ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Այսօր Երևանում մեկօրյա սուգ է հայտարարված
Կործանվել է Թեհրան -Երևան օդանավը
Երեկ Երևանի ժամանակով ժամը 12։30-ին վթարի է ենթարկվել Թեհրան-Երևան չվերթն իրականացնող «Caspian Airlines» իրանական ավիաընկերությանը պատկանող ՏՈւ-154 ինքնաթիռը, որի մեջ եղել է 168 մարդ՝ 153 ուղևորներ և 15 հոգի անձնակազմի անդամներ։ Օդանավի բոլոր ուղևորները զոհվել են։ Ուղևորներից 35-ը եղել են ազգությամբ հայեր, որոնցից 3-ը ՀՀ քաղաքացիներ։ Վթարը տեղի է ունեցել ինքնաթիռի օդ բարձրանալուց 16 րոպե անց, երբ այն եղել է մոտ 7 հազար մետր բարձրության վրա։ Ինքնաթիռի անկման վայրում՝ Թեհրանից 165 կմ դեպի արևմուտք՝ Կազվին քաղաքի տարածքում 10 մետր խորությամբ հսկայական խորշ է գոյացել, իսկ շուրջ 300 մետր քառակուսի տարածության վրա սփռված են եղել զոհերի մարմնի բեկորները։
«Ինքնաթիռում գտնվող անձանց ինքնությունը դժվար կլինի պարզել, քանի որ նրանք վերջին աստիճանի այրվածքներ են ստացել», - ըստ DPA գործակալության' ասել է Ղազվին նահանգի ոստիկանության ղեկավարը:
Ավիաաղետի կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ցավակցական խոսքով և իր զորակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին ու մերձավորներին։
Թեհրան - Երեւան չվերթն իրականացնող «Տու-154» օդանավի աղետի հետեւանքով զոհված յուրաքանչյուր ուղեւորի ընտանիք 32 հազար եվրո փոխհատուցում կստանա, սակայն ինչ ժամկետներում' դեռ պարզ չէ: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է Հայաստանում Caspian Airlines ավիաընկերության ներկայացուցչության աշխատակից Բելլա Գեւորգյանը:
«32 հազար եվրո յուրաքանչյուր ուղեւոր ապահովագրված է, եւ փոխհատուցում կտրամադրվի զոհվածների ընտանիքներին: Անկախ նրանից' որտեղի քաղաքացիներ են' բոլորը ստանալու են այդ փոխհատուցումը», - նշեց Բելլա Գեւորգյանը:
Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ «Տու-154» ինքնաթիռի վթարի կապակցությամբ Սերժ Սարգսյանը հրավիրել է արտակարգ խորհրդակցություն, ստեղծվել է կառավարական հանձնաժողով։ Վթարի իրական և ամբողջական պատճառները կպարզվեն միայն «սև արկղերի» հայտնաբերումից և դրանց տվյալների վերծանումից հետո։ Արդեն իսկ հայտնաբերվել են «սև արկղերից» երկուսը։
Աղետի կապակցությամբ Հայաստանի արտգործնախարարությունում բացվել է թեժ գիծ.տեղեկություններ ստանալու համար զանգահարել +37410562543, +37410566311 և +37410544041 հեռախոսահամարներով։
