Պայմանական վաղաժամկետ ազատում. մերժում են՝ առանց հիմնավորման

Դատապարտյալների` պատժից պայմանական վաղաժամկետ
ազատման ինստիտուտը Հայաստանում փոփոխությունների ենթարկվեց 2006 թվականին: Ստեղծվեցին
անկախ հանձնաժողովներ՝ համակարգում առկա կոռուպցիոն
ռիսկերը նվազեցնելու նպատակով, ինչը նոր խնդիրների առջև կանգնեցրեց
դատապարտյալներին:

Պատժից պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի
խնդիրների մասին զրուցեցինք «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ, հոգեբան Արշակ
Գասպարյանի
հետ:

Պարոն
Գասպարյան, որքանո
՞վ է այսօր գործում պատիժը կրելուց պայմանական
վաղաժամկետ ազատման ինստիտուտը Հայաստանում,  ի
՞նչ խնդիրներ կան
այս ոլորտում:

2006թ. Քրեակատարողական օրենսգրքի փոփոխություններից
բխեց նախագահի հրամանագիրը` ստեղծել անկախ հանձնաժողովներ` իրենց
ենթահանձնաժողովներով, որոնք կքննեն դատապարտյալի՝ պատժից պայմանական վաղաժամկետ
ազատման ներկայացնելու նպատակահարմարության հարցը: Մինչ այդ ունեինք երկօղակ համակարգ:
Այսինքն` դատապարտյալը գրում էր քրեակատարողական հիմնարկի պետին, ՔԿՀ–ն տալիս էր
բնութագիր, այնուհետ դա ներկայացնում էր դատարան։ Դատարանն էլ կա՛մ մերժում էր, կա՛մ
հաստատում էր պայմանական վաղաժամկետ ազատման դիմումը: Այս ընթացակարգի տակ թաքնված
էին բավական մեծ կոռուպցիոն ռիսկեր: Բայց այն ժամանակ պայմանական վաղաժամկետ
ազատման համակարգը գործում էր. ազատման ներկայացված 40 դատապարտյալներից մոտ 38-ը
ազատվում էին, ինչը, թեև, արդյունավետ համարել չէր կարելի, բայց, համենայնդեպս,
համակարգը գործում էր։ Իսկ այսօր 100-ից ընդամենը մեկն է ազատվում կամ երկուսը:

Հիմա ի՞նչ
է ստացվում, երկու օղակներում՝ քրեակատարողական հիմնարկ–դատարան, ոչինչ չի փոխվել,
միայն մեջտեղում ավելացել է մի մարմին՝ Անկախ հանձնաժողովը, որն, առանց որևէ
պատճառաբանության և հիմնավորման, մերժում է կամ հաստատում դատապարտյալին
պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացնելու դիմումը։ Սա արվում է փակ քվեարկությամբ:

Այսինքն՝ Անկախ հանձնաժողովն իր նպատակին չի՞ ծառայում։ Իսկ
ովքե՞ր են ներգրավված հանձնաժողովում։

Դա, ըստ երևույթին, հանձնաժողովի ամենամեծ խնդիրներից առաջինն է: Անկախ
հանձնաժողովի երեք ենթահանձնաժողովներն այսօր ղեկավարում են Քննչական գլխավոր
վարչության պետը, Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալը և Ոստիկանության
պետի տեղակալը: Այսինքն` հանձնաժողովները գլխավորում են ուժային կառույցների
ղեկավար պաշտոնյաներ, մարդիկ, որոնց գործն, ըստ էության, հասարակությանը հանցագործներից
մաքրելն է:

Ընդհանրապես, միջազգային և հասարակական
կառույցների մոտեցումն այս հարցում հետևյալն է. անձը, ով ի պաշտոնե պատասխանատու է
հանցագործությունների բացահայտման և հանցագործների պատժման համար, չպետք է լինի
նման հանձնաժողովում, քանի որ շահերի բախում է լինում հանցագործության համար
դատապարտված անձին հասարակություն վերադարձնելիս, ինչն էլ այսօր տեղի է ունենում:
Դիմում են, օրինակ, 100 դատապարտյալներ, որոնցից 3-4-ը հանձնաժողովի կողմից դրական
եզրակացություն են ստանում: Բայց դեռ պետք է հաշվի առնել, որ այդ 3-4-ի հետ կապված
որոշումը հետ է գնում քրեակատարողական հիմնարկ և հիմնարկը նրանց բնութագրերը
ներկայացնում է դատարան։ Դատարանն էլ որոշում է բավարարել նրանցից, ասենք, մեկի ազատման
դիմումը:

Իսկ Անկախ հանձնաժողովի անդամները, որոշում
կայացնելուց առաջ, հանդիպո՞ւմ են վաղաժամկետ ազատման համար դիմած դատապարտյալին,
ծանոթանում են հետը, խոսում, թե՞ միայն փաստաթղթերին ծանոթանալով են որոշում
կայացնում։

Օբյեկտիվորեն,
կդժվարանամ պատասխանել այս հարցին, քանի որ նրանց ամենօրյա գործունեությանը չեմ
հետևում, բայց ոլորտին ծանոթ լինելով՝ գոնե հասկանում եմ, որ 80 անձի մեկ օրվա մեջ
լսելու համար ժամանակը չի բավարարի: Դա ուղղակիորեն անհնար է: Ըստ էության, Անկախ հանձնաժողովին
էլ չենք կարող մեղադրել, որովհետև նրանք գործիք չունեն: Հանձնաժողովը պետք է կազմի
12 հոգանոց 4 ենթահանձնաժողով, որոնք պիտի գնան իրենց կցված 3-4 քրեակատարողական
հիմնարկ, ծանոթանան այդ ամսվա մեջ վաղաժամկետ ազատման դիմում ներկայացրած
դատապարտյալների անձնական գործերին, բնութագրերին, անհատական քարտերին, նրանց հետ
տարված աշխատանքին։ Սրա արդյունքում նրանք պետք է գնահատեն դատապարտյալի հետ
տարված աշխատանքների արդյունավետությունը, բայց թե ի՞նչ չափանիշներից ելնելով,
պարզ չէ, քանի որ չկա գործիք, չկան հստակ չափորոշիչներ, որոնցով կկատարեն
գնահատում և դատապարտյալին կկարողանան ասել՝ այո կամ ոչ:

Իսկ եթե գործիք չկա, չափորոշիչներ չկան, այդ
դեպքում երկու–երեք դատապարտյալներին ինչի՞ հիման վրա է ազատում Անկախ
հանձնաժողովը:

Հենց
այնպես, գուցե մարդկային մոտեցման հիման վրա... Չեմ կարող ասել: Ծանր
հանցագործություններ կատարածների նկատմամբ կա բացասական մոտեցում, միջին և թեթև
ծանրության հանցագործություններ կատարածների նկատմամբ` այլ: Բայց ես չէի ցանկանա մեղադրել
հանձնաժողովին: Պետք է լինեն հստակ չափորոշիչներ, որպեսզի հանձնաժողովի անդամը առաջնորդվի
դրանցով և այլընտրանք չունենա։

Մերժման որոշում կայացնելիս դատապարտյալին
բացատրվո՞ւմ է, թե ինչու մերժվեց և ինչպիսի՞ վարքագիծ պետք է դրսևորի, որ հաջորդ
անգամ չմերժվի։

Ոչ:
Խնդիրը հենց այն է, որ անկախ հանձնաժողովի որոշումները չեն պատճառաբանվում: Բայց մարդը պետք է հասկանա` ինչու մերժեցին իրեն պայմանական
վաղաժամկետ ազատել: Այդ ինստիտուտի ստեղծման նպատակն այն է, որ մարդը հասկանա` այսպիսի
վարքագիծ դրսևորելու դեպքում իրեն կազատեն և հակառակը:

Բայց
այսօր հստակ չէ նույնիսկ, թե քրեակատարողական հիմնարկի ներսում ուղղված համարվելու
համար դատապարտյալն ինչ չափորոշիչների պետք է համապատասխանի: Պետք է աշխատի՞, բայց
չեն տալիս աշխատանք, պետք է սովորի՞, կրթվի՞, դրա հնարավորությունն էլ չեն տալիս,
պետք է սպորտո՞վ զբաղվի, բայց գուցե ֆիզիկապես չի կարող։

Դատապարտյալին
էլ է այս  հարցը հետաքրքրում, այն
դատապարտյալին, ով պատրաստ է ուղղվել և ուզում է իմանալ՝ ինչ պետք է անի դրա
համար։

Մյուս
կողմից էլ, պայմանական վաղաժամկետ ազատումից նվազագույնը 3 ամիս առաջ սոցիալական
աշխատողը, հոգեբանը, իրավաբանը սկսում են աշխատել դատապարտյալի հետ (իհարկե մեկ
այլ հարց է, թե այդ աշխատանքը որքանով է կատարվում), և երբ գալիս է որոշման պահը, 80
դատապարտյալներից 77-ը մերժվում են: Քրեակատարողական ծառայողն էլ տեսնում է, որ
արդեն օրինաչափ է դարձել 10-ից 8-ին չազատելը՝ անկախ նրանից, թե դատապարտյալն ինչ
հանցագործություն է կատարել և ուղղման ինչ աշխատանքներ են տարվել նրա հետ:

Որքանո՞վ է նորմալ, երբ
ինչ–որ կառույց, դատապարտյալին լավագույն դեպքում 5 րոպե լսելով, մերժում է։ Դեռ լավ է, որ այսօր մարդուն հնարավորություն է տրվում դատարանում
բողոքարկել հանձնաժողովի որոշումը, մի ժամանակ դա էլ չկար. ուղղակի ասում էին՝ ոչ
և ցտեսություն:

Իսկ եղե՞լ է բողոքարկման դեպք, որ հաջողության
հասնի:

Ոչ,
ես գոնե չգիտեմ էդպիսի դեպք: Բայց ես նաև մի բան կուզենայի նկատել. պայմանական
ազատումը չի կարելի դիտել որպես պարտադիր ինստիտուտ, դա պետության կողմից
մեծագույն արտոնություն է անձին, որը ինչ-որ պայմանների ազդեցության տակ
հասարակությունում պետք է ուղղվի վերջնականապես: Այսինքն` սխալ է նաև այն կարծիքը,
թե անձը պետք է վերջնականապես ուղղվի, նոր միայն պայմանական ազատվի, որովհետև
այստեղ պայմանական բառը դառնում է անիմաստ:

Բայց
մենք ունենք մի այլ խնդիր` կալանավորումը որպես խափանման միջոց համատարած
օգտագործելը: Լինի գողություն, խուլիգանություն, բռնաբարություն, թե ինչ, անձին անմիջապես
կալանավորում են` անկախ տարիքային սահմանափակումից: Մենք հարյուրավոր անձանցով
լցնում ենք քրեակատարողական հիմնարկները և միավորներով դուրս ենք թողնում
հիմնարկից: Արդյունքում ստացվում է ներկա պատկերը. համակարգը սկսում է ուռճանալ,
հիմնարկները՝ գերբեռնվել:

Քրեակատարողական հիմնարկների բեռնաթափման ի՞նչ
միջոցներ են գործում՝ բացի պայմանական վաղաժամկետ ազատումից:

Բեռնաթափման
խնդիրը ամբողջ աշխարհում լուծվում է երկու մոտեցմամբ: Առաջինը նոր բանտեր
կառուցելն է, որը եվրոպական բոլոր երկրները փաստում են, որ արդյունավետ մեթոդ չէ:
Երկրորդը ամբողջ Եվրոպայում և Ամերիկայում գործող պրոբացիոն ծառայությունն է, որի
գերխնդիրներից մեկը բանտերի գերբնակեցումը նվազեցնելն է և անձին հասարակություն
վերաինտեգրելը:

Հայաստանի
քրեակատարողական հիմնարկներում չեն գործում այնպիսի կարևորագույն ինստիտուտներ,
ինչպիսիք են պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելը, անձի պատժի
կրման պայմանների փոփոխումը, օրինակ՝ կիսափակ տիպի ուղղիչ հիմնարկից անցում դեպի
բաց տիպի հիմնարկ: Եվ չի գործում նաև կարճաժամկետ մենկնումների ինստիտուտը: Եթե այս
ինստիտուտները գործեն, մենք չենք ունենա այսքան մեծ աղմուկ վաղաժամկետ ազատման
հարցի շուրջ: Մարդիկ կհասկանան, որ դա իրապես արտոնություն է, և իրենք իրենց վրա
պետք է շատ աշխատեն, որ վաղաժամկետ ազատվեն:

Այս դեպքում Անկախ հանձնաժողովի գործելու
իմաստը ո՞րն է: Արդյո՞ք դա հավելյալ կոռուպցիոն ռիսկ չի պարունակում: Ո՞րն է ելքն
այս իրավիճակից՝ ըստ Ձեզ:

Տեսականորեն
ենթադրում եմ, որ, ընդհակառակը, Անկախ հանձնաժողովի ստեղծումը ՔԿՀ–դատարան համագործակցության
կոռուպցիոն ռիսկի նվազեցման համար է: Բայց, չգիտեմ, արդյո՞ք այն կոռուպցիոն ևս մի
օղակ է: Կոռուպցիա կլիներ այն դեպքում, երբ մեծ թվով դատապարտյալներ ազատվեին,
ինչը, պրակտիկորեն, այդպես չէ։

Իրավիճակից
դուրս գալու ելքը հետևյալն է։ Ես կարծում
եմ, որ Անկախ հանձնաժողովի կազմում չպետք է լինեն ուժային կառույցների
ներկայացուցիչներ, այլ պետք է լինեն սոցիալական աշխատողներ, հոգեբաններ, մանկավարժներ,
տվյալ ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների անդամներ: Անչափահասների դեպքում
միգուցե պետք է հատուկ մասնագետների ներգրավել:

Սրանից հետո հաջորդ քայլը գործունեության մեխանիզմների
հստակեցում է: Ենթահանձնաժողով կոչվածները պետք է ունենան համապատասխան
ֆինանսավորում, տրանսպորտային միջոցներ և պարտականություն ամեն ամիս այցելելու
ՔԿՀ–ներ, զրուցելու պայմանական վաղաժամկետ ազատման դիմում ներկայացրած անձանց հետ
և մինչև հաջորդ ամսվա 15-ը պարտադիր ներկայացնելու հաշվետվություն, թե քանի անձի
հետ են զրուցել և ինչ եզրակացության են եկել։ Ես քիչ եմ հավատում, որ այսօր
հասարակական հիմունքներով աշխատող հանձնաժողովի անդամները շահագրգռված են լավ
աշխատել, դա պետք է լինի վճարովի աշխատանք: 

Երրորդը` անպայման պետք են չափորոշիչներ, թե
ըստ ինչի՞ է Անկախ հանձնաժողովի անդամը որոշելու՝ որ դատապարտյալն է ուղղվել, որը`
ոչ: Իսկ այսօր՝ այս վիճակում, համակարգն ուղղակի վերակենդանացման պահանջ ունի:

Հարցազրույցը՝ Գայանե Առաքելյանի