Փաշինյանի գործով ՍԴ նիստը հետաձգվեց

ՀՀ Սահմանադրական դատարանը աշխատակարգային նիստ գումարելու համար ընդմիջում հայտարարելուց հետո որոշում կայացրեց՝ Նիկոլ Փաշինյանի գործը քննել գրավոր ընթացակարգով և հաջորդ նիստը նշանակեց ապրիլի 23-ին:

Մինչ խորհրդակցական սենյակ անցնելը՝ Փաշինյանը իր փաստաբանների միջոցով ՍԴ-ին միջնորդել էր իր հայցի քննության ընթացքում ապահովվել իր ներկայությունը, սակայն ՍԴ-ն մերժեց, և փաստաբաններ  Վահե Գրիգորյանն ու Վահե Հովսեփյանը հրաժարվեցին Փաշինյանի շահերի պաշտպանությունից՝լքելով դատարանի դահլիճը։

«Մենք հրաժարվեցինք, որովհետև ՍԴ-ն մեր մասնակցությունը դատաքննությանն օգտագործում էր մեր վստահորդի սահմանադրական իրավունքների և ազատությունների խախտման նպատակով: Մենք դատարանին հայտարարեցինք, որ մի կողմից ցանկություն չունենք, իսկ մյուս կողմից' իրավունք չունենք նման գործընթացի մեջ ներգրավվելու և մեր վստահորդի շահերի դեմ որևէ միջոցի ծառայելու»,- մեկնաբանում է Վահե Գրիգորյանը:

Փաստաբանի խոսքով՝  Փաշինյանի ներկայությունը պարտադիր է, քանի որ վերջինս ունի  ապացույցների հետազոտման, ձեռք բերման և գնահատման հետ կապված բազմաթիվ միջնորդություններ։

ԱԺ պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանը դիմել է ՍԴ և վիճարկում է թիվ 10 ընտրատարածքում հունվարի 10 -ի ընտրությունների արդյունքները:

Փաստաբանները դատավարության ընթացքում ՍԴ-ին ներկայացրեցին 5 խումբ խախտումներ, որոնք վերաբերում են Նիկոլ Փաշինյանին պատգամավորի թեկնածու գրանցումից մինչև թիվ 10 ընտրատարածքում ընտրությունների ավարտին: Այդ 5 խումբ խախտումներում տեղ էին գտել նաև մի քանի տասնյակ բռնությունները, որոնք տեղի էին ունեցել թիվ 10 ընտրատարածքում ԱԺ լրացուցիչ ընտրությունների քարոզարշավի և բուն ընտրության օրը: