ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ստորագրությունները կրկնապատկվել են
«Հասարակական Կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը հետ կանչելու բողոքի ներքո ստորագրությունները կրկնապատկվել են։ Այս մասին տեղեկանում ենք այսօր Էկոլուր տեղեկատվական կենտրոնի տարածած հաղորդագրությունից։
Շարունակվում է «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը հետ կանչելուն միտված հասարակական կամպանիան: Ինչպես «ԷկոԼուր»-ին հայտնեցին Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամից (CDPF), բողոքի ներքո ստորագրել են Երեւանի եւ մարզերի 267 հասարակական կազմակերպություններ: Կամպանիային որոշել են միանալ նաեւ ֆիզիկական անձինք' 50 ստորագրություն:
Օրինագծի քննարկումները տեղի են ունենում հասարակական սեկտորի տարբեր խմբերում: Հունվարի 22-ին CDPF-ի գրասենյակում տեղի ունեցավ նախաձեռնող խմբի նիստը, որին մասնակցեցին տարբեր ցանցերի, միությունների, հիմնադրամների ներկայացուցիչներ: Հունվարի 26-ին Կովկասի տարածաշրջանային էկոլոգիական կենտրոնի երեւանյան գրասենյակում այդ հարցը քննարկեցին նաեւ Հայաստանի էկոլոգիական ՀԿ-ների դաշինքի ներկայացուցիչները:
Օրինագծի նոր տարբերակը ՀՀ արդարադատության նախարարությունը CDPF-ին խոստացավ ներկայացնել հունվարի 28-ին: Սակայն փետրվարի 3-ի դրությամբ փաստաթղթերը դեռ չեն ներկայացվել, քանի որ, նախարարության բացատրությամբ, ստեղծվում է փաստաթղթերի լայնածավալ փաթեթ, որը նախատեսում է փոփոխություններ նաեւ մյուս օրենքներում: Հասարակական կազմակերպությունները չեն զիջում իրենց դիրքերը եւ մտադիր են շարունակել այդ օրինագիծը հետ կանչելու բողոքի ակցիան:
