ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Դատարանն իր խղճի դեմ չգնաց և վերականգնեց արդարությունը. փաստաբան

«Մատաղիսի» գործով 9 տարի
անց դատարանը արդարացման վճիռ կայացրեց։ Հաշվի առնելով գործի ամբողջ ընթացքը՝ նախաքննությունը
և դատաքննությունը, արդարացման վճռի ակնկալիք ունեի՞ք։
Իմ գնահատականն այն է, որ այս դատավարությանը ներկա գտնված ոչ
մեկի մոտ այլևս կասկած չէր մնացել, որ այս տղաները կապ չունեն սպանության հետ։ Բոլորի
մոտ դա արդեն համոզմունք էր, որ ձևավորվել էր երկար դատավարության ընթացքում։ Գործի
բոլոր նյութերից պարզ երևում էր, որ այս տղաները կապ չունեն։ Մի հարց էր ինձ համար
բաց մնում. դատարանը կկարողանա՞ հաղթահարել
գոյություն ունեցող իներցիան, կկարողանա՞ վեր կանգնել դատախազական ճնշումներից, պատվերներից,
թե՞ իր խղճի դեմ կգնա և ինչ–ինչ շարժառիթներից ելնելով՝ մեղադրական դատավճիռ կկայացնի։
Բայց բոլորս տեսանք, որ դատարանն, այնուամենայնիվ, իր խղճին դեմ չգնաց, վեր կանգնեց
ամեն ինչից և արդարությունը վերականգնեց։
Իսկ արդարացման վճռի կայացման
հարցում ի՞նչ դեր ունեցան հասարակական արշավները, ճնշումները, միջազգային կառույցների
հայտարարությունները։
Ամեն հրապարակային ելույթ, ակցիա, ամեն ինչ իր ազդեցությունն
ունեցավ։ Բայց ես, այնուամենայնիվ, ուզում եմ ընդգծել, որ ամենամեծ ներդրումն ունեցավ
դատարանը, որովհետև ոչ միայն կարողացավ ամբողջ դատավարությունն անթերի անցկացնել, այլ
նաև՝ համարժեք դատական ակտ կայացրեց։ Ինչո՞ւ եմ սա ասում, որովհետև մենք մտավախություն
ունեինք, որ անթերի դատավարություն է անցկացվում, որ մենք խոսելու տեղ չունենանք, և
վերջում կարող է մի անարդար ակտ կայացվել։
Այնուամենայնիվ, ինչո՞ւ
է ինը տարի շարունակ նույն՝ կեղծ մեղադրանքը համառորեն առաջ տարվել։ Ո՞րն էր պատճառը՝
ըստ Ձեզ։
Դատախազական համակարգում այսպիսի մտածելակերպով մարդիկ կային
(գուցե հիմա էլ կան), որ եթե ինչ–որ մի վարկած անձամբ զինդատախազին թվում էր ճիշտ...
ասենք՝ պարոն Ջհանգիրյանը եթե վարկածներից մեկը, իր փորձի վրա հիմնվելով, համարում
էր ճիշտ և ասում էր՝ սրանք են սպանողը, դրանից հետո ամբողջ քննչական ապարատի պարտականությունն
էր դառնում այդ վարկածը ցանկացած գնով հիմնավորելը։ Իսկ թե պարոն Ջհանգիրյանը ո՞ր վարկածի
վրա էր կանգ առնում և ի՞նչ շարժառիթներով, ես արդեն չգիտեմ, հույս ունենամ, որ՝ բարեխիղճ
մոլորությունից ելնելով։ Բայց նա համարվում էր անսխալական և եթե ինչ–որ վարկած ընդուներ,
ուրեմն ամբողջ քննչական ապարատի ջանքերն ուղղվում էին ցանկացած գնով այդ վարկածը հիմնավորող
ապացույցներ ձեռքբերելուն և հետո էլ, դատական համակարգի վրա բիրտ ճնշման արդյունքում,
այդ մեղադրանքով դատավճիռների հասնելուն։
Խոշտանգումների և վատ
վերաբերմունքի վերաբերյալ հայտարարություններն այդպես էլ իրավական հետևանքներ չունեցան
ներպետական ատյաններում։ Ի՞նչ եք մտադիր անել այս ուղղությամբ։
Գործով նախկին պաշտպանը բոլոր ատյանները սպառելուց հետո խոշտանգումների
և ապօրինի կալանքի հետ կապված գանգատ է ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, և սպասում
ենք, որ շուտով եվրադատարանը պատասխան կտա՝ խոշտանգումներ եղե՞լ են, թե՞ ոչ։
Ես միշտ մի պարզ օրինակ եմ բերել։ Այս գործով մենք ունեցել ենք
երկու տարբեր մարդկանց՝ իրար բացառող ցուցմունքներ։ Երկու դեպքում էլ ունեցել ենք խոստովանական
ցուցմունք։ Պարզ է, որ վարկածներից առնվազն մեկը պետք է սխալ լինի։ Դուք պատկերացնո՞ւմ
եք՝ ինչ պիտի արած լինեն խոստովանողի հետ, որպեսզի իր վրա վերցնի երկու հոգու սպանություն,
որը չի արել։ Պարզ երևում է, որ իրենք այդ մեթոդիկային տիրապետում են, կիրառում են,
այսինքն՝ անել այնպես, որ անձը, ով կապ չունի սպանության հետ, սպանությունը վերցնի
իր վրա։
Յոթ–ութ տարբեր վկաներ դատավարության ընթացքում պատմել են, նկարագրել
են ոստիկանությունում իրենց նկատմամբ կիրառված խոշտանգումները։ Նույնիսկ մեկը պատմել
է, որ իր 14 տարեկան աղջկան տարել են ռազմական ոստիկանություն և մի գիշեր այնտեղ պահել։
Դրանից հետո, էլ ինչի՞ մասին է խոսքը...
Ի՞նչ եք կարծում, մեղադրող
կողմը կբողոքարկի՞ դատարանի վճիռը։
Զինդատախազը լրատվամիջոցներին արդեն ասել է, որ քննարկում են
բողոքարկման հարցը։ Կարծում եմ՝ կբողոքարկեն, որ գոնե ցույց տան, որ դա իրենց համոզմունքն
էր, որ այս մարդիկ մեղավոր են, որովհետև եթե չեն բողոքարկում, ստացվում է, որ իրենք
էլ համոզված էին, որ այս մարդիկ սպանության հետ կապ չունեն, բայց այդ ժամանակ ուրիշ
հարցեր կառաջանան։ Դրա համար իրենք կբողոքարկեն։ Չնայած՝ նորից եմ ասում, դատական նիստերին
ներկա գտված մի մարդ անգամ չկար, որի մոտ կասկածներ լինեին, որ տղաները մեղավոր են։
Մի մարդու մեջ միայն կասկած մնաց՝ տուժողներից մեկի մոր, ով գրեթե չէր գալիս դատական
նիստերին։ Ճիշտն ասած՝ իմ պաշտպանական ճառը ես միայն նրա համար էի պատրաստել, որովհետև
մնացած բոլորի համար ամեն ինչ պարզ էր, բայց ցավոք, նա չլսեց այն։
Ո՞րոնք են լինելու Ձեր
հետագա քայլերը։
Եթե դատախազությունը բողոքարկի, ես էլ փորձելու եմ պաշտպանել։
Հարցազրույցը՝ Մերի Ալեքսանյանի
