ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՄԻՊ. «Սին լոզունգներն ինձ նյարդայնացնում են. ակնկալում եմ կոնկրետ լուծումներ»

Հարցազրույց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի
հետ
Մարդու իրավունքների պաշտպանի
(ՄԻՊ) մարզային գրասենյակներն արդեն գործո՞ւմ են։
Այո, մարզային գրասենյակներն արդեն բացված են և բոլորն էլ գործում
են: Գրասենյակները վեցն են՝ Վանաձորում, Գյումրիում, Եղեգնաձորում, Գավառում, Իջևանում
և Կապանում: Մարդիկ արդեն դիմում են, զանգում են, և ընտրական գործընթացների հետ կապված
ակտիվություն կա: Այս ամենի մասին ամփոփ մենք կներկայացնենք ընտրություններից հետո,
որովհետև այս պահին մեր ցանկացած մեկնաբանություն կարող է օգտագործվել ընտրական գործընթացում
այս կամ այն քաղաքական ուժի քարոզչության օգտին: Մենք կմնանք չեզոք. բազմաթիվ զեկույցներ,
հայտարարություններ կլինեն հետո:
ՄԻՊ գրասենյակն ընտրական
գործընթացին վերաբերող ի՞նչ աջակցություն է ցուցաբերում։
Նախ առանձին թեկնածուները՝ կուսակցությունները և նրանց ներկայացուցիչները,
ունենում են տարբեր խնդիրներ, որով մեզ դիմում են, ստանում են խորհրդատվություն:
Մյուսը՝ մենք ֆիքսում ենք խախտումներ, որոնց մասին 116 թեժ գծով
ահազանգում են, մեզ տեղյակ են պահում և մենք գնում ենք դեպքի վայր:
Ցավոք, իրավական գործընթացներ չենք կարողանում սկսել, զարգացնել։
Օրինակ՝ Եղեգնաձորում կար ահազանգ, որ դպրոցի ուսուցիչներին ստիպել են ինչ-որ կուսակցության
օգտին աշխատել: Մեր արագ արձագանքման խումբը հայտնվել էր տեղում, և դրանից հետո մարդը,
ով բողոքել էր, հրաժարվել էր ու չէր ցանկացել դիմում գրել, որպեսզի մենք դրան ընթացք
տանք: Նույնիսկ այն դեպքում, երբ մենք մարդկանց խոստանում ենք (և օրենքով էլ մեր պարտականությունն
է) գաղտնի պահել իրենց անունը, իրենք հաճախ դարձյալ հրաժարվում են գործընթացը շարունակել:
Երևանից էլ կան ահազանգեր, մենք տվյալները ոստիկանություն ենք
փոխանցել, մեկը կոնկրետ շենքում անձնագրային տվյալների հավաքագրման մասին էր կամ դրամի
առաջարկություն, բայց ես չեմ ուզում խոսել դրա մասին, որովհետև նախ դեռ մինչև վերջ
չենք պարզել, և հետո դա կարող է շահարկման առարկա դառնալ:
Մենք հիմա ֆիքսում ենք խախտումները և գործընթաց ենք սկսում,
բայց եթե նույնիսկ մենք հիմա չկարողանանք խախտումը դարձնել պատժվող երևույթ, մենք կկարողանանք
գոնե հետո մեր զեկույցում դա հասարակությանը ներկայացնել:
Իսկ դիմումները, ահազանգերը
շա՞տ են:
Անկեղծ ասած, քանակն այդքան էլ շատ չէ, և մեր սպասումները, որ
կլինեն շատ ահազանգեր, չիրականացան՝ ի ուրախություն մեզ: Նշանակում է դժգոհություններն
այդքան շատ չեն, որքան կարող էին ակնկալվել: Մամուլից շատ ավելի շատ ենք մենք լսում
ահազանգեր, որոնց հետքերով նույնպես գնում ենք և հաճախ ուղղակի խոսակցություններ են,
որոնք չեն շարունակվում, որևէ մեկը չի ասում՝ մենք իսկապես դա տեսել ենք, ասում են՝
մենք լսել ենք, որ մեկը տեսել է: Այսինքն՝ առաջնային աղբյուր մենք չենք կարողանում
գտնել, որպեսզի ընթացք տանք այդ գործերին:
Դուք մի առիթով ասացիք,
որ ձեր ձայնը կտաք այն կուսակցությանը, որն իրատեսական երաշխիքներով ծրագիր կներկայացնի հատկապես արդար
դատավարության ոլորտում: Առաջադրված կուսակցություններից որևէ մեկի ծրագրում դուք տեսնո՞ւմ
եք այդ երաշխիքները:
Անկեղծ ասած, ես դեռ չեմ տեսնում այն լուծումը, որն ակնկալում
եմ արդար դատաքննության հետ կապված: Ինքս դեռ չեմ հասցրել բոլոր ծրագրերը մանրամասն
ուսումնասիրել, հնարավոր է ինչ-որ իմաստով մեղք եմ գործում բոլոր կուսակցությունների
նկատմամբ՝ ասելով, որ ես դեռ չեմ գտնել իմ պատկերացրած կամ ակնկալած լուծումները՝ որպես
քաղաքացի: Բայց այս վերջին շաբաթվա ընթացքում ուսումնասիրելու եմ բոլորի ծրագրերը՝
հատկապես արդար դատաքննության իրավունքի մասով, և եթե գտնեմ, անպայման ձայնս կտամ այդ
ուժին՝ անկախ նրանից, թե ինչ համակրանք ունեմ:
Ես պետք է հավատամ, որ այդ ծրագիրը ոչ միայն կոնկրետ է, շոշափելի
է, այլև՝ իրատեսական։ Այսինքն՝ ուղղակի ասել, որ մենք ուզում ենք ունենալ արդար դատարան,
ինձ, որպես քաղաքացի, նման սին լոզունգները նյարդայնացնում են: Ես ուզում եմ ամեն խոստման
տակ տեսնել կոնկրետ լուծում, կոնկրետ առաջարկ, կոնկրետ մեխանիզմ: Ես հույս ունեմ, որ
մեր բոլոր քաղաքացիներն են սպասում նման ծրագրերի, այլ ոչ՝ պարզապես գեղեցիկ լոզունգների:
Ի վերջո, ի՞նչ է մեզ պետք
ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ ունենալու համար:
Մեզ նվազագույնը պետք է խելացի, ակտիվ, առողջ քաղաքացի: Միևնույն
ժամանակ, մեզ պետք է լավ ոստիկանություն և դատախազություն, որ կարողանան խախտումները
հստակ քննել և մարդկանց մոտ առաջացնել վախի մթնոլորտ ոչ թե ինչ-որ ուժերից, այլ՝ վախի
մթնոլորտ օրենքից: Եվ եթե կարողանանք ունենալ առողջ քաղաքացի և նորմալ ոստիկանություն
ու դատախազություն, բնականաբար, կունենանք ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ:
Իսկ ընտրական վարչարարությունը վերջին տարիներին այնքան է աճել,
որ հիմա վարչարարության մեջ չէ խնդիրը, այլ նշված մարմինների աշխույժ և ճիշտ գործելակերպի
մեջ:
Ասում եք՝ «մեզ պետք է»,
«եթե ունենանք», իսկ կա՞ն նախադրյալներ:
Որոշ իմաստներով իսկապես դրական զարգացումներ ունենք ոստիկանությունում,
սպասում ենք դեռ դատախազության գործողություններին: Եթե ունենանք այս մարմինների իրավաչափ,
ճիշտ, ակտիվ գործունեություն, իսկ դրա գնահատականը ես կհնչեցնեմ միայն ընտրություններից
հետո,թե որքանո՞վ են կոնկրետ գործերին ընթացք տրվել, ինչպե՞ս է տարվել նախաքննությունը
և հետո դա հասել դատարան. միայն իրավական այս գործընթացները կերաշխավորեն իսկապես ազատ,
արդար ընտրություն: Նման գնահատականներ կարելի է տալ, երբ գործընթացն արդեն որոշակի
տեսք ունի:
Այսօր ես տեսնում եմ, որ գոնե ոստիկանությունն ամեն ինչ փորձում
է անել, որպեսզի գոնե բացատրի իր գործողությունները: Սա արդեն դրական միտում է: Ամեն
ահազանգին մենք տեսնում ենք ոստիկանության որոշակի արձագանք: Ես շատ դրական եմ գնատահում,
բայց ընդհանրական գնահատականներ կարող ենք տալ միայն ընտրություններից հետո:
Հարցազրույցը՝ Մերի Ալեքսանյանի
