«Չագուչդ կոտրվի, անարդար դատավոր»

Դատաքննության ավարտից հետո դատարանի բակում Թեղուտի պաշտպանության խումբը, «Ժառանգություն» կուսակցության երիտասարդները, մի շարք բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներ բողոքի ակցիա անցկացրեցին: Նրանք կազմակերպեցին ՀՀ Վարչական օրենսգրքի խորհրդանշական հուղարկավորություն:

Ակցիայի մասնակիցները հագել էին շապիկներ' տարբեր էկոլոգիական պատկերներով, օրինակ'  ծառ, որի մեջ խրված է կացին: Նրանք կրում էին նաև այլընտրանքային զարդեր և խորհուրդ էին տալիս չկրել հանքարդյունաբերության ոսկիներով ու արծաթներով պատրաստված զարդեր:

Թեղուտի պաշտպանության խմբի ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը մարմնավորում էր արդարադատության աստվածուհուն' Ֆեմիդային, որի մի ձեռքին կար կշեռք, իսկ մյուս ձեռքին' սուր:

«Կշեռքի մի նժարին մարդն է' իր արտաքին և ներքին էկոլոգիայով: Մենք բնությունը չենք առանձնացնում մարդուց, որովհետև պղծված բնությունը այլասերված մարդն է, մենք այս տարբերակումը չենք ընդունում: Մյուս կողմում գումարներն են, որոնք ամեն կերպ փորձում են կաշառել ինձ: Իսկ սուրս խորհրդանշում է, որ ես միշտ պատրաստ եմ ու պայքարելու եմ, եթե տեսնեմ օրինախախտություն, կասեցնելու եմ այդ պրոցեսը»,- ասաց Մարիամ Սուխուդյանը

Ակցիայի մասնակիցներից մեկը պարզել էր «Չագուչդ կոտրվի, անարդար դատավոր», գրությամբ պաստառ: Մեկ այլ երիտասարդ պարզել էր Հայաստանի և Ղարաբաղի քարտեզը' պատված «վերքերով, իսկ վերքերը խորհրդանշում են պոչամբարներն ու հանքերը: Մարիամ Սուխուդյանը, խոսելով այդ պաստառի բովանդակության մասին, ասաց.

«Մենք այդ հանքերը, պոչամբարները արյունով ենք նկարել, որովհետև դա արյուն է, եթե դա կենդանի օրգանիզմ ենք պատկերացնում, իսկ դա այդպես է, մարդիկ մոտենում են և վիրակապերով բուժում են, օպերացիայի մի ձև է»:

Մի խումբ երեխաներ դատարանի բակում գետնին նկարել էին արև, ծառ ու կացին:

Թեղուտի պաշտպանության ակցիային միացել էին նաև «Հեծանիվ +» հ/կ-ն, մի խումբ երիտասարդ երաժիշտներ, Կանանց ռեսուրսների կենտրոնի ներկայացուցիչներ: