Չորս քաղբանտարկյալներ ազատ արձակվեցին

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը այսօր հրապարակել է ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի, Հակոբ Հակոբյանի, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի և Սուրեն Սիրունյանի դատավճիռները: Դատարանը նրանց մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին («Զանգվածային անկարգությունների կազմակերպում») մասով՝ պատգամավորներին և Ա. Արզումանյանին դատապարտելով  5-ական,  իսկ Ս. Սիրունյանին' 4 տարվա ազատազրկման։ Հունիսի 19-ի Ազգային ժողովի «Համաներում հայտարարելու մասին» որոշմամբ' նրանց ազատ են արձակել դատարանի դահլիճից:

«Անօրինական դատավճիռ էր: Մենք պահանջելու ենք արդարացում: Ես մինչեւ վերջ վճռական եմ լինելու: Դատավճիռը բողոքարկելու ենք ու հասնելու ենք արդարացման եւ օրինականություն ենք հաստատելու մեր երկրում»,-դատավճռի հրապարակումից հետո հայտարարել է ԱԺ պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը:   

Դատավճիռներն ընմթերցվել են նույն ժամին, սակայն տարբեր դահլիճներում։ Ազատ արձակված պատգամավորները, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանն ու Սուրեն Սիրունյանը անմիջապես մեկնել են Աբովյան, որտեղ ժամը 11-ին Կոտայքի ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվել է  Աժ պատգամավոր Սասուն Միքայելյանի դատավճիռը, որով պատգամավորը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման։ Ինչպես և նախապես հայտնի էր համաներումը նրա վրա չի տարածվել։ Դատավճռի հրապարակման պահին Սասուն Միքայելյանը երգել է հայրենասիրական երգեր, իսկ դահլիճում ներկա գտնվողները ձայնակցել են նրան։

Վիճակը բավական լարված է եղել դատարանից դուրս: Առավոտվանից դատարանի շենքը գտնվել է ոստիկանների հսկողության տակ։ Սասուն Միքայելյանի հարազատներին ու համախոհներին թույլ չեն տվել մտնել դատարանի դահլիճ։ դահլիճ մուտքի թույլտվություն չեն ստացել նաև մի քանի ժամ առաջ Երեւանում դատարանի դահլիճից ազատ արձակված քաղբանտարկյալ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանին եւ Հակոբ Հակոբյանին, ինչպես նաեւ Երեւանում նույն օրն ազատ արձակված Ալեքսանդր Արզումանյանին եւ Սուրեն Սիրունյանին։
 
Աբովյանի դատարանի դահլիճը, ինչպես և նախկինում, 7-ի գործով դատավարությունների ժամանակ, լցված է եղել քաղաքացիական հագուստով ոստիկաններով։ Դատարանի դիմաց հավաքված մեծ բազմության ճնշման տակ հաջողվել է դահլիճից հեռացրել նրանց եւ քաղաքացիների մի մասը կարողացել են տեղ զբաղեցնել դահլիճում։ Իրավիճակը էլ ավելի է սրվել դատավճռի հրապարակումից հետո։ Նրա համագյուղացիներն ու համախոհները պառկել են Միքայելյանին դատարանից տեղափոխող մեքենայի ճանապարհին՝ աղաղակելով, թե "Ուր եք տանում մեր հերոսին"։ Ճանապարհը մեքենայի համար բացել են ոստիկանական ուժերը եւ Սասուն Միքայելյանին տեղափոխող մեքենան մի կերպ հեռացել է դատարանից: