ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ինքնասպանություն ոստիկանության Չարենցավանի բաժնում
23-ամյա Վահան Խալաֆյանը, ով գողության կասկածանքով երեկ հարցաքննության էր կանչվել ոստիկանության Չարենցավանի բաժին, պրոֆիլակտիկայի բաժանմունքի պետի աշխատասենյակում, պահարանում դրված սպասքեղենի միջից վերցրել է խոհանոցային դանակն ու հարվածել իր որովայնին։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության տարածած հաղորդագրությունից։
Նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Չարենցավանի» բժշկական կենտրոն, որտեղ մահացել է:
Ոստիկանության լրատվության բաժնի հաղորդմամբ՝ դեպքից մեկ շաբաթ առաջ՝ ապրիլի 6-ին, ժամը 16.05-ին, Չարենցավան քաղաքի մի բնակչուհի հաղորդում է տվել ոստիկանության Չարենցավանի բաժին՝ասելով որ իրեն պատկանող շինությունից դռան փականը բացելու միջոցով գողացել են հագուստով լի 7 պայուսակ։
Պատճառված վնասի նյութական չափը կազմել է 1 միլիոն 500 հազար դրամ:
Հանցագործության բացահայտման ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում' ոստիկանության Չարենցավանի բաժին բերման են ենթարկվել Չարենցավան քաղաքի բնակիչներ 23 ամյա Արթուր Իսպիրյանը, 34-ամյա նախկինում դիտավորյալ սպանություն կատարելու համար դատապարտված Շիրազ Մարկոսյանը, 38-ամյա նախկինում գողություն կատարելու համար դատապարտված Դավիթ Գյուլումյանը և 23-ամյա Վահան Խալաֆյանը։
Նրանք խոստովանել են, որ գողությունն իրենք են կատարել և մատնացույց են արել գողոնի գտնվելու վայրը։ Գողոնն առգրավվել է:
Ոստիկանության հաղորդմամբ՝ Վ. Խալաֆյանը ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի 07.03.2005 թ. որոշմամբ համարվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի'«Անձի պաթոլոգիկ զարգացում վարքի կոպիտ խանգարումներով, ինքնավնասումներով» ախտորոշմամբ։
ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը երեկ հրավիրած մամուլի ասուլիսում լրագրողներին ասել է, որ իր ոստիկանության աշխատակիցներին կարող է մեղադրել միայն անուշադրության համար և ցավոք ոստիկանությունը չունի համապատասխան տեխնիկական հնարավորություն, որ մինչև անձին բերման ենթարկելը լիովին պարզի նրա անձնական բնութագիրը, կենսագրությունը, տվյալներն ու հակումները՝ իմանալու համար, թե ում հետ գործ ունի:
Ըստ ոստիկանության՝ հանցավոր խմբի մյուս անդամները ձերբակալված են: Կատարվում է քննություն:
Ի դեպ, կատարվածը 2-րդ դեպքն է, երբ ոստիկանությունում մահանում է բերման ենթարկված անձնավորությունը: 3 տարի առաջ մայիսի 12-ին ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում մահացավ Լևոն Գուլյանը, ում կանչել էին հարցաքննության: Ոստիկանությունը դեպքը ներկայացրեց այնպես, որ Ղուլյանը ցանկացել է փախչել բաց պատուհանից, սակայն վայր է ընկել ու մահացել:
