ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայտարարություն «Լոբբիստական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների «Գործընկերություն հանուն բաց
հասարակության» նախաձեռնությունը իր մտահոգությունն է հայտնում ՀՀ կառավարության
կողմից հավանությանն արժանացած և ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Լոբբիստական
գործունեություն մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:

«Լոբբիստական գործունեության մասին» օրենքը ներկայացված խմբագրությամբ Ազգային
ժողովի կողմից ընդունվելու դեպքում լուրջ խոչընդոտ կհանդիսանա քաղաքացիական
հասարակության համար` օրենսդրական դաշտի ձևավորման և օրինաստեղծ աշխատանքների
մասնակցային գործընթացի ապահովման համար:
«Լոբբիստական գործունեության մասին» օրենքի նախագիծը անընդունելի է հետյալ մի շարք
նկատառումներից ելնելով, որոնք ներառում են, սակայն չեն սահմանափակվում հետևյալով`
- Հայաստանում լոբբիզմի ինստիտուտը գոյությոուն չունի և օրենքի նախագծով
առաջարկվող կարգավորումը ոչ մի կերպ չի նպաստում այդ ինստիտուտի կայացմանը: - Հայաստանի Հանրապետությունն, ընտրելով եվրաինտեգրման ճանապարհը,
համապատասխանեցնում է իր օրենսդրական դաշտը եվրոպական օրենսդրության հետ:
Եվրամիության ընդհանուր օրենսդրությունը չի պարունակում լոբբիստական գործունեության
վերաբերյալ իրավական ակտ, իսկ Եվրամիության անդամ երկրների ազգային
օրենսդրությունները` բացառությամբ մեկ երկրի, նույնպես չեն պարունակում նմանատիպ
օրենքներ: Ավելին, եվրոպական երկները, ունենալով լոբբիստական գործունեության
զարգացած փորձ, չեն նախատեսում լոբբիստների գրանցման և հավատարմագրման այնպիսի
սահմանափակող համակարգ, որն առաջարկվում է «Լոբբիստական գործունեության մասին»
օրենքի նախագծով: - Օրենքի նախագիծը հստակորեն չի սահմանում կարգավորման ոլորտը և առարկան:
Օրենսդրական կարգավորման առումով, լոբբիստական գործունեությունը պետք է
սահմանափակվի լոբբիստների կողմից իրականացվող մասնագիտական ձեռնարկատիրական
գործունեությամբ` վճարովի հիմունքներով ներկայացնելով և պաշտպանելով երրորդ անձանց`
իրենց պատվիրատուների շահերը: Սակայն օրենքի նախագծի համաձայն` յուրաքանչյուր անձ
կամ կազմակերպություն, որի գործունեությունը ուղղված է իրավական ակտերի ընդունմանը,
փոփոխմանը կամ դրանց գործողության դադարեցմանը, հանդիսանում է «Լոբբիստական
գործունեության մասին» օրենքի կարգավորման սուբյեկտ: - Օրենքի նախագիծը առաջարկում է լոբբիստների գործունեության սահմանափակող
պայմաններ, որոնք ներառում են երկյակի գրանցման, հաշվետվությունների, ծանուցումների,
վարվելակերպի և մի շարք այլ պահանջներ: - Օրենքի նախագիծի պարունակում է մի շարք իրարամերժ դրույթներ, որոնք անհնար են
դարձնում օրենքի գործնական կիրառումը:
Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորման և զարգացման առաջին և
ամենակարևոր պայմաններից մեկն է իշխանությունների կողմից որոշումների կայացման
նկատմամբ ազդեցության հնարավորությունը: «Լոբբիստական գործունեության մասին»
օրինագծով նախատեսված կարգավորման մոդելը հանդիսանում է այդ հնարավորության անտեղի
և չհիմնավորված սահմանափակում: Օրենքի նախագիծը պարունակում է բազմաթիվ դրույթներ,
որոնք սահմանափակում են հասարակական միավորումների և լայն հասարակության կողմից
շահերի պաշտպանության հնարավորությունները և դրանց մասնակցությունը` գործադիր և
օրենսդիր իշխանությունների կողմից որոշումների կայացմանը:
Հաշվի առնելով վերոհիշյալը, «Գործընկերություն հանուն բաց հասարակության»
նախաձեռնությունը կոչ է անում`
- ՀՀ կառավարությանը ետ կանչել «Լոբբիստական գործունեության մասին» ՀՀ օրենքի
նախագիծը Ազգային ժողովից հետագա քննարկման և վերանայման նպատակով, - վերանայել «Լոբբիստական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի
անհրաժեշտությունը, - բացառել օրենքի կիրառումը հասարակական կազմակերպությունների նկատմամբ:
11 նոյեմբերի, 2005թ.
