ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Սահմանադրական դատարանը սկսել է քննարկումը
Սահմանադրական դատարանն այսօր սկսել է Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունների սահմանադրականության հարցի քննարկումը։ Նիստի հրապարակային մասը կարճ է տևել։ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ որոշվել է հարցի քննարկումը շարունակել գրավոր ընթացակարգով և դատարանն անցել է խորհրդակցական սենյակ։
«Հաշվի առնելով միջազգային պայմանագրերի քննության առանձնահատկությունները' դատարանը որոշել է գործի քննությունը կազմակերպել գրավոր ընթացակարգով», - ասել է Գագիկ Հարությունյանը:
ՍԴ նիստին ներկա են ՍԴ-ի իննը անդամներ, ԱԺ-ի, Դաշնակցության, Ժառանգության, Հանրապետական խմբակցությունների անդամներ։
Հայաստանի նախագահի պաշտոնական ներկայացուցիչը ՍԴ-ում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն է: Արտգործնախարարության բացատրությունը ներկայացվել է գրավոր: Արձանագրություններում ամրագրված պարտավորությունների Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանության հարցով զեկուցողը Վոլոդյա Հովհաննիսյանն է։
Գագիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ դատարանը ստացել է տարբեր գրություններ:
«Սա այն հարցն է, որը ունի բացառիկ կարեւորություն: Այդ բոլոր փաստաթղթերը' գրավոր ձեւով, որոնք ներկայացվել են Սահմանադրական դատարանին, դրված են խորհրդակցական սենյակում, եւ դատարանի անդամները նույնպես կարող են դրանց ամբողջությամբ հաշվի առնել», - նշել է ՍԴ նախագահը:
Ստացվել են և գործի նյութերում ներառված են նաև Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչների գրավոր նկատառումները։ Երեկ օրվա վերջին Սահմանադրական դատարանի մոտ բազմամարդ հանրահավաքի ներկայացուցիչները ՍԴ անդամներին ներկայացրել էին իրենց գրավոր նկատառումները սույն արձանագրությունների եւ դրանում ամրագրված պարտավորությունների վերաբերյալ:
«Համոզված եմ, որ դատարանի անդամները նույնպես կծանոթանան' դռնփակ խորհրդակցության ժամանակ իրենց իրավական դիրքորոշումները հստակեցնելու առնչությամբ», հայտնել է Գագիկ Հարությունյանը։
«Դժվարանում եմ ասել որոշումը կկայացվի այսօր, թ՞ե վաղը, սակայն որոշման մասին ՍԴ-ն տեղյակ կպահի», ասել է ՍԴ նախագահը։
Դաշնակցությունն այսօր դատարանի շենքի մոտ պիկետ է կազմակերպել։Կուսակցությունը պահանջում է հակասահմանադրական ճանաչել արձանագրությունները ամբողջապես կամ գոնե մասնակի։
