Հասարակությունը պետք է ստիպի արդար ընտրություններ անցկացնել

Հարցազրույց «Հայաստանն առանց ընտրակեղծիքների» նախաձեռնության համակարգող Լուսինե Մանուկյանի հետ

Ի՞նչ նպատակով որոշեցիք ստեղծել այս նախաձեռնող խումբը և ինչո՞ւ հենց «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում:

Մեր նպատակն է, որ մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի հասկանա, որ Հայաստանի ապագան կախված է անցկացվող ընտրությունների որակից: Հաշվի առնելով առանց ընտրակեղծիքների, ազատ և արդար ընտրությունների նշանակությունը մեր երկրի համար՝ մի խումբ երիտասարդներով «Ֆեյսբուքում» ստեղծեցինք «Հայաստանն առանց ընտրակեղծիքների» խումբը:

Մեր խումբն այս կամ այն կուսակցության քարոզով չի զբաղվում: Մենք փորձում ենք հասնել նրան, որ մի օր մեր երկրում ընտրակեղծիքների մասին անգամ չմտածեն:

Խումբն ստեղծելուց հետո կարճ ժամանակ անց նկատեցինք, որ այն մեծ հետաքրքրություն է առաջացրել, և պատահական չէ, որ խմբի անդամների թիվը գերազանցում է 4 հազարը: Մենք հասկացանք, որ մեր աշխատանքները վիրտուալ դաշտից պետք է տեղափոխել նաև իրական կյանք: Մի խումբ ակտիվ անդամներով աշխատանքային խմբեր ձևավորեցինք և սկսեցինք ուսումնասիրել ընտրացուցակները՝ կեղծիքներ և անճշտություններ հայտնաբերելու համար:

Իսկ ինչպե՞ս եք ուսումնասիրում 2,5 միլիոն քաղաքացիներ ընդգրկող ընտրացուցակները:

Մենք խմբում ունենք տաղանդավոր երիտասարդներ, որոնց ջանքերով ստեղծվեց «Ֆայնդեր» անվանումով համակարգչային ծրագիրը: Այդ ծրագրի օգնությամբ հնարավոր է դառնում հեշտությամբ հայտնաբերել ընտրացուցակներում առկա կասկածելի գրանցումները: Ավելին, այս ծրագիրը թույլ է տալիս գտնել նույն անուն-ազգանուն-հայրանունն ունեցող մարդկանց, որից հետո մենք ստուգում ենք, թե արդյոք նման մարդիկ իրականում գոյություն ունե՞ն, թե՞ նույն մարդիկ են՝ տարբեր հասցեներում գրանցված: Այս ծրագրով հեշտությամբ գտնում ենք այն հասցեները, որտեղ գրանցված են հինգ և ավելի թվով ընտրող:

Իսկ ձեր հայտնաբերած կասկածելի հասցեները կամ ընտրողներին ինչպե՞ս եք ստուգում, ռեսուրսները բավականացնո՞ւմ են:

Ասեմ, որ մեր ռեսուրսներն այնքան էլ քիչ չեն: Ուրախալի է, որ մեր սպասվածից ավելի շատ երիտասարդներ միացան մեր ֆեյսբուքյան խմբին: Իսկ ընտրացուցակներն ստուգելու համար, ինչպես արդեն նշեցի, ձևավորել ենք խմբեր: Մեզ շատ է օգնում «Ֆայնդեր» համակարգչային ծրագիրը, այն մեր աշխատանքը բավական հեշտացրել է: Մենք ծրագիրը նաև տարածել ենք համացանցով, տրամադրել ենք լրատվամիջոցներին, նախընտրական շտաբներին:

Անճշտություններ հայտնաբերելուց հետո ի՞նչ եք ձեռնարկում, ո՞ւմ եք դիմում:

Մեր հայտնաբերած տվյալները տրամադրում ենք նախընտրական շտաբներին: Իսկ շտաբներն էլ այդ մասին ահազանգում են ոստիկանությանը և փորձում ճշտումներ մտցնել ընտրացուցակներում: Ես կարծում եմ, որ մենք միայնակ ոչնչի չենք կարող հասնել:

Մենք նաև անճշտությունների մասին հայտնում ենք լրատվամիջոցներին, որոնց հրապարակումների հիման վրա արդեն ոստիկանները, կարծում եմ, կստուգեն մեր մատնանշած կասկածելի գրանցումները:

Ի՞նչ անճշտություններ եք հայտնաբերել մինչև օրս և ի՞նչ բնույթի են եղել դրանք:

Բազմաթիվ անճշտություններ և կասկածելի բնույթի գրանցումներ ենք հայտնաբերել: Նույնիսկ ոստիկանությունը գնացել է մեր նշած կասկածելի գրանցումների հետևից և հանդես եկել համապատասխան հայտարարությամբ:

Անճշտությունների հիմնական մասը վերաբերում է մահացածներին, որոնք դեռ ցուցակներից չեն հանվել, հայաստանյան գրանցում չունեցողներին, ինչպես նաև գտել ենք այն հասցեները, որտեղ գրանցվել են 20 հոգի, 35, 50 կամ 60: Կարծում ենք, որ սա արդեն կասկածելի է, երբ մի բնակարանում կամ տանն այսքան մեծ թվով մարդիկ են գրանցված:

Իսկ ո՞ր կուսակցությունների կամ շտաբների հետ եք համագործակցում:

Մենք համագործակցում ենք այն բոլոր կուսակցությունների հետ, որոնք պայքարում են ընտրակեղծիքների դեմ:

Իսկ Հայաստանի հանրապետական կուսակցության հետ համագործակցո՞ւմ եք:

Ցավոք, մենք դեռ չենք տեսնում, որ ՀՀԿ-ն մասնակցում է ընտրակեղծիքների դեմ պայքարին: Միայն այն, որ նրանք նորմալ են համարում, որ Հայաստանում մոտ 2,5 մլն ընտրող կա, արդեն շատ բանի մասին է ասում:

Իսկ այլ ընտրախախտումներով զբաղվո՞ւմ եք, թե կենտրոնացած եք միայն ընտրացուցակների անճշտությունների վրա:

Մենք կենտրոնացած չենք միայն ընտրացուցակների վրա, պարզապես այս պահին դրանց ճշտումը և սխալների հայտնաբերումը կարևոր նշանակություն ունի: Բացի այդ, մեզ տեղեկացնում են տարբեր ընտրախախտումների մասին: Օրինակ՝ որ այս կամ այն վայրում ընտրակաշառք են առաջարկել կամ ճնշում են գործադրում ընտրողների վրա՝ ստիպելով մասնակցել նախընտրական հանդիպումների: Այդ մասին մենք տեղեկացնում ենք լրատվամիջոցներին և նախընտրական շտաբներին:

Նշեմ նաև, որ բացի ընտրացուցակներն ուսումնասիրելը, մեր խմբի անդամները տարածում են թռուցիկներ, որտեղ ընտրողներին կոչ ենք անում օգտվել իրենց ընտրելու իրավունքից, պայքարել ընտրակեղծիքների դեմ և արագ արձագանքնել դրանց: Այս պահին էլ մեր խմբի ակտիվիստները տարածում են նմանատիպ թռուցիկներ, որոնք, կարծում եմ, ընտրողներին կստիպեն մեկ անգամ ևս մտածել առանց ընտրակեղծիքների ընտրության անհրաժեշտության մասին:

Այս ընտրություններին ընդառաջ քաղաքացիական հասարակությունն ավելի կազմակերպված է գործում, դա ինչ-որ ազդեցություն կունենա՞, ըստ ձեզ:

Համոզված եմ, որ նրանք, ովքեր պատրաստվում են ընտրակեղծիքներ իրականացնել, անակնկալի եկան` տեսնելով քաղաքացիական հասարակության անհամեմատ մեծ ակտիվությունը: Անշուշտ, այստեղ իրենց դերը խաղացին սոցիալական ցանցերը` հատկապես «Ֆեյսբուքը»:

Կցանականայի, որ այս ընտրություններն սկիզբը դառնան ազատ, արդար և առանց ընտրակեղծիքների ընտրությունների անցկացման համար: Բայց, ցավոք, մենք դեռ չենք տեսնում, որ իշխանությունները պատրաստ են արդար և ազատ ընտրություններ անցկացնել, և մեր նախաձեռնող խումբը կարծում է, որ հասարակությունը պետք է ստիպի իշխանություններին` նորմալ ընտրություններ անցկացնել: Այստեղ մենք կարևորում ենք բոլոր առողջ ուժերի համագործակցությունը, քանի որ առանձին-առանձին գործելով` մենք ոչնչի չենք հասնի:

Հարցազրույցը՝ Մերի Ալեքսանյանի