ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Քաղբանտարկյալ» եզրույթի սահմանումը իրավական հետևանք չի ունենա
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հոկտեմբերի 3-ին ընդունեց
մի բանաձև, որով սահմանեց «քաղաքական բանտարկյալ» եզրույթը:
Վեհաժողովը կոչ արեց ԵԽ անդամ պետություններին այս բանաձևի չափանիշների հիման վրա
վերանայել բոլոր այն գործերը, որտեղ խոսվում է ենթադրյալ քաղբանտարկյալների մասին՝
նրանց ազատ արձակելով կամ գործերը վերաբացելով:
Այս թեմայով հարցազրույցը իրավաբան, փորձագետ Արտակ Զեյնալյանի հետ:
«Քաղաքական բանտարկյալ» եզրույթը
սահմանող բանաձևն ընդունելով` ԵԽԽՎ-ն ի՞նչ խնդիր լուծեց:
Նախևառաջ շեշտեմ, որ ԵԽԽՎ սահմանումը
իրավական ձևակերպում չէ, այլ, պարզապես, քաղաքական հայտարարություն, քանի որ «քաղբանտարկյալներ»
եզրույթն արդեն վաղուց սահմանված է միջազգային իրավապաշտպան այլ կազմակերպությունների
կողմից, որոնցից մեկը «Ամնեսթի ինթերնեշնլն» է (Amnesty International):
Դա իրավական
հետևանք չառաջացնող սահմանում է, քանի որ ընդգրկված չէ որևէ միջազգային փաստաթղթում,
որը վավերացրել է Հայաստանի
Հանրապետությունը կամ որևէ այլ երկիր: Եվրոպայի խորհրդի անդամ երկրների օրենսդրության
մեջ էլ ներմուծված չէ, որից պարզ է դառնում, որ ԵԽԽՎ բանաձևը որևէ իրավական
հետևանք չի առաջացնելու: Ուղղակի պահը հասունացել էր, վաղուց խոսում էին այդ մասին:
Այսինքն` դա պարզապես քաղաքական փաստաթուղթ է, և չեմ կարծում, որ Հայաստանն այդ որոշման
հետ կապ ունի:
Քաղբանտարկյալների վերաբերյալ քրեական գործերը,
ամեն դեպքում, կվերանայվե՞ն այս բանաձևի ընդունումից հետո:
Ո'չ: Սովորաբար, իշխանությունները
մարդկանց քաղաքական հայացքների համար ենթարկում են հետապնդման՝ օգտագործելով քրեական օրենսգրքի այլ հոդվածներ: Օրինակ` ոստիկանի օրինական պահանջներին չենթարկվելը, փողերի լվացում
կամ իշխանության յուրացման փորձ, ինչը որ միշտ է տեղի ունեցել Հայաստանում:
Եթե անգամ նույն ձևակերպումը
գրված լինի ՀՀ քրեական օրենսգրքում կամ ՀՀ քրեական դատավարության օրեսգրքում, միևնույն
է, ՀՀ իշխանությունները պնդելու են, որ Հայաստանում չեն եղել և չկան քաղբանտարկյալներ
կամ քաղաքական հետապնդման ենթարկվողներ: Իշխանությունները պնդելու են, որ, օրինակ,
Ալեքսանդր Արզումանյանը կամ Կարապետ Ռուբինյանը քաղբանտարկյալներ չեն եղել: Մենք` բոլորս
պնդելու ենք, որ նրանք եղել են քաղբանտարկյալներ, որովհետև համապատասխանում են այդ
սահմանմանը՝ պարունակելով բոլոր հատկանիշները:
Ձեր կարծիքով, ո՞ր դեպքում գործերը կվերանայվեն, և քաղբանտարկյալներին
կհատուցե՞ն պատճառած վնասների համար:
Հաստատ, ԵԽԽՎ փաստաթղթի նման փաստաթղթերը
չեն հիմք հանդիասանալու, որ գործերը վերանայվեն, այլ` միայն Եվրոպական դատարանի կայացրած վճիռները:
ԵԴ-ն արձանագրելու է, օրինակ, արդար դատաքննության իրավունքի խախտում կամ Մարդու իրավունքների
եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտում, որը սահմանում է, որ պատիժը բացառապես
օրենքի հիման վրա պետք է լինի: Կամ, լավագույն դեպքում, կարձանագրեն խաղաղ հավաքների ազատության իրավունքի
խախտում կամ խոսքի ազատության իրավունքի խախտում` զուգակցված քաղաքական
հայացքների հետ, ինչպես արվեց Գրիշա Վիրաբյանի գործով, և
դա հիմք է հանդիասանալու դատական ակտը վերանայելու համար:
Հարցազրույցը՝ Կարինե Իոնեսյանի
