ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՀԿԳ քննիչ նյարդային էր
Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ կշարունակվի 2007թ. մայիսի 12-ին Ոստիկանության շենքում չպարզված հանգամանքներում մահացած Լևոն Գուլյանի գործով վերսկսված դատավարությունը։ Նախորդ՝ հոկտեմբերի 23-ի դատական նիստում դատարան էր հրավիրվել գործի քննությունը վարող հատուկ կարևորագույն գործերով քննիչ Գաբրիել Պետրոսյանը, ով դատարանի որոշման համաձայն գործի հետ կապված անհրաժեշտ պարզաբանումներ պետք է տար դատարանին։ Ինչպես հայտնի է սույն քննիչն է եզրահանգման եկել, որ Գուլյանի մահը դժբախտ պատահարի արդյունք է։ Բազմաթիվ հարցեր կան գործում, որոնց պատասխանները քննության արդյունքում չեն տրվել։ Սակայն ՀԿԳ քննիչը որևէ նոր բան չպատմեց դատարանին։ Փոխարենը բավականին ագրեսիվ էր տրամադրված իր կատարած «անաչառ քննության» արդյունքին կասկածողների, մասնավորապես, փաստաբանների նկատմամբ։ Դատական նիստի ընթացքում փաստաբան Հրայր Ղուկասյանը մի քանի անգամ զգուշացրեց ՀԿԳ քննիչին չանցնել կոռեկտության սահմանները, դուք-ով խոսել և այլն, սակայն ակնհայտորեն նյարդային վիճակում գտնվող քննիչը չէր կարողանում փոխել իր տոնը։ Հարցաքննությունը նախորդ նիստում չավարտվեց։ Այն կշարունակվի այսօր։
