմանադրական բարեփոխումներին:

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախապատրաստման և հանրաքվեին նախորդող
ժամանակաշրջանի ընթացքի վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն արտահայտում է իր
դիրքորոշումը.

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դեմ է Սահամանադրական
փոփոխությունների հանրաքվեին:

Սահմանադրական փոփոխությունների մշակումը իրականացվեց մարդու և քաղաքացու
իրավունքների խախտումներով, Սահմանադրական փոփոխություններին հասարակական
մասնակցության չապահովումը արդեն իսկ չի նպաստում Հայաստանի Հանրապետությունում
ժողովրդավարության զարգացմանը:

Այս մասին խոսում են մի քանի փաստեր.

  • Սահմանադրության փոփոխությունների գործընթացում ՀՀ Ազգային Ժողովի ամբիոնը
    օգտագործվեց ոչ նպատակային, ծառայելով որպես փոխադարձ վիրավորանքների և սեփական
    քաղաքական շահերի ապահովման միջոց,
  • Սահմանադրական փոփոխությունների ընթացքի վերաբերյալ այդպես էլ չապահովվեց
    հասարակական մասնակցություն և իրազեկում,
  • Սահմանադրական փոփոխությունների գործընթացում չձևավորվեց քաղաքացիական
    հասարակության՝ հանձինս հասարակական կազմակերպությունների լայն մասնակցության
    հնարավորություն և պայմաններ, որը Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունների կարևոր
    կետերից էր:

ՀՀ Ազգային Ժողովի կողմից հաստատված Սահմանադրության փոփոխությունների վերջնական
տարբերակին դժվար է միանշանակ գնահատական տալ: Դրական փոփոխություների հետ
միաժամանակ կան վտանգավոր դրույթներ, որոնք հնարավորություն չեն տալիս ձևավորել
հստակ դիրքորոշում;

  •  Նախագծի 19-րդ հոդվածի առաջին մասը սահմանում է. «Յուրաքանչյուր ոք ունի իր
    խախտված իրավունքը վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկյացված մեղադրանքի
    հիմնավորվա-ծությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության
    բոլոր պահանջ-ների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ
    ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք
    »: Նախագիծը խոսում է խախտված
    իրավունքների մասին, չի սահմանում գործի քննության իրավունքը: Ոչ բոլոր դեպքերում
    է, որ քաղաքացին դիմում է դատարան իրավունքի խախտման համար, նա կարող է դիմել նաև
    իրավունքի ճանաչման խնդրանքով: Հետևաբար պետք էր շել, որ «Յուրաքանչյուր ոք ունի իր
    գործի հրապարակային քննության... իրավունք»:
  • Փոփոխություններով 20-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Յուրաքանչյուր ոք ունի
    ձերբակալման, խափանման միջոցի ընտրման կամ մեղադրանքի առաջադրման պահից իր
    ընտրությամբ պաշտպան ունենալու իրավունք
    »: Հոդվածը չի ամբողջացնում, և բաց է
    թողնում հարցը, որ մարդն իրավունք ունի պաշտպան ունենալ այն պահից, երբ նրան
    կանչում են ոստիկանություն: Փաստորեն Սահմանադրության փոփոխությունը չի ապահովում
    վկայի պաշտպանության ինստիտուտը:
  • Սահմանադրության նախագծում բացարձականացված է երկքաղաքացիության իրավունքը, դրա
    սահմանման և կարգավորման կարևոր հարցերը թողնված են օրենքի վրա: Տվյալ դեպքում
    օրենսդրին հնարավորություն է ընձեռնվում սահմանել երկքաղաքացիությունը,
    երկքաղա-քացիություն ունեցող անձանց իրավունքներ և պարտականութուններ տալ իր
    հայեցողությամբ: Այս տեսակետից Սահմանադրությունը հետընթաց է, ոչ թե առաջընթաց:
  • Գործող Սահմանադրության 8-րդ հոդվածը սահմանում է, որ սեփականության օտարումը
    հասարակության և պետության համար կարող է կատարվել միայն օրենքի հիման վրա: Սա
    ենթադրում է, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում Աժ-ը պարտավոր է ընդունել առանձին
    օրենք: Սահմանադրության փոփոխությունների նախագծի 31 հոդվածը սահամանում է, որ դա
    կարող է կատարվել օրենքով սահմանված կարգով: Այս տերմինը ենթադրում է, որ օրենքով
    կարելի է մարդուն զրկել սեփականության իրավունքից: Տվյալ դեպքում մարդուն
    սեփականության իրավունքից զրկելու մեխանիզմները պետության համար հեշտացված են:
  • Չի ապահովված հավասարակշռությունը ՀՀ Նախագահի և Ազգային ժողովի միջև. ՀՀ Ազգային
    ժողովը զրկված է կառավարություն կազմելու հնարավորությունից, երբ հավանություն չի
    տալիս նախագահի առաջարկին:

Նման պայմաններում, և «Այո» և «Ոչ» քարոզարշավը չի լուծում խնդիրը: Նման
գործելակերպը վերստին նշանակում է ընտրողների օգտագործում ընթացիկ քաղաքական
նպատակների համար, նշեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Ավելին,
Սահմանադրության փոփոխությունների անցումային դրույթներով նախատեսվում է
Սահմանադրության կարևոր սկզբունքների գործադրում միայն երկու տարի հետո: Սա ևս
բացասաբար կանդրադառնա քաղաքացիների կողմից պետության գլխավոր փաստաթղթի նկատմամբ
վստահության վրա: Սահմանադրական փոփոխությունները հանրաքվեով անցնելու դեպքում,
կունենանք մի վիճակ, երբ ընդունված փաստաթուղթը կգործի ընդունված փոփոխությունների
հետ միասին, գտնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարը:

Այս իրավական խառնաշփոթից խուսափելու միակ տարբերակը, Սահմանադրական
փոփոխությունների նոր գործընթացի ձևավորումն է՝ հստակ ժամանակացույցով և
հասարակական լայն մասնակցային ապահովման մեխանիզմներով, և Սահմանադրական
փոփոխությունները ընդունումից հետո անմիջապես գործելու մեխանիզմների մշակմամբ:

Նոյեմբերի 11-ից Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ իր դիրքորոշումը
հանրությանը ներկայացնելու և ծանոթացնելու նպատակով կկազմակերպի հասարակական
քննարկումներ քաղաքացիների շրջանակում:

Մանրամասն տեղեկությունների համար դիմել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի
Վանաձորի գրասենյակ:

Վանաձոր, Տիգրան Մեծի 59,

հեռ. /322/ 4-22-68,

էլ.փոստ՝
hcav@hcav.am,

ինտերն. էջ՝ www.hcav.am