ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Ընտանեկան բռնության խնդիրը կա, և ինձ թվում է՝ դա բոլորն են ընդունում»
168.am-ի թղթակիցը զրուցել է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի տնօրեն Արտակ Կիրակոսյանի հետ «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի շուրջ ծագած բուռն քննարկումների մասին:
Հոկտեմբերի 17-ին ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ Ազգային ժողովում տեղի կունենան խորհրդարանական լսումներ «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի շուրջ: Հայաստանի քաղաքացիների շրջանում կարծիքները տարբեր են՝ արդյոք «հայու գենին» անհրաժե՞շտ է նման նախագիծ։
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ Արտակ Կիրակոսյանը 168.am-ի հետ զրույցում դրական գնահատեց բուն քննարկումների առկայությունը, քանի որ օրենքը շատ կարևոր է, և խնդիրը խորն է։
«Ընտանեկան բռնության խնդիրը կա, և ինձ թվում է՝ դա բոլորն են ընդունում։ Կարևոր է, որ լուծումների վերաբերյալ քննարկում լինի։ Կարծես այս ներկայիս քննարկումը բացարձակ բովանդակային չի, քննարկման առարկա չէ օրենքը՝ որպես այդպիսին, այլ քննարկվում են մոտեցումները, թե ով ինչ շահերից ելնելով է ուզում այն ընդունել, փորձում են այդ շահերը գնահատել, և փոխադարձ մեղադրանքներ են լինում։ Իմ կարծիքով ՝օրենքը շատ պետք է և պետք է ունենա աջակցությանն ուղղված էլեմենտներ։ Պետք է հասկանալ, թե միջամտության ձևերը, որը ոչ միայն պետությունը, այլ նաև հասարակությունը կարող է անել, ինչպիսին պետք է լինեն ընտանիքներում, որտեղ բռնություն է լինում»,- ասաց Ա.Կիրակոսյանը։
Օրինակ, ըստ նրա, դեպքեր կան, երբ ամուսնալուծված ընտանիքում դատարանի որոշումով մի ծնողը երեխային հանդիպելու իրավունք ունի, սակայն փաստացի դա չի ապահովվում, և հնարավոր չէ ապահովել, քանի որ, եթե ծնողներից մեկը հրաժարվում է երեխային թույլ տալ տեսակցության, դա պետք է Հարկադիր ծառայությունն անի, իսկ ԴԱՀԿ-ն էլ որևէ ձևով չի կարողանում ապահովել և հրաժարվում է, որը հասկանալի է, որովհետև հարկադիրի մեթոդներով ստիպողաբար երեխային մի ծնողից վերցնել, տանել մյուսի հետ հանդիպման, ոչ մի լավ բանի չի բերի։
Ա.Կիրակոսյանը նշեց, որ սա շատ նուրբ թեմա է, և ավելի շատ սոցիալական ծառայություններ պետք է լինեն, սոցծառայողի դերը պետք է մեծանա, որ կարողանան ընտանիքներ այցելել և օգնել, նաև դատավորների վերապատրաստում ու հաշտարարների պետական ինստիտուտ պետք է լինի։ Վերջինս, Ա.Կիրակոսյանի խոսքով, դե յուրե կա, դե ֆակտո՝ ոչ. «Արդարադատության նախարարության կայքում հաշտարարների ցանկ կա, բայց վերջին 2 տարում, որքան տեղյակ եմ, որևէ դեպք չի եղել, որ դատավորը կողմերին ուղարկի հաշտարարի մոտ։ Այսինքն՝ պետք է լինեն ծառայություններ, որ Արևմուտքում տարածված են»։
Անդրադառնալով խնդրին, որ օրենքի ընդունումը նախապայման է ԵՄ-ի հետ վիզայի ռեժիմը վերացնելու համար, Ա.Կիրակոսյանը նշեց, որ դա ավելի բարդացնում է իրավիճակը, քանի որ պարտադրանք է ընկալվում։ Նա համաձայնեց, որ նույն բողոքողներն առանց վիզայի հաճույքով կմեկնեն Եվրոպա, և հավելեց, որ այստեղ ուրիշ խնդիր էլ կա.
«Յուրաքանչյուրը փորձում է շահերը հասկանալ, ոմանք Ռուսաստանի շահերն են տեսնում, ոմանք՝ ԵՄ-ի։ Իսկ այդ ամբողջի մեջ հիմնական խնդիրը՝ ընտանիքներում բռնությունը, կենտրոնական թեման չէ։ Կարծում եմ՝ մի քիչ կրքերը կհանգստանան, օրենքը կընդունվի, և ոչ մեկն ուշադրություն չի դարձնի։ Այդ օրենքի ընդունումով մեզ մոտ ոչ մի հեղափոխական բան չի լինի»։
Սկզբնաղբյուրը՝ 168.am