Ա. Զաքարյան. Ադրբեջանը նման կերպ փորձում է հրահրելով, սադրելով և լարվածություն ստեղծելով պատասխան գործողությունների մղել նաև հայկական կողմին

«Ցավոք հերթական անգամ մեր արևելյան ինքնապաշտպանական դիրքերում ականատես ենք հայ զինվորի ողբերգական սպանության, ինչը տեղի է ունենում բանակցային հանդիպման նախօրեին: Կարծես թե Ադրբեջանը բանակցային գործընթացից իր դժգոհությունը հայտնելու արտահայտչաձև է դարձրել բարձր մակարդակով հանդիպումներից առաջ կամ հետո սահմանին դիվերսաներ կազմակերպելն ու հրադադարի ռեժիմը պարբերաբար խախտելը»,- անդրադառնալով հոկտեմբերի 26-ին (եռակողմ հանդիպումից մեկ օր առաջ) ադրբեջանցի դիպուկահարի կողմից հայ զինվորին սպանելու փաստին՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը: 

Նրա խոսքերով՝ բանակցային այս փուլում ադրբեջանական կողմի նմանատիպ ագրեսիվ, անհանդուրժողական, սադրիչ և ռազմաշունչ գործելաոճը միգուցե չլիներ, եթե միջնորդները կոնկրետ պահանջներ ներկայացներին Ադրբեջանին' հրադադարի ռեժիմի պահպանման, շփման գծում ոտնձգություններ կատարելուց ձերծ մնալու համար: 

«Ադրբեջանը նման կերպ փորձում է հրահրելով, սադրելով և լարվածություն ստեղծելով պատասխան գործողությունների մղել նաև հայկական կողմերին, որպեսզի սաստկացնի իր հակահայկական քարոզչությունն ու իբրև թե արդարացում գտնի իր ռազմաշունչ հայտարարությունների համար: Միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները այս հանգամանքը պետք է հաշվի առնեն և համապատասխան սաստող միջոցառումներ ձեռնարկեն»,- ասաց խորհրդարանականը:

Ա. Զաքարյանն իր ցավակցությունն է հայտնել մարտական հերթապահության ընթացքում հայրենիքի առջև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված մեր հայրենակից շարքային Հարութ Գրիգորյանի հարազատներին և բարեկամներին' բարեկամաբար կիսելով նրանց վիշտ ու կսկիծը: 

«Սեփական հայրենիքում անկախության և ազատ ապրելու պայքարում նահատակված մեր հայորդիների փառքը և անունները ոսկե տառերով են գրվելու ազատ, անկախ և ինքնիշխան Լեռնային Ղարաբաղի հանրապետության նորագույն պատմության մեջ»,- ընդգծեց պատգամավորը:

Աղբյուր` http://www.panorama.am