ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Ստոմատոլոգին նույնացնում են անշունչ բազկաթոռի հետ»

Հայաստանի ստոմատոլոգները մտահոգված են «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով, որն ընդունվեց 2012թ. դեկտեմբերի 19-ին և այս տարվա հունվարից ուժի մեջ մտավ: Օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ ատամնաբուժարանները ստոմատոլոգիական յուրաքանչյուր բազկաթոռի համար պետք է ամսական մինչև 80.000 դրամ հարկ վճարեն։
Օրերս Ստոմատոլոգների նախաձեռնող խումբը համաժողով էր կազմակերպել, որի ժամանակ ներկայացրեց օրենքի փոփոխությունների վերաբերյալ մասնագիտական կարծիք և ատամնաբուժարանների հարկման ավելի մեղմ առաջարկություններ:
Ստոմատոլոգների բարձրացրած խնդիրների և առաջարկությունների մասին զրուցեցինք բժիշկ-ստոմատոլոգ, Ստոմատոլոգների նախաձեռնող խմբի անդամ Արթուր Մկրտչյանի հետ։
Պարոն Մկրտչյան, ի՞նչ խնդիրներ են հարուցել օրենսդրական փոփոխությունները, որի պատճառով որոշ գործող ստոմատոլոգներ անգամ հայտարարում են, որ ստիպված կլինեն լքել Հայաստանը կամ աշխատել ստվերային դաշտում։
Ամբողջ խնդիրն այն է, որ «Արտոնագրային վճարների մասին» օրենքում ստոմատոլոգիան կտրուկ տարանջատվել է ընդհանուր բժշկությունից: Դա անհեթեթություն է: Մենք միշտ գործել ենք բժշկության հետ նույն հարկային դաշտում և ազատված ենք եղել ավելացված արժեքի հարկից: Մինչդեռ, այսօր հայտնվել ենք թենիսի սեղանների, մետաղադրամով խաղերի և այլնի ցանկի մեջ։ Օրենքում այսպես է ամրագրված՝ շահութահարկի և ԱԱՀ-ի փոխարեն կիրառվելու է արտոնագրային վճար: Բայց չէ՞ որ մենք, որպես բժիշկներ, ազատված էինք ավելացված արժեքի հարկից։ Մեզանից պահանջվող 80 հազար դրամի մեջ ԱԱՀ-ն կազմում է 60 տոկոս: Եվ քանի որ մենք ազատված ենք ԱԱՀ–ից, ստացվում է, որ մեր արտոնագրային վճարը մեխանիկորեն, առանց որևէ օրենքի փոփոխության, պետք է կազմի 32 հազար դրամ: Մեր ամբողջական պահանջը հետևյալն է։ Մենք, որպես ՀՀ քաղաքացիներ, պարտավոր ենք և պատրաստ ենք վճարել մեր հարկը` դրա անունը կարևոր չէ՝ կլինի արտոնագրային վճար, շահութահարկ, թե հաստատագրված վճար, բայց լինի խելամիտ մի գին, որը չի վնասի ո՛չ մեր բնակչությանը, ո՛չ մեր ճյուղի զարգացմանը:
Ի՞նչ վտանգ եք տեսնում սահմանված արտոնագրային վճարի կիրառման դեպքում:
Անպայման կկրճատվեն ստոմատոլոգիական փոքր կլինիկաները, կկրճատվեն աշխատողները, ինչը կբերի արտագաղթի, ստվերային գործունեության: Ամեն մեկն իր տանը մի բազկաթոռ կդնի և խոհանոցում կաշխատի: Այսինքն` կվերադառնանք նրան, ինչից սկսել ենք:
Իսկ ի՞նչ եք առաջարկում, ինչպե՞ս պետք է հարկվեն ստոմատոլոգիական կլինիկաները։
Մեր անցկացրած հավաքի ընթացքում մենք ներկայացրեցինք մասնագիտական համապարփակ վերլուծական փաստաթուղթ օրենքում կատարված փոփոխությունների վերաբերյալ, հանրապետության ավելի քան 2000 ստոմատոլոգների ներկայությամբ կազմեցինք և ՀՀ նախագահին հասցեագրեինք նաև մեր իրավաբանների կողմից մշակված խելամիտ առաջարկները:
Մենք պահանջում ենք ուղղակիորեն վերացնել «բազկաթոռի հարկ» հասկացությունը: Պետք է մտցնել «բժշկի դրույքաչափ» հասկացությունը և հարկել բժշկի դրույքաչափը: Մենք ունենք շատ վաստակող և քիչ վաստակող ստոմատոլոգներ, ինչը կապված է փորձի, հաճախորդների թվի հետ, պետք է դա էլ հաշվի առնել: Խնդիրն ունի նաև բարոյական և էթիկական կողմ. ընդունված օրենքում բժիշկ-ստոմատոլոգները նույնացվում են անշունչ առարկաների՝ ստոմատոլոգիական բազկաթոռների հետ:
Հարկելով անշունչ ստոմատոլոգիական բազկաթոռը՝ ստիպված ենք կլինիկաներում «զմռսել» ավելորդ բազկաթոռները, մինչդեռ տարբեր բազկաթոռներ ունեն տարբեր հագեցվածություն։
Այսօր մեր ոլորտը բավական մեծ առաջընթաց է ապրել, սակայն պահանջվող գումարը մեզ կտրուկ հետընթացի կտանի: Մինչև 3 բազկաթոռ ունեցող կլինիկաները յուրաքանչյուր բազկաթոռի համար ամսական պետք է վճարեն 80 հազար դրամ, իսկ 3-ից ավելիի դեպքում՝ 47-48 հազար դրամ։ Դա շատ ծանր բեռ է մեզ համար։ Օրենքը շրջանառության մեջ մտցնելուց առաջ պետք է հաշվի առնեին, որ մինչև հունվարի 8-ը մարդիկ չեն աշխատել, և, առհասարակ, ամանորյա ֆինանսական ծախսերի հետևանքները մարդիկ դեռ չեն «մարսել»: Գոնե կարելի էր փոփոխություններն ավելի ուշ ուժի մեջ դնել:
Ասում եք, որ պատրաստ եք վճարել հարկեր, եթե դրանք լինեն խելամիտ։ Ձեր հաշվարկներով՝ որքա՞ն պետք է լինի խելամիտ հարկը բժիշկ–ստոմատոլոգի համար։
Մենք առաջարկում ենք արտոնագրային վճարը սահմանել 30.000 ՀՀ դրամ առաջին գոտում՝ կիրառելով համապատասխան գործակիցներ այլ գոտիների համար: Կլինիկաներում նախատեսել առաջնային զննման բազկաթոռ, որը չպետք է հարկվի։ Չհարկել կլինիկաներին կից ռենտգեն դիագնոստիկ ծառայությունը և ատամնատեխնիկական լաբորատորիաները, որոնք չեն հանդիսանում առանձին ծառայության ոլորտ` դրամական անկախ հոսքերով: Մասնագիտացված (առանձին) ատամնատեխնիկական լաբորատորիաներին հարկել ըստ հրամանագրված մասնագետների՝ ատամնատեխնիկների:
Իսկ Առողջապահության նախարարությունն ի՞նչ դիրքորոշում ունի այս խնդրի վերաբերյալ։
Առողջապահության նախարարությունն ինքն իր նախագծով դիմել է Կառավարությանը: Մեր նախագիծը դրանից չի տարբերվում, մենք բոլորս էլ նույն բանն ենք ուզում:
Պարոն Մկրտչյան, որոշ ատամնաբույժներ կարծում են, որ օրենսդրական այս փոփոխությունները կատարվել են ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից առաջիկայում բացվելիք ստոմատոլոգիական կլինիկայի գործունեությանը նպաստելու համար: Ձեր կարծիքով՝ օրենսդրական այս փոփոխությունը կատարվել է փոքր ատամնաբուժարանները փակելո՞ւ համար:
Ոչ, դրանք ուղղակի խոսակցություններ են: Սա վատ նախագիծ չէ, եթե լիներ խելամիտ գումար, օրինակ՝ 32 հազար դրամ ամեն բազկաթոռի համար, բայց ոչ՝ 80 հազար: Մենք պարզապես հայտարարում ենք, որ այս պարագայում մենք ստիպված ենք լինելու ծառայությունների գները բարձրացնել, որը ցանկալի չէ: Առանց այդ էլ մարդիկ ֆինանսապես ծանր վիճակում են, և բնակչության մեծ մասը այսօր ծայրահեղ վիճակի հասնելով նոր է միայն դիմում մեզ:
Մենք դեմ ենք սահմանված վճարին և այն հանգամանքին, որ մեզ ներգրավել են բիզնեսի ոլորտ: Մենք բժիշկներ ենք, սովորում ենք 8-9 տարի այս ամենին հասնելու համար: Ես ոչ մեկին չեմ ուզում վիրավորել, բայց, հավատացեք, ատամնաբուժությունը և սեղանի թունիսը իրարից տարբեր բաներ են: Եթե մենք հարգում ենք մեր երկրի ինտելիգենցիային, նման բան չէր կարելի անել:
Հարցազրույցը՝ Գայանե Առաքելյանի
