Պաշտպանության նախարարն արձագանքում է

«Զինվորական ծառայություն հենակներով»  հրապարակմանն www.hra.am/am/hr-reviews/2009/07/03/army անմիջապես  արձագանքել է  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով հուլիսի  7-ին հանդիպել է ավելի քան 13 ամիս հենակներով զինվորական ծառայության մեջ գտնվող Աշոտ Ոսկանյանին։ Նախարարի կարգադրությամբ զինվորին Վարդենիսի զինվորական հոսպիտալից բժիշկների ուղեկցությամբ տեղափոխել են պաշտպանության նախարարություն։ Հանդիպումը տեղի է ունեցել հենց նախարարի աշխատասենյակում՝ մի խումբ բժիշկների մասնակցությամբ(ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ, վնասվածքաբան)։ Սեյրան Օհանյանը անձամբ է խոսել զինծառայողի հետ և հետաքրքրվել նրա առողջական վիճակով։ Նախարարն ասել է, որ ինքը խնդրի հետ ծանոթացել է ինտերնետային հրապարակումներից։ Ներկա գտնվող բժիշկներին նախարարն ասել է, թե սովորական աչքով էլ երևում է, որ զինծառայողը ոտքերի հետ կապված խնդիրներ ունի։ Նա հրահանգել է, որ Աշոտ Ոսկանյանին ետ զորամաս չտանեն և տեղափոխեն Երևանի կենտրոնական հոսպիտալ՝ նրան բուժելու նպատակով։ Արդյունավետ բուժման դեպքում Ոսկանյանն իր զինվորական ծառայությունը կշարունակի հենց հոսպիտալում կամ էլ կզորացրվի։ Զինվորն այս պահին գտնվում է Երևանի կենտրոնական հոսպիտալում՝ բժիշկների հսկողության ներքո։

19 ամյա Աշոտ Ոսկանյանը շատ տպավորված էր Նախարարի հետ ունեցած իր հանդիպումից և շարունակ կրկնում էր. «Շատ լավ մարդ էր»։  

Զինվորի ծնողները՝ Վարդան և Քնարիկ Ոսկանյանները իրենց երախտագիտությունն են հայտնում պաշտպանության նախարարին և ակնկալում են նրա վերահսկողությունը իրենց որդու լիակատար բուժման հարցում, հատկապես որ տղայի ոտքերի հետ կապված խնդիրը բարդացել է բանակ զորակոչվելու արդյունքում։

 Ժաննա Ալեքսանյան

Հ.Գ. Ամեն ինչ սկսվում է զորակոչից, որն հետագայում արտացոլվում է բանակի ներքին կյանքում։ Զորակոչը պետք է լինի նախարարի ուշադրության կենտրոնում և խստորեն պետք է վերահսկվեն զինկոմիսարիատները։  Նախարարը կարող է տեղյակ չլինել այսպիսի արտառոց դեպքերի նասին միայն բացառիկ դեպքերում։ Եվս մի դեպքի մասին, երբ օրերս ծնողներին իրենց որդու դին հանձնեցին բանակ զորակոչվելուց ընդամենը մեկ շաբաթ հետո։ Հիվանդ զինվորին բանակ էին զորակոչել։ Ո՞վ է պատասխանատվության ենթարկվելու։ Չէ որ ՊՆ բարձրագույն սպայակազմը դուրս է օրենքից և նրանք ոչ մի դեպքում պատասխանատվության չեն ենթարկվում