Ուսումնասիրվել են սահմանամերձ համայնքների անվտանգության խնդիրները. հաջորդ քայլը դրանց լուծում փնտրելն է

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արտակ Կիրակոսյանի հարցազրույցը «Անկախ»–ին, կազմակերպության կողմից իրականացվող՝ Տավուշի մարզի 10 սահմանամերձ գյուղերի բնակիչների անվտանգության խնդիրներին նվիրված ծրագրի վերաբերյալ: 

Պարոն Կիրակոսյան, ի՞նչ ծրագիր եք իրականացնում սահմանամերձ գյուղերում:

Աշխատում ենք Saferworld բրիտանական կազմակերպության հետ, որն ամբողջ աշխարհում աշխատում է խաղաղ բնակչության համար վտանգավոր գոտիներում: Մեր տարածաշրջանում քանի տարի է` աշխատում են վրաց-աբխազական և վրաց-օսական սահմանում, անցած տարվանից` նաև հայ-ադրբեջանական սահմանում: Հիմնական գործը, որ փորձում ենք անել, մասնակցային մեթոդներով սահմանամերձ բնակավայրերի բնակիչների խնդիրները բացահայտելն է և դրանց ինչ-որ ձևով արձագանքելը: Մեր նպատակն է` խնդիրները վեր հանել, դնել բարձր ատյանների առջև, որպեսզի դրանք լուծում ստանան: Բերդում 5, Իջևանում 2 և Նոյեմբերյանում 3 գյուղերում ենք աշխատում: Դրանք հրադադարի խախտումներից առավել տուժող գյուղերն են` Չինարի, Բերքաբեր, Այգեպար, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Պառավաքար, Բարեկամավան:

Արդեն ունեք մեկ տարվա ուսումնասիրության տվյալներ, հետևաբար և` վիճակագրություն: Որո՞նք են ամենամեծ խնդիրները:

Մեր առջև դրված կարևոր խնդիրներից է եղել պատշաճ ձևով արձանագրել կատարվող ոտնձգությունները: Պարբերաբար տեղեկանում ենք, որ բնակավայրերը գնդակոծվել են, կրակոցներ են եղել, մարդ է վիրավորվել, բայց որևէ տեղ դա համակարգված չի արձանագրվում: Կարևոր է, որ երրորդ կողմը, այս դեպքում` Saferworld-ը, կարճ հաղորդագրություններ հրապարակի զինադադարի խախտման հետևանքով պատճառված վնասների մասին: Դրանք աղբյուր կլինեն միջազգային կազմակերպությունների համար, որ տեսնեն` ինչ է կատարվում:

Երբ սկսեցինք` պարզ դարձավ, որ պետության կողմից խաղաղ բնակիչների նկատմամբ հանցագործությունները ոչ միայն պատշաճ ձևով, այլև որպես այդպիսին չեն արձանագրվում: Այսինքն` եթե ինչ-որ պատուհան է կոտրվել, կտուր է վնասվել կամ գազատար, և եթե խոշոր վթարային իրավիճակ չի ստեղծվել, տուն չի հրդեհվել կամ մարդ չի վիրավորվել, քրեական գործ մեծ մասամբ չի հարուցվում: Մեր կարծիքով` սա սխալ է, քանի որ այդ ամենը պետք է արձանագրվի: Այդ նյութը, եթե ոչ այսօր, ապա վաղը գոնե հաստատ պետք է գալու: Օրինակ` ունե՞նք արդյոք տարիուկես Ստեփանակերտի ռմբակոծության փաստագրված նյութերը: Դեռ կարող ենք հիմնավորել, որ այն ժամանակ դա հնարավոր չէր: Բայց հիմա՞:

Անցած տարի ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդին լրագրողները հարց տվեցին հայ-ադրբեջանական սահմանում խաղաղ բնակիչներին պատճառված վնասների վերաբերյալ, նա ասաց, որ իր ձեռքի տակ նման փաստեր չկան: Մեկը չկար, որ փաստերը փաթեթով սեղանին դներ:

Այն, ինչ մենք ենք փորձում անել, բավարար չէ: Սա պետության ֆունկցիան է: Մենք կարող ենք ինչ-որ իմաստով, որպես անկախ կառույց, հավաստել, որ իսկապես մեր աչքով էլ տեսել ենք` այդ հանցագործությունները տեղի են ունեցել:

Երկրորդ խնդիրը զարգացմանն է վերաբերում: Կարևոր է ոչ միայն զարգացման պլան ունենալը, որը ֆորմալ առումով երևի կա, այլև դրանցում արտակարգ իրավիճակների ռիսկայնությունը հաշվի առնելը: Դա պետք է մասնակցային ձևով մշակված լինի, որ մարդիկ իմանան` իրենց գյուղը զարգացման ինչ հեռանկար ունի: Եթե չունի` ազնիվ լինենք այդ մարդկանց հետ, ասենք` թողեք գնացեք: Կամ, եթե կարծում ենք, որ իսկապես պետք է պահպանել ու զարգացնել այդ գյուղերը, եկեք նորմալ ձևով դա անենք, որ չլինի այնպես, որ այդ գյուղերում մնան միայն նրանք, ովքեր տեղ չունեն գնալու:

Ամենակարևոր խնդիրներից է նաև հակահրդեհային միջոցների բացակայությունը: Անցած տարի Այգեպարում ականատես եղանք, թե ինչպես երկու շենք հրդեհվեց, ու անընդհատ այդ վտանգը կա: Տարրական կրակմարիչների հարցն անգամ լուծված չէ: Նույնիսկ հասարակական շենքերում դրանք կա՛մ չկան, կա՛մ դրանց ժամկետն անցած է, կա՛մ չգիտեն, թե ինչպես դրանցից օգտվել: Պետք է վտանգավոր մասերում ամեն տանը մի կրակմարիչ լինի, և մարդն իմանա, թե նման դեպքերում ինչպես վարվի: Այստեղից մյուս հարցն է առաջ գալիս, իսկ որո՞նք են այդ վտանգավոր շենքերը: Հասկանում ես, որ գյուղի ու հարակից տարածքների քարտեզագրում է հարկավոր` ըստ վտանգավորության աստիճանի: Մարդ որքան իրազեկված է, այնքան պաշտպանված է: Դրանով խուճապ չես ստեղծում: Օրինակ` ունե՞նք արդյոք գյուղերի տարհանման պլաններ: Ի՞նչն է կարևոր, ապահովության պատրանք ստեղծե՞լը, թե՞ զոհեր չունենալը, եթե, Աստված չանի, մի բան պատահի:

Թվարկածներս այդ գյուղերի խնդիրների 10 տոկոսն էլ չեն կազմում: Կա նաև ոռոգման և խմելու ջրի, գյուղմթերքի իրացման, նաև աշխատատեղերի խնդիր, քանի որ այդ մարդիկ գյուղացի են համարվում, բայց փաստացի զրկված են իրենց հողը մշակելու հնարավորությունից:

Խնդիրներն արձանագրել եք: Ի՞նչ է հաջորդելու դրան:

Երկրորդ փուլը, որ հիմա սկսում ենք, մասնակցային մեթոդներով տեղում լուծումներ գտնելն է: Մասնակցային ձևով գյուղերում հարցերը պիտի վեր հանենք, առաջնայնությունը որոշենք, փորձենք լուծումների եղանակները գտնել: Այնպես չէ, որ հիմա ոչինչ չի արվում: Օրինակ, երբ կրակոցներ են լինում, գյուղի տղամարդիկ հավաքվում են գյուղամեջում, որ եթե հրդեհ լինի, օգնեն, որոշ տեղերում փորձում են հրշեջ մեքենայի հարց լուծել: Կառավարությունն էլ է փորձում ինչ-որ բան անել: Բայց խնդիրն այն է, որ այդ քայլերը սպոնտան բնույթ են կրում: Խնդիրների համակարգված լուծում չի իրականացվում:

Ծրագրի ժամկետները որքա՞ն է, վերջում ի՞նչ արդյունք պետք է ունենաք:

Մի տարի աշխատել ենք, սպասում ենք երկրորդ տարին վերսկսելուն, և հույս ունեմ` այնքան կաշխատենք, մինչև այդ գյուղերում անվտանգության խնդիրներն ինչ-որ չափով լուծվեն: Վերջնական արդյունքն ապահով գյուղ ունենալն է, որտեղ մարդիկ լիարժեք կյանքով են ապրում, գյուղ, որը զարգանում է: Թե որքանով կհասնենք այս նպատակին, միայն մեզնից չի կախված: Մի բան հստակ է` այդ գյուղերը պետք է ուշադրության կենտրոնում լինեն:

Բարձրացված խնդիրների լուծումները միայն կառավարությունի՞ց եք ակնկալում:

Ոչ միայն: ՄԱԿ-ի զարգացման ծրագիրն այդ բնակավայրերում զարգացմանն ուղղված ներդրումներ է նախատեսում: ՀԿ-ները պետք է ակտիվանան, որ միջազգային դոնորների հետ ծրագրեր իրականացնեն: Եթե կարողանանք հիմնավորելով ներկայացնել խնդիրները, վստահ եմ, որ շատ ու շատ մարդիկ կհամաձայնեն իրենց ներդրումն ունենալ այդ խնդիրները լուծելու համար: Նման հաջող դրամահավաքի փորձ մենք արդեն ունենք:

Սովորաբար, հայ-ադրբեջանական ծրագրերում արհեստականորեն հավասարության նշան է դրվում երկու կողմերի միջև: Այս ծրագրի դեպքում է՞լ այդպես է:

Քանի որ այստեղ հարցը խաղաղ բնակիչների պաշտպանությանն է վերաբերում, քաղաքականացվածությունը քիչ է: Այնտեղ էլ ծանր է իրավիճակը: Հիմնական տարբերությունն այն է, որ այնտեղ այդ տեղեկատվությունը հնարավորինս ուզում են փակել: Նախորդ տարվա հոկտեմբերից Ալիևի հրամանագրով սահմանամերձ գոտիները փակ տարածքներ են, ուր այցելելու համար լրագրողները հատուկ թույլտվություն պետք է ունենան: Միջազգային կառույցների հետ զրույցներից հասկանալի է դառնում, որ մոտեցումը հետևյալն է. եթե Ադրբեջանը թույլ չի տալիս, որ իր տարածքում ինչ-որ բան իրականացվի` դա չպետք է հանգեցնի նրան, որ Հայաստանի բնակիչների խնդիրներն էլ կոծկվեն: 

Սկզբնաղբյուր՝ ankakh.com