NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Առանց հասարակական մասնակցության Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե
Հայտարարություն
2005թ. նոյեմբերի 10-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակում
տեղի ունեցավ մամլո ասուլիս՝ նվիրված Սահմանադրական բարեփոխումներին:

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախապատրաստման և հանրաքվեին նախորդող
ժամանակաշրջանի ընթացքի վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն արտահայտում է իր
դիրքորոշումը.
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դեմ է Սահամանադրական
փոփոխությունների հանրաքվեին:
Սահմանադրական փոփոխությունների մշակումը իրականացվեց մարդու և քաղաքացու
իրավունքների խախտումներով, Սահմանադրական փոփոխություններին հասարակական
մասնակցության չապահովումը արդեն իսկ չի նպաստում Հայաստանի Հանրապետությունում
ժողովրդավարության զարգացմանը:
Այս մասին խոսում են մի քանի փաստեր.
- Սահմանադրության փոփոխությունների գործընթացում ՀՀ Ազգային Ժողովի ամբիոնը
օգտագործվեց ոչ նպատակային, ծառայելով որպես փոխադարձ վիրավորանքների և սեփական
քաղաքական շահերի ապահովման միջոց, - Սահմանադրական փոփոխությունների ընթացքի վերաբերյալ այդպես էլ չապահովվեց
հասարակական մասնակցություն և իրազեկում, - Սահմանադրական փոփոխությունների գործընթացում չձևավորվեց քաղաքացիական
հասարակության՝ հանձինս հասարակական կազմակերպությունների լայն մասնակցության
հնարավորություն և պայմաններ, որը Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունների կարևոր
կետերից էր:
ՀՀ Ազգային Ժողովի կողմից հաստատված Սահմանադրության փոփոխությունների վերջնական
տարբերակին դժվար է միանշանակ գնահատական տալ: Դրական փոփոխություների հետ
միաժամանակ կան վտանգավոր դրույթներ, որոնք հնարավորություն չեն տալիս ձևավորել
հստակ դիրքորոշում;
- Նախագծի 19-րդ հոդվածի առաջին մասը սահմանում է. «Յուրաքանչյուր ոք ունի իր
խախտված իրավունքը վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկյացված մեղադրանքի
հիմնավորվա-ծությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության
բոլոր պահանջ-ների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ
ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք»: Նախագիծը խոսում է խախտված
իրավունքների մասին, չի սահմանում գործի քննության իրավունքը: Ոչ բոլոր դեպքերում
է, որ քաղաքացին դիմում է դատարան իրավունքի խախտման համար, նա կարող է դիմել նաև
իրավունքի ճանաչման խնդրանքով: Հետևաբար պետք էր շել, որ «Յուրաքանչյուր ոք ունի իր
գործի հրապարակային քննության... իրավունք»: - Փոփոխություններով 20-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Յուրաքանչյուր ոք ունի
ձերբակալման, խափանման միջոցի ընտրման կամ մեղադրանքի առաջադրման պահից իր
ընտրությամբ պաշտպան ունենալու իրավունք»: Հոդվածը չի ամբողջացնում, և բաց է
թողնում հարցը, որ մարդն իրավունք ունի պաշտպան ունենալ այն պահից, երբ նրան
կանչում են ոստիկանություն: Փաստորեն Սահմանադրության փոփոխությունը չի ապահովում
վկայի պաշտպանության ինստիտուտը: - Սահմանադրության նախագծում բացարձականացված է երկքաղաքացիության իրավունքը, դրա
սահմանման և կարգավորման կարևոր հարցերը թողնված են օրենքի վրա: Տվյալ դեպքում
օրենսդրին հնարավորություն է ընձեռնվում սահմանել երկքաղաքացիությունը,
երկքաղա-քացիություն ունեցող անձանց իրավունքներ և պարտականութուններ տալ իր
հայեցողությամբ: Այս տեսակետից Սահմանադրությունը հետընթաց է, ոչ թե առաջընթաց: - Գործող Սահմանադրության 8-րդ հոդվածը սահմանում է, որ սեփականության օտարումը
հասարակության և պետության համար կարող է կատարվել միայն օրենքի հիման վրա: Սա
ենթադրում է, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում Աժ-ը պարտավոր է ընդունել առանձին
օրենք: Սահմանադրության փոփոխությունների նախագծի 31 հոդվածը սահամանում է, որ դա
կարող է կատարվել օրենքով սահմանված կարգով: Այս տերմինը ենթադրում է, որ օրենքով
կարելի է մարդուն զրկել սեփականության իրավունքից: Տվյալ դեպքում մարդուն
սեփականության իրավունքից զրկելու մեխանիզմները պետության համար հեշտացված են: - Չի ապահովված հավասարակշռությունը ՀՀ Նախագահի և Ազգային ժողովի միջև. ՀՀ Ազգային
ժողովը զրկված է կառավարություն կազմելու հնարավորությունից, երբ հավանություն չի
տալիս նախագահի առաջարկին:
Նման պայմաններում, և «Այո» և «Ոչ» քարոզարշավը չի լուծում խնդիրը: Նման
գործելակերպը վերստին նշանակում է ընտրողների օգտագործում ընթացիկ քաղաքական
նպատակների համար, նշեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Ավելին,
Սահմանադրության փոփոխությունների անցումային դրույթներով նախատեսվում է
Սահմանադրության կարևոր սկզբունքների գործադրում միայն երկու տարի հետո: Սա ևս
բացասաբար կանդրադառնա քաղաքացիների կողմից պետության գլխավոր փաստաթղթի նկատմամբ
վստահության վրա: Սահմանադրական փոփոխությունները հանրաքվեով անցնելու դեպքում,
կունենանք մի վիճակ, երբ ընդունված փաստաթուղթը կգործի ընդունված փոփոխությունների
հետ միասին, գտնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարը:
Այս իրավական խառնաշփոթից խուսափելու միակ տարբերակը, Սահմանադրական
փոփոխությունների նոր գործընթացի ձևավորումն է՝ հստակ ժամանակացույցով և
հասարակական լայն մասնակցային ապահովման մեխանիզմներով, և Սահմանադրական
փոփոխությունները ընդունումից հետո անմիջապես գործելու մեխանիզմների մշակմամբ:
Նոյեմբերի 11-ից Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ իր դիրքորոշումը
հանրությանը ներկայացնելու և ծանոթացնելու նպատակով կկազմակերպի հասարակական
քննարկումներ քաղաքացիների շրջանակում:
Մանրամասն տեղեկությունների համար դիմել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի
Վանաձորի գրասենյակ:
Վանաձոր, Տիգրան Մեծի 59,
հեռ. /322/ 4-22-68,
էլ.փոստ՝
hcav@hcav.am,
ինտերն. էջ՝ www.hcav.am
