ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Լրագրող լինելս դեր խաղաց, բայց չգիտեմ՝ ինչ չափով»

Հոկտեմբերի 9-ին Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր
իրավասության դատարանը (դատավոր՝ Մնացական Մարտիրոսյան) անմեղ ճանաչեց «Ռեգնում» լրատվական
գործակալության երևանյան բյուրոյի խմբագրին՝ Ռուբեն Գրդզելյանին, ով մեղադրվում էր Քրեական օրենսգրքի
117-րդ հոդվածով՝ դատախազության աշխատակից
Մեսրոպ Մանրիկյանի առողջությանը թեթև վնաս պատճառելու մեջ։
Դատարանը նույն հոդվածով մեղավոր ճանաչեց դատախազի որդուն՝ Ալբերտ
Մանրիկյանին, ով ծեծի էր ենթարկել Գրդզելյանին, և նրա նկատմամբ կիրառեց նվազագույն
պատժաչափը՝ 50.000 դրամ տուգանք։
Միջադեպը
տեղի էր ունեցել այս տարվա մայիսի 12-ի գիշերը։
Հարցազրույց «Ռեգնում»
լրատվական գործակալության երևանյան բյուրոյի խմբագիր Ռուբեն Գրդզելյանի հետ։
Դատարանը Ձեր նկատմամբ
կայացրեց արդարացման վճիռ։ Սպասո՞ւմ էիք նման որոշման՝ հաշվի առնելով մեր արդարադատության
համակարգը։
Ճիշտ ասած՝ ոչ մի բան չէի կանխատեսում, բայց ամենաքիչը, ինչ
կանխատեսում էի, սա էր։
Դատարանի վճիռը Ձեզ բավարարո՞ւմ
է, 50.000 դրամ տուգանքը, ըստ Ձեզ, համարժե՞ք պատիժ է։
Այստեղ 50.000 դրամը չի հարցը, այստեղ սկզբունքի հարց է՝ մեկին
արդարացնում են, մյուսին՝ մեղավոր են ճանաչում քրեական հոդվածով։ Սակայն դատավորն արեց
առավելագույնը, ինչ հնարավոր էր անել այդ սարքած քննության պարագայում։ Ես բավարարված
չեմ ոչ թե դատարանի վճռով, այլ քննչական մարմնի գործողություններով, որոնք այդ պատմության
իրական մեղավորին՝ դատախազ Մանրիկյանին հանեցին գործից, վերաորակեցին գործը որպես մարմնական
վնասվածք հասցնելու դեպք։ Բայց այստեղ մարմնական վնասվածքի հարց չէր, այլ՝ խուլիգանության։
Դատարանը տեղի ունեցած քննության արդյունքներով կայացրեց մաքսիմալ օբյեկտիվ վճիռ։
Իսկ Մեսրոպ Մանրիկյանին
որպես մեղադրյալ չներգրավելու մեջ միտում տեսնո՞ւմ եք։
Ըստ էության, գործից հանել–մնալ, դա չէր կարևոր։ Ես ուզում էի,
ուղղակի, որ էն մարդը, ով էդ ամեն ինչը նախաձեռնել էր, սկսել էր, պատժվեր։ Նա անուղղակի
ձևով պատժվեց, որովհետև տղան ունեցավ դատվածություն, բայց ուզում էի, որ անձամբ ինքը
պատժվեր։
Իսկ դատախազին պատասխանատվության
ենթարկելու մասով Ձեր բողոքը շարունակելո՞ւ եք։
Չէ, գիտեք, առանց այդ էլ շատ էներգիա ու ռեսուրս տարավ ինձնից
այս պատմությունը՝ թե՛ բարոյական, թե՛ ֆինանսական։ Դրա համար երևի բավարարվեմ այսքանով։
Ես ուղղակի ուզում էի ապացուցել, որ ինչ–որ բան պիտի փոխվի ու
փոխվում է։ Դրական եմ համարում սա այն առումով, որ ինչ–որ բանի հասա, որը 10 տարի առաջ
անհավանական կլիներ։
Ընթացքում էլ հասարակական ճնշումը շատ էր, ու դա էլ իր ազդեցությունն
ունեցավ։
Իսկ ի՞նչ եք կարծում,
Ձեր նկատմամբ արդարացման վճիռ կայացնելու հարցում դեր խաղա՞ց այն հանգմանքը, որ դուք
լրագրող եք, այսպես ասած՝ «չորրորդ իշխանության ներկայացուցիչ»։
Անպայման, դա դեր խաղաց, բայց ինչ չափով՝ չեմ կարող ասել։ Մենք
ճնշման տակ էինք պահում, մեր լրագրող ընկերները, մյուս լրատվամիջոցները ուշադրության
կենտրոնում էին պահում, պարբերաբար հրապարակումներ էինք անում... Այդ ամենը իր դեր
ունեցավ, բայց ինչ չափով, չեմ կարող ասել։
Երրորդ անձի մասնակցությունը
ծեծին, ի վերջո, հաստատվե՞ց դատարանում։
Ես մի քանի ամիս հետաքրքվեցի և գտա այդ մարդուն, ով միջադեպի
ժամանակ այդտեղ է եղել։ Իմացա որտեղ է բնակվում և դատարանում հայտարարեցի այդ մասին։
Նրան կանչեցին դատարան հարցաքննության։ Ես ասացի, որ անիմաստ է կանչելը, որովհետև ասելու
է, որ այնտեղ չի եղել, ու այդպես էլ եղավ. Եկավ, ասաց, որ այնտեղ չի եղել ու թողեց,
գնաց։
Դատավորը վճռում կարևոր եզրակացություն է արել. գրել է, որ արժանահավատ
չեն վկա Բելլա Մովսիսյանի ցուցմունքները, ում վերաբերյալ ես պնդում էի, որ շինծու վկա
է, ինչպես նաև արժանահավատ չեն Մեսրոպ Մանրիկյանի, նրա որդու՝ Ալբերտ Մանրիկյանի և
քրոջ ցուցմունքները։
Բայց մի բաց հարց մնաց. դատարանում Բելլա Մովսիսյանը հայտարարեց,
որ իրեն առևանգել են և ժամեր շարունակ պահել են Ազգային անվտանգության ծառայությունում՝
անազատության մեջ։ Նա լուրջ մեղադրանք հնչեցրեց, ինչը մնաց առանց իրավական հետևանքի։
Իհարկե, ես կարծում եմ, որ նա հորինել է, նման բան չի եղել, բայց, ամեն դեպքում, նման
լուրջ մեղադրանքը չպետք է մնար անհետևանք։
Հարցազրույցը՝ Մերի Ալեքսանյանի
