«Ակտիվիստները գիտեն իրենց իրավունքները, ոստիկանները՝ ոչ». Ա.Զեյնալյան

Հարցազրույց «Իրավունքի գերակայություն» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի հետ։

Վերջին շրջանում Երևանում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ բերման ենթարկված
ակտիվիստների դեմ ոստիկանությունը հայցեր էր ներկայացրել։ Դուք հակընդդեմ հայցեր եք
ներկայացրել և արդեն մի քանի գործով հաջողություն ունեք։ Քանի՞
հակընդդեմ հայց է ներկայացվել ոստիկանության հայցերի դեմ, քանի՞սն
են արդեն բավարարվել, քանի՞սն են մերժվել։

Ակտիվիստների դեմ հարուցված հայցերի թիվը շուրջ 200-ի է հասնում։
Ներգրավված են Կոմիտասի 5 հասցեում բողոքի ակցիա իրականացրած ակտիվիստները, Երևանի
քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա իրականացրած ակտիվիստները (գիտեք որ հունիսի
26-ից մինչև  նոյեմբերի 1-ը շուրջօրյա բողոքի
ակցիաներ իրականացվեցին Երևանի քաղաքապետարանի դիմաց), սեպտեմբերի 4-ին նախագահական
նստավայրի դիմաց բողոքի ակցիա անցկացրած ակտիվիստները և դեկտեմբերի 2-ին բողոքի ակցիա
անցկացրած ակտիվիստները: Կոնկրետ թիվ կդժվարանամ ասել, թե քանի հակընդդեմ հայց ենք
ներկայացրել, սակայն բոլոր դեպքերում չէ, որ բերման ենթարկված ակտիվիստի դեմ հայց է
ներկայացված եղել։ Կան դեպքեր, երբ անձը բերման է ենթարկված եղել, բայց դատարան հայց
չի ներկայացվել նրա դեմ. 3 ժամ պահվել է անազատության մեջ, նրա նկատմամբ կազմվել է
վարչական իրավախախտման արձանագրություն կամ չի կազմել։ Սակայն մենք ունենք դեպքեր,
երբ մենք ենք հայցով դիմել դատարան, որպեսզի ոստիկանության գործողությունները տվյալ
անձանց իրավունքների միջամտության մասով ճանաչվեն ոչ իրավաչափ։

Ընդամենը 4 գործով է, որ ոստիկանության հայցերը մերժվել են,
դրանցից 1-ի դեպքում մենք հակընդդեմ հայց ներկայացրած չենք եղել, մյուս 3–ի դեպքում
հակընդդեմ հայց է ներկայացված եղել և բավարարվել է: Այսինքն՝ բացի այն, որ անձին վարչական
պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ոստիկանության հայցը մերժվել է, քանի որ հիմնավոր
չի եղել, նաև հաստատվել է, որ ոստիկանների գործողությունները, ակտիվիստների իրավունքներին
միջամտությունը եղել է ոչ օրինաչափ:

Ինչո՞ւ նախկինում հակընդդեմ
հայցեր չէին ներկայացվում ոստիկանության դեմ, թե՞ լինում էին, բայց հանրային հնչեղություն
չէին ստանում...

Առաջին անգամ այսպիսի նախաձեռնություն ցուցաբերել եմ 2011 թվականի
սեպտեմբերի 21-ի դեպքերի կապակցությամբ՝ Լևոն Բարսեղյանի գործով, երբ ոստիկանության
գործողությունների ոչ իրավաչափությունն է վիճարկվել։ Եթե հիշում եք,  սեպտեմբերի 11-ին Սարյանի արձանի մոտից նրանք  փորձում էին երթ անցկացնել դեպքի Հանրապետության
հրապարակ՝ պաստառներով և վանկարկումներով, որ «ՀՀ-ն անկախ պետություն է», «Ինքնիշխան
Հայաստան» և այլն։ Եվ ոստիկանները նրանց բերման ենթարկեցին և պահեցին ոստիկանական բաժանմունքում։
Այս առիթով մենք դիմեցինք դատարան և 2013 թվականին գործը շահեցինք: Ու հիմա այս նոր
գործերի մեջ օգտագործում ենք այդ փորձը, որ ձեռք ենք բերել Լևոն Բարսեղյանի գործով:
Այս պրակտիկան մեր կողմից է հիմնադրվել և շատ երկար պատմություն չունի, դրա համար է,
որ մարդիկ շատ տեղյակ չեն: Բացի այդ, պատասխանատվության ենթարկվածներն այդքան էլ հանրահայտ
անձիք չէին, որքան, ասենք, ակտիվիստներն են, նաև դրանով էր, գուցե, պայմանավորված:

Ինչո՞վ է պայմանավորված
գործերը շահելը՝ հաշվի առնելով մեր դատական համակարգի անկախությունը։ Ոստիկանությո՞ւնն
է այնքան անփույթ գործում, որ հետո չի կարողանում հիմնավորել իր գործողությունները,
թե՞ դատարանի վերաբերմունքն է փոխվել կամ, գուցե, ա՞յլ պատճառ կա։

Գուցե երկուսը միասին և, միգուցե նաև՝ մեր պրոֆեսիոնալությունը:
Ոստիկանությունը այս ոլորտում բոբիկ է, գրագետ չէ բոլորովին և գործում է սովետական
տարիներին ստացած գիտելիքների ու փորձի իներցիայով: Չի հասցնում իրավունքի ետևից ոստիկանությունը,
ոստիկանության համար խորթ է, որ ինչ–որ մեկը կարող է ասել, որ իրենց «աչքի վերևում
ունք կա», շատ հեռու է ոստիկանությունը սրանից: Ոստիկան են աշխատում են մեծավմասամբ
մարդիկ, ովքեր այլ ոլորտներում հաջողության չեն հասնում։ Սովորաբար այդպես է: Իհարկե,
դա պայմանավորված է նաև նրանով, որ բավարար չեն վարձատրվում, դա էլ պայմանավորված է
նրանով, որ ոստիկանության քանակը չափից ավելի շատ է, քան անհրաժեշտ է մեր հանրապետությանը,
քան մենք ի վիճակի ենք կերակրել, պահել, իսկ դա էլ իր հերթին պայմանավորված է նրանով,
որ ոստիկանները Հայաստանում շատ պիտի լինեն, որ ռեժիմը պահեն, իսկ ռեժիմը, քանի որ
ընտրություններով ձևավորված չէ, դրա համար պետք է պահել: Մի խոսքով սա շղթայական բան
է, դրանով է պայմանավորված:

Պայմանավորված է նաև նրանով, որ վարչական դատարաններ ունենք:
Սա դրական բան է, որ նոր դատարաններ են հիմնադրվել և փորձ է արվել հնարավորինս նոր
հողի մեջ մեծացնել այդ դատարանը, ոչ թե՝ սովետական դատարանի ժառանգորդը հանդիսացող
որևէ դատարանի հիմքի վրա: Այստեղ նոր դատավորներն ավելի երիտասարդ են, կրթությունը
և գիտելիքները, փորձը ստացել են գերմանական վարչական դատարաններից: Սա դրական բան է,
որ կա Հայաստանում: Իհարկե, այս 4 դատական ակտերից բոլորի հետ չէ, որ համաձայն ենք,
այստեղ, կարծես, տեղ է թողնված, որպեսզի, ասենք, սեպտեմբերի 4-ին նախագահական նստավայրի
դիմաց անցկացված բողոքի ակցիայի մասնակիցներին ենթարկեն պատասխանատվության: Էսպիսի
բան կա դատարանի ակտի մեջ։ Մենք մտավախություն ունենք, որ ամբողջությամբ չի, որ դատարանը
անկախ է, Վարչական դատարանն էլ։ Մենք գալիս ենք այդ եզրահանգմանը այս դատական ակտերից:
Մեր փաստաբանական, իրավապաշտպան համայնքն է բավականին փորձված, կրթված, զարգացած, և
այս ամենի համագործակցությամբ և համատեղ ազդեցությամբ մենք ստանում ենք այս արդյունքը:

Իսկ ի՞նչ հիմնական խախտումներ
կառանձնացնեք, որոնց հաճախ հանդիպում եք գործերում։

Խախտումներն ամեն ինչում են: Նախ՝ բողոքի ակցիայի մասնակիցներին
երբ ենթարկում են պատասխանատվության, անկախ նրանից, թե ինչպես են փաթեթավորում, ինչի
մեջ են փաթեթավորում, ինչ սոուսի տակ են ներկայացնում, դա պատիժ է խաղաղ հավաքների
ազատության իրավունքը իրացնելու համար: Ոստիկանությունը չի հասկանում սա: Ասում են՝
«ես ներկայացրեցի օրինական պահանջ, չկատարեց»։ Ոստիկանը չի հասկանում, որ պիտի հիմնավորի,
որ իր պահանջն օրինական է, իսկ պահանջը օրինական լինել չի կարող, որովհետև երբ մարդը
իր պահանջն է արտահայտում, բողոքի ձայնն է բարձրացնում, դրա դեմ շատ դժվար է գտնել
օրինական հիմք:

Եթե ժողովուրդն ընդվզում է, բողոքում է, ուրեմն ճիշտ է: Պիտի
կարողանաս նրա հետ լեզու գտնել, պիտի կարողանաս նրան բացատրել, որովհետև դու նրա եղբայրն
ես, որովհետև դու նրա ծառան ես և ոչ թե նրա տիրակալը կամ նրա տիրակալին ծառայող խմբավորում:
Սա է էությունը խաղաղ հավաքների ազատության:

Եթե հավաքը խաղաղ է, դա արդեն փակում է ամեն ինչ, եթե մարդիկ
խաղաղ են, ուրեմն իրենց կամքն են արտահայտում, մարդիկ զինված չեն, նրանք դուրս են եկել
իրենց բողոքի ձայնն են արտահայտում, որն, ըստ իրենց, կարևոր է, և պարտադիր չէ, որ դա
կարևոր լինի բոլորի կարծիքով։ Եթե իրենք գտնում են, որ դա կարևոր է, դա բավարար է,
դա իրենց սուբյեկտիվ կարծիքն է, իրենց ընկալումն է, ու դա բավական է: Ու եթե իրենք
կարծում են, որ այդ հարցի շուրջ իրենց ձայնը բարձրացնեն, մարդկանց ուշադրությունը հրավիրեն,
որ, միգուցե, հետո բոլորս միանանք իրենց պայքարին, կարող է նաև էդպես լինել:

Ուրեմն բոլոր առումներով ոստիկանության կողմից միջամտությունը
այս իրավունքին ապօրինի է: Իսկ մնացածը, թե ի՞նչ ձևով են միջամտում, պահպանո՞ւմ են
արդյոք այդ ընթացակարգը, թե՞ ոչ, դրանք արդեն երրորդական են։ Բայց ձեզ ասեմ, որ ոչինչ
պահպանված չէ:

Մենք ուրբաթ օրը մի դատական նիստ ունեինք, երբ ակտիվիստին օգոստոսի
8-ին բերման են ենթարկել 11։05–ին, ժամը 11։40–ին արդեն ձևակերպել էին վարչական իրավախախտման
վերաբերյալ արձանագրությունը, այսինքն՝ ավարտել էին ամեն ինչ, ժամը 11։50–ին՝ 10 րոպե
հետո, ձևակերպել էին վարչական ձերբակալության մասին արձանագրութունը, դրանից կարճ հետո
վերցրել էին բացատրություն, բայց նա ոստիկանությունում պահվել էր երեք ժամ և ավելի՝
մինչև 13։30։ Հասկանալի է, չէ՞ արդեն, որ մարդուն պահել են, մեկուսացրել ուղղակի որպես
պատիժ, ոչ թե ձևակերպումների համար։ Իրականում մարդուն մեկուսացնում են, որպեսզի ինքը
3 ժամվա ընթացքում չկարողնա խանագարել իրենց գործն անելու համար: Իսկ իրենց գործը Հայաստանը
հանձնելն է, հանկարծ որևէ մեկը չխանգարի, որ կարողանան հանգիստ հանձնել Հայաստանը։
Սա է իրենց արած գործը:

Իսկ դատարանի վերաբերմունքն
ինչ–որ կերպ առանձնանո՞ւմ է այս գործերի հանդեպ։

Չէի ասի, որ առանձնանում է: Սակայն, ես արդեն ասացի, որ մտավախություն
ունեմ, որ Կոմիտաս 5-ի և նախագահական նստավայրի դիմաց անցկացրած ակցիաների գործերով
 դատարանը, հավանաբար, կփորձի ոստիկանության
հայցերը բավարարել: Այս մտավախությունը կապված է որոշումների հետ, որովհետև երբ կարդում
եմ դրանք, թերի են գրված, տեղ է թողնված էդպիսի բաներ անելու համար:

Ըստ Ձեզ՝ սա կարո՞ղ է նախադեպ
դառնալ, որպեսզի ոստիկանությունը վերանայի իր գործողությունները խաղաղ հավաքների ընթացքում:

Շատ կցանկանայինք, բայց քիչ հավանական է։ Կցանկանայինք ու ձգտում
ենք դրան, որ ոստիկանությունը դառնա մեր ոստիկանությունը, բայց շատ քիչ հավանական է:

Ի՞նչ եք կարծում, եթե ակտիվիստը
կամ քաղաքացին  հստակ իմանա իր իրավունքները  խաղաղ հավաքների ժամանակ, պաշտպանված կլինի՞, թե  դա էլ չի օգնի նրան:

Գիտեք, մեր ակտիվիստները շատ լավ գիտեն իրենց իրավունքները,
բավարար չափով գիտեն,  որպեսզի կարողանան ազատ
կերպով իրացնել այն և ինչ–որ տեղ նաև՝ պաշտպանել իրենց։ Իրենք գիտեն իրենց իրավունքները,
բայց ոստիկաններն արդյո՞ք գիտեն իրենց իրավունքները։ Չգիտեն, հե՛նց ոստիկանները չգիտեն
իրենց իրավունքները: Բայց բոլոր դեպքերում գրագետ անձը շատ ավելի լավ է պաշտպանված:

Հարցազրույցը՝ Մարիամ Սարգսյանի