ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Օրենքը կարող է զենք լինել մեր ձեռքին».Լ.Ահարոնյան

Նոյեմբերի 25-ը աշխարհում
նշվում է որպես կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օր։ Կանանց ռեսուրսային
կենտրոնն արդեն մի քանի տարի է այդ օրը նշում է մեծ երթով, որով ազդարարում է ընդդեմ
գենդերային բռնության ակտիվության 16-օրյա քարոզարշավի մեկնարկը։
Քարոզարշավի շրջանակներում
և տարբեր առիթներով կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները
բարձրաձայնում են «Ընտանեկան բռնության մասին» օրենք ունենալու անհրաժեշտության մասին։
Օրենքի նախագիծը վերջնական մշակման փուլում է և ակնկալվում է, որ շուտով կներկայացվի
Կառավարությանը։
«Ընտանեկան բռնության
մասին» օրենքի անհրաժեշտության մասին զրուցեցինք Կանանց ռեսուրսային կենտրոնի նախագահ
Լարա Ահարոնյանի հետ։
Ինչո՞ւ է մեզ պետք ընտանեկան
բռնության մասին առանձին օրենք:
Առանձին օրենքի ընդունումը կարևոր է մի քանի առումներով։ Առաջինը,
եթե ընդունում ես օրենք, ուրեմն բնորոշում ես, թե ինչ է դա և, անկախ ամեն ինչից, դատապարտում
ես այդ երևույթը, որովհետև Հայաստանում շատերը մտածում են, որ բռնություն գոյություն
չունի։ Օրենքի ընդունումը կհաստատի, որ բռնություն կա Հայաստանում, կսահմանի այդ հասկացությունը,
ինչ ձևեր ունի և այլն։
Եթե օրենք լինի, հնարավոր կլինի նաև վիճակագրություն հավաքել,
որովհետև հիմա եթե հարցում ես անում դատարաններին, ոստիկանությանը, չկա վիճակագրություն,
հնարավոր չէ ընդհանուր գործերից առանձնացնել ընտանեկան բռնության գործերը:
Մյուս պատճառն այն է, որ ընտանեկան բռնությունը տարբերվում է
այլ անձի կողմից գործադրված բռնությունից, որովհետև դու ապրում ես բռնարարի հետ մի
տանիքի տակ և մեր օրենքները չեն նախատեսում մեխանիզմներ ընտանիքում, մասնավոր տարածքում
տեղի ունեցող բռնության համար, ինչպե՞ս պիտի կանխարգելվի, ինչպե՞ս պիտի ապահովվի զոհի
անվտանգությունը, նաև երեխաների հարցը կա...
Եթե բռնության ենթարկված կինը ոստիկանություն է դիմում, դատական
պրոցես է գնում, չկա մեխանիզմ, թե այդ ժամանակահատվածում՝ մինչև դատարանի որոշումը,
ի՞նչ է կատարվելու կնոջ հետ: Իսկ առանձին օրենքը սահմանում է պետության պարտավորությունները
զոհին աջակցելու հարցում, նախատեսում է ծառայությունները, ռեսուրսները և ավելի արդյունավետ
է պաշտպանում բռնության զոհին:
Շատ անգամ, երբ մեզ դիմում է բռնության ենթարկված կին, ով համարձակություն
է ունեցել լքել տունը, մենք չենք իմանում՝ ի՞նչ անել նրա հետ, որովհետև գործում է ընդամենը
երկու ապաստարան, որոնք հիմնվել են ՀԿ–ների կողմից և ազատ տեղեր չունեն։ Իսկ մարզերում
ընդհանրապես չկան ապաստարաններ։ Օրենքը կնպաստի, որ մեխանիզմներ լինեն նաև մարզերում,
հեռավոր գյուղերում ընտանեկան բռնության խնդիրը լուծելու համար:
Ըստ Ձեզ՝ որո՞նք են բռնության
պատճառները Հայաստանում, ինչ–որ առանձնահատուկ դրսևորումներ ունե՞ն՝ ազգային մտածելակերպով
և ավանդույթներով պայմանավորված։
Ամբողջ աշխարհում ընտանեկան բռնության պատճառները նույնն են`
լինես հայ, եվրոպացի, աֆրիկացի թե ամերիկացի։ Դա գալիս է կնոջ և տղամարդու անհավասարությունից,
հայրիշխանությունից։ Եթե դու հակառակ սեռին նայում իբրև քո ստորադաս, պարզ է, որ դու
նրա հետ պիտի վարվես ինչպես ստորադասի։ Քո իշխանությունը ցույց տալու կամ պահելու համար
բռնությունը ձևերից մեկն է, որ դիմացինին կարողանաս վերահսկողության, վախի մեջ պահես,
ապացուցես, որ դու ես որոշողը:
Իհարկե, սա ենթագիտակցորեն է արվում: Ինչքան էլ որ մենք իրազեկված
լինենք, մենք փոքրուց սովորել ենք, որ դերեր կան հասարակության մեջ, և դրանք հավասար
չեն. տղամարդը իշխող է, տեր է, կինը պիտի լինի
հնազանդ։
Եթե մենք ուզում ենք պայքարել ընտանեկան բռնության դեմ, մենք
պիտի պայքարենք դերերի, գենդերային կարծրատիպերի դեմ: Ընտանեկան բռնության երևույթները
կմնան այնքան ժամանակ, քանի դեռ մենք գենդերային իրավահավասարության չենք հասել:
Իսկ տնտեսական, սոցիալական և մյուս հարցերը ուժեղացնող կամ թուլացնող
գործոններ են, դրանք չեն ընտանեկան բռնության բուն պատճառները:
Կանանց կազմակերպությունների
փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում ընտանեկան բռնության ենթարկված կանայք հազվադեպ
են դիմում ոստիկանություն, իսկ դիմողների մի մասը հետագայում բողոքը հետ է վերցնում։
Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ։
Ոչ միայն Հայաստանում է այդպես, նույնիսկ այն երկրներում, որտեղ
կան հատուկ մասնագիտացված դատարաններ, ոստիկաններ, կանայք էլի հետ են վերցնում բողոքը,
և դա ավելի շատ սոցիալական և հոգեբանական արմատներ ունի։
Կինը, ով գնում է ոստիկանություն, արդեն իսկ ընկճված է և բավական
ծանր պրոցեսներով պիտի անցնի. նա պիտի վերապրի այդ ամենը, քննիչներին նորից պատմի,
ինչ կատարվել է իր հետ։ Հետո պիտի հարցուփորձ անեն, կասկածեն՝ «իսկ դո՞ւ ինչ արեցիր…»
Բողոքը շատ անգամ հետ են վերցնում, որովհետև իրենց պաշտպանված
չեն զգում, որովհետև շարունակում են բռնարարի հետ ապրել նույն հասարակության մեջ և
չգիտեն՝ նա էլ ինչի է ունակ։ Իսկ եթե երեխաներ կան, կինը չի աշխատում և գնալու տեղ
չունի, աջակցող չունի, սա ավելի է բարդացնում կնոջ վիճակը։
Նա չի ուզում կամ չի կարող ծնողների մոտ վերադառնալ, որովհետև
կարծրատիպ կա, որ եթե ամուսնացել ես, պիտի ամեն ինչի հետ հարմարվես։ Եթե մի բան այն
չէ ընտանիքում, ակամայից մեղադրում են կնոջը՝ «բայց ի՞նչ եղավ, կարո՞ղ է մի բան այն
չես արել»։ Այս հարցերը պիտի ընդհանրապես չտրվեն, որովհետև ինչ էլ լինի, դու իրավունք
չունես դիմացինի վրա ձեռք բարձրացնել, ճնշել, բռնանալ։
Դրա համար շատ կանայք, չիմանալով ինչ անել, մնում են տանը, և
արդյունքում կատարվում են այնպիսի դեպքեր, ինչպիսին Զարուհու հետ եղավ։
Մյուս կողմից, մենք չունենք ծառայություն, մասնագետներ, որ աշխատեն
բռնարարի հետ, ուղղեն նրան, աշխատեն ընտանիքի հետ։ Դրա համար կնոջ ընտրությունը փոքր
է՝ պետք է կա՛մ լքի ընտանիքը, կա՛մ համակերպվի, իրավիճակը շտկելու տարբերակ չկա։
Եթե «Ընտանեկան բռնության
մասին» օրենքն ընդունվի, իրավիճակը կփոխվի՞, զոհերը կդիմե՞ն ոստիկանություն։
Միայն օրենքի ընդունումը ոչինչ չի փոխելու։ Եթե միայն օրենքով
հարց լուծվեր, բոլորը օրենք կընդունեին և բռնություն չէր լինի, բայց օրենքը կարևոր
է և իրավապաշտպաններիս համար զենք է։ Մի կողմից մենք կարող ենք կանանց իրազեկել, մյուս
կողմից՝ ճնշում գործադրել պետության վրա, որ կատարի այն պարտավորությունները, որ օրենքով
վերցրել է իր վրա:
Իսկ հիմա մեր հնարավորությունները շատ սահմանափակ են օրենսդրական
առումով։ Այսինքն՝ պետք է և՛ օրենք, և՛ զուգահեռ իրազեկման աշխատանքներ։
«Ընտանեկան բռնության
մասին» օրենքի նախագիծը Կանանց իրավունքների կենտրոնը մշակել է դեռևս 2007 թվականին։
Ի՞նչն է պատճառը, որ մինչև հիմա օրենքը չի ընդունվել։
Մեր Կառավարությունում և Ազգային ժողովում
հիմնականում տղամարդիկ են, ովքեր տեղյակ չեն կանանց խնդիրներին, կարիքներին։ Ինչու
եմ ասում կանանց, որովհետև ընտանեկան բռնության հիմնական զոհերը կանայք են: Հետևաբար,
նրանք չեն զբաղվի այդ խնդիրներով այնքան ժամանակ, քանի դեռ ներքևից հասարակությունը,
ՀԿ-ները ճնշում չեն գործադրել, չեն բարձրաձայնել և ստիպել անդրադառնալ այդ հարցերին:
Հայաստանը Եվրոպական խորհրդի և ՄԱԿ-ի առջև
պարտավորություններ է ստանձնել, և ամեն անգամ արձանագրվում է, որ «Ընտանեկան բռնության
մասին» օրենքը դեռ չի ընդունվել։
Մի կողմից դրսի ճնշումը, մյուս կողմից ներսի՝
հասարակական կազմակերպությունների ճնշումը և այն աղմկահարույց դեպքերը, որ եղան, հասունացրեցին
օրենքի ընդունումը։ Ամեն կողմից ճնշում է, և հիմա հասել ենք մի կետի, որ այլևս չեն
կարող հետաձգել օրենքի ընդունումը։
Հարցազրույցը՝ Մերի Ալեքսանյանի