ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
2011թ. արել ենք մեր հնարավորությունների առավելագույնը. Կարեն Անդրեասյան

Հարցազրույց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ
Մարդու իրավունքների պաշտպանության (ՄԻՊ) ինստիտուտի կայացման տեսանկյունից ինչպե՞ս կգնահատեք 2011 թվականը:
Ես 2011թ. հասկացա, որ Հայաստանի Հանրապետությունում Մարդու իրավունքների պաշտպանը գործում է գրեթե մենակ: Այսինքն՝ չկա ոչ մի տեսակ իրական մտահոգություն, աջակցություն, անհանգստություն որևէ կողմից: Անշնորհակալ կլինենք, եթե չասենք, որ մեզ աջակցել են տարբեր կառույցներ, կազմակերպություններ, անհատներ, բայց չենք կարող ասել, որ եղել են այնպիսի մարդիկ, կազմակերպություններ, ուժեր, որ մեզ հետ մտահոգվել են՝ ինչպես ուժեղացնել պաշտպանի ինստիտուտը:
Ես տեսնում եմ, որ մարդկանց ուշադրությունն իրենց իրավունքների ուղղությամբ բավականին մեծացել է Հայաստանում: Գործում են հասարակական կազմակերպություններ, որոնք մտածում են իրենց ոլորտում ինչ կարողանում են'անեն, իսկ թե ՄԻՊ ինստիտուտը կզարգանա, թե՝ ոչ, իրենց չի հետաքրքրում: Այս իմաստով՝ 2011թ. կան մեծ ձեռքբերումներ ՄԻՊ գրասենյակի և տարբեր անհատների ու ՀԿ-ների համագործակցության առումով: Եվ այն աշխատանքը, որ մենք ենք նախաձեռնել և առաջարկել, այդտեղ ունենք արդյունքներ:
Միջազգային կառույցների հետ աշխատանքի արդյունքում մենք այս տարվա ընթացքում կարողացել ենք անել մի շարք հանրային քննարկումներ և միջոցառումներ: Դա կայացման, ճանաչելիության իմաստով կարևոր է և նաև օգտակար:
ՀԿ-ների հետ համագործակցությամբ մենք կարողացանք բացել արագ արձագանքման ծառայություն, որը հնարավորություն է տալիս ահազանգերի դեպքում տեղում հայտնվել և անմիջական օգնություն ցույց տալ: 116 համարով թեժ գիծը մեր ձեռքբերումներից մեկն է, որովհետև չի եղել նման թեժ գիծ: Եթե դրա որակն ու ճանաչելիությունը մեծանա, ապագայում մենք կվայելենք այսօրվա այդ քայլի արդյունքները:
Մյուս ձեռքբերումն այն էր, որ Մարդու իրավունքների EXPO-2011-ի շրջանակներում մենք կարողացանք դառնալ հարթակ, որտեղ ներկայացվեցին մարդու իրավունքների գրեթե բոլոր ոլորտները և քննարկվեցին խմդիրները: Մյուս տարի կփորձենք ավելի ամբողջական ներկայացնել:
Մենք կարողացանք ունենալ մարզային այցելություններ, և հուսով եմ արդեն մյուս տարվա սկզբին պաշտպանի 6 գրասենյակներ կբացենք մարզերում՝ որպես կայացման մեկ այլ քայլ:
ՄԻՊ գրասենյակն իր առջև դրել է համակարգային խնդիրներ լուծելո՞ւ, թե՞ անհատների իրավունքները պաշտպանելու խնդիր: Ո՞րն է Հայաստանում ՄԻՊ ինստիտուտի գործունեության ճիշտ ուղղությունը:
Ես՝ որպես պաշտպան, այդ դիլեմայի առաջ եղել եմ առաջին օրվանից՝ ի՞նչ անել. կենտրոնանալ անհատակա՞ն, թե՞ համակարգային խնդիրների վրա: Հենց սկզբում, երբ ես ասացի, որ սա ծառայություն է, ես ի նկատի ունեի հենց անհատական դիմումները, երբ մարդը դիմում և ստանում է պաշտպանության ծառայություն: Դու այդպես կարող ես օգնել հարյուրավոր, հազարավոր մարդկանց, բայց ի վերջո մարդու իրավուքների վիճակը Հայաստանում գոհացուցիչ չի լինի: Միևնույն ժամանակ, երբ դու կենտրոնանում ես օրենսդրական, համակարգային բարեփոխումների, քաղաքականության մշակման վրա, դա երկարաժամկետ է, և այսօրվա աշխատանքի արդյունքը կերևա 3-4 տարի հետո, իսկ մարդկանց իրավունքները ոտնահարվում են հենց այսօր, հենց այս պահին:
Մենք հարցը լուծել ենք հետևյալ կերպ, մեր ամբողջ աշխատակազմը բաժանված է երկու մասի՝ մի խումբն աշխատում է անհատական դիմումներով, մյուս մասը կենտրոնացած է համակարգային բարեփոխումների վրա: Եվ մենք այս 50/50 բաժանման մեջ ենք տեսնում արդյունք ստանալու հնարավորությունը:
Չնայած ՀՀ նախագահը բազմիցս խոսում է արդար դատավարության կարևորության և անարդար գործողներին խստագույնս պատժելու մասին, այդուհանդերձ, ձեր՝ երեք դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու դիմումն այդպես էլ արդյունք չտվեց. ո՞րն է այս իրավունքի պաշտպանությանն ուղղված հաջորդ քայլը:
Երբ հարցնում են՝ ո՞րն է մարդու իրավունքների ոլորտի ամենամեծ խնդիրը, Հանրապետության նախագահը, Արդարադատության նախարարը, Մարդու իրավունքների առաջին պաշտպանը և ես նույն պատասխանն ենք տալիս՝ արդար դատաքննությունը: Եթե բոլորս նշում ենք դա, ուրեմն խնդիրն ամենացավոտն է:
Հիմա մենք պետք է մտածենք՝ իսկ ո՞վ է առաջարկում ամենալավ լուծումն այդ խնդիրների: Ես այս մի տարում արեցի մի շարք քայլեր՝ այս ոլորոտի կարգավորմանն ուղղված, բայց ձախողեցի: Դա երկրի, հասարակության ձախողումն է: Եթե բոլորն են նշում այդ խնդիրը, ապա առողջ հասարակությունում հաջորդ քայլն այն պիտի լինի, որ քաղաքական ուժերը, խնդրով մտահոգվելով, առաջարկեն լուծումներ: Ես հրապարակավ խնդրեցի քաղաքական ուժերին առաջիկա ընտրություններում դատաիրավական բարեփոխումները դարձնել օրակարգի հարց: Ընտրողը պիտի մտածի՝ ո՞ր քաղաքական ուժն է առաջարկում ամենացավոտ խնդրի ամենալավ լուծումը: Ես անձամբ քվերակելու եմ այն ուժի օգտին, ով ոչ թե ամենալավ սոցիալական, տնտեսական լուծումներն է առաջարկում, այլ որն ամենալավ դատաիրավական բարեփոխումն է առաջարկում: Այդ բարեփոխումն իմ առաջնահերթությունն է՝ որպես քաղաքացի:
Այս տարի բազմաթիվ էին լրատվամիջոցների դեմ հայցերը. դուք որոշ քայլեր ձեռնարկեցիք՝ Տեղեկատվական վեճերի խորհուրդ ստեղծվեց, դիմեցիք Սահմանադրական դատարան (ՍԴ). գո՞հ եք այդ նախաձեռնությունների արդյունքից:
Տեղեկատվական վեճերի խորհուրդը բավական քիչ արդյունավետություն ցույց տվեց: Ես նախ դիմեցի դատավորներին՝ խնդրելով լավ կիրառել օրենքը, որովհետև դա իմ առաջարկը չէ, այլ Եվրոպական դատարանի և մեր օրենսդրության պահանջն է: Եղավ օրենքի բավական տհաճ կիրառություն (աղմուկը տեղին էր և արդարացի), որից հետո ես առաջարկեցի ստեղծել մի հեղինակավոր և անշահախնդիր մարմին՝ խորհուրդ, որը կօգնի արդարադատությանը: Մարմինը շատ որակյալ աշխատանք է անում, բայց արդյունքները գոհացուցիչ չեն:
Ես արեցի հաջորդ քայլը՝ դիմեցի ՍԴ, որպեսզի իրավական ճնշում լինի վատ դատավորի վրա: Արդյունքը մաքսիմալիստական չէր, բայց շատ դրական էր, որովհետև հիմա կա ՍԴ մի որոշում, որը շատ բացեր լրացրեց և թույլ չի տա դատավորին ապօրինի որոշումներ կայացնել:
Այս ամենով հանդերձ՝ ես համարում եմ, որ տարին այս ոլորտում չափազանց արդյունավետ էր, բայց դրա մասին շատ չեմ խոսում, որովհետև, ցավոք սրտի, լրագրողական աշխարհում այնքան են անձամբ ինձ և մեր ինստիտուտի աշխատանքը սևացրել, որ հոգնել եմ նույնիսկ արձագանքելուց: Ուղղակի արել եմ գործս՝ առանց սպասելու գնահատականի: Եվ ամփոփելով՝ կարող եմ ասել, որ 2011թ. իմ աշխատանքը հենց խոսքի ազատության, զրպարտության և վիրավորանքի հոդվածի մասով գնահատում եմ բավական դրական և արդյունքն էլ այնպիսին, որ 2012թ. բարեխիղճ, ազնիվ լրագրողները կարող են ավելի վստահ գործել: Իհարկե, կան ռիսկեր, որ արտավոր դատավորի դեպքում գուցե լինի անարդար վճիռ, բայց դա արդեն համակարգային հարց չէ: Համակարգային հարցը լուծված է, իսկ անհատական գործերով, եթե լինեն անարդար վճիռներ, դրանց կարձագանքի հասարակությունը, և ես էլ որպես պաշտպան կփորձեմ միջամտել:
Բանակում մարդու իրավունքների իրացման և պաշտպանության մակարդակը գոհացուցիչ չէ, դա են վկայում բանակում տեղի ունեցող միջադեպերը: Քաղաքացիական հասարակության անդամները և բողոքի ակցիաների մասնակիցներն առաջարկում էին ունենալ առանձին զինվորական օմբուդսմեն: Ի՞նչ եք կարծում, սա իրատեսակա՞ն պահանջ է:
Եթե պետությունը կարողանա մեզ տալ 5-6 լրացուցիչ աշխատողների հնարավորություն, ում գործը կլինի զորամասեր գնալը՝ մենք չենք զլանա: Այսինքն՝ բացել նոր զինվորակնա օմբուդսմեն իր շենքով և այլնով՝ ծիծաղելի է, երբ դու չես կարողնաում թեկուզ 3-4 աշխատող ավելացնել: Այնպես որ, ես նույնիսկ չեմ ուզում քննարկել զինվորական օմբուդսմենի հարցը: Ոչ թե նրա համար, որ խանդով եմ վերաբերում, այլ ես կողմ եմ՝ թող լինի բաժին, ես տեսնեմ արդյունավետությունը, հետո ես ինքս հանդես կգամ իրենց առանձնացնելու նախաձեռնությամբ. դրա ներուժը պետությունը դեռևս չունի:
Զինվորական գործերով մենք ունենք երկու մաս,որից մեկը դարձյալ դատական է: Եթե մենք ունենանք արդար դատաքննություն, եթե մենք ունենանք մեկ բացահայտված, ճիշտ պատժված դեպք, դա կկանխի հետագա հանցանքները:
Բանակում կան խնդիրներ կարգապահության հետ կապված: Երբ մենք , ՀԿ-ներն ասում ենք, որ պատժելիության մակարդակն այնպսին չէ, ինչպիսին մենք պատկերացնում ենք, որոշ պաշտոնյաներ սրտնեղում են: Դա չի նշանակում, թե բարձրագույն ղեկավարներն աչք են փակում՝ ոչ: Մենք ինչ հարց բարձրացնում ենք իրենք պատրաստակամ են լուծել խնդիրը:
Հարցը նրանում է , որ բանակում դեռևս ստորին և միջին օղակներում մեկ ապտակին, մեկ հայհոյանքին, մեկ որևէ տեսակ արժանապատվությունը նվաստացնող երևույթին համարժեք արձագանք չի լինում: Դրա համար մենք բոլորս խնդիր ունենք հասկանալու կոնկրետ ո՞նց անել, որ երբ զինվորները սկսում են իրար հայհոյել, երբ սպան սկսում է այլանդակություններ թույլ տալ փոքր չափերով, դա բացահատվի և կանխվի հենց սկզբից, որ դա չդառնա սպանություն:
Եթե ՀԿ-ները, նախաձեռնությունները, ՄԻՊ-ը, գլխավոր շտաբն առանց իրար քարկոծելու շարունակենք աշխատել, կկարողանանաք մեկ զինվորի մյուսին ապտակելու մասին շուտ իմանալ և շուտ խնդիրները լուծել: Սա է 2012թ. մեր ծրագիրը, ցանկությունը: Մենք ունենք արդեն որոշակի միջոցներ սիստեմատիկ մոնիտորրինգներն ավելի հաճախ դարձնելու համար:
ՊՆ-ի և Զինդատախազության հետ մենք սկսել ենք օրենսդրական բարեփոխումների գործընթաց: Իրենք կմշակեն, մենք կտանք մեր կարծիքը, դիտողությունները: Մենք ասելով՝ ի նկատի ունեմ մենք և համագործակցող մի շարք ՀԿ-ներ: Իսկ փոփոխությունները, որի վրա աշխատում ենք հետևյալն է. ստեղծել մի կարգապահական կանոնակարգ և քրեական օրենսգրքում ավելի խստացնել այն պատասխանատվությունը, որը նախատեսված է բանակում եղած հարաբերությունների համար՝ պատժելիության ավելի ճիշտ մթնոլորտ ձևավորելու հետ կապված։ Այս աշխատանքներն ընթանում են, մենք 2012թ. շարունակելու ենք հետևողական լինել։
Եթե խախտվում է մի քանի գյուղերի բնակիչների սեփականության իրավունքը, ի՞նչ է անում ՄԻՊ գրասենյակը։ Հիմա Սյունիքի մարզի Քաջարան գյուղը բողոքում է Կառավարության որոշման դեմ, որով իրենց տները ճանաչվել են հանրային գերակա շահ. այս մի գյուղի բնակիչների համար ի՞նչ է անում ՄԻՊ-ը:
Նախ մեզ նրանք չեն դիմել։ Բայց Քաջարանի գործով, մենք մեր նախաձեռնությամբ սկսում ենք ուսումնասիրություններ: Վարույթը ստեղծում ենք մեր նախաձեռնությամբ. բնությունը մեզ չի կարող դիմել, գյուղացիները մեզ չեն դիմել, բայց քանի որ կա նաև բնության խնդիր, մենք ենք նախաձեռնել։
Հիմա ուսումնասիրում ենք, ՄԻՊ գրասենյակը այս և նման դեպքերում կարող է միջամտել՝ կանխելու իրավախախտումը, եթե խնդրում կա ակնհայտ ապօրինություն։ Տվյալ դեպքում կա Կառավարության որոշում, որի օրինականությունը մենք ուսումնասիրում ենք: Առաջիկա մեկ ամսում մենք կանենք ուսումնասիրություն և կտեսնենք՝ ինչ իրավական հիմքեր կան,արդյոք Կառավարության որոշումը հակասո՞ւմ է օրենսդրությանը, սահամանդրությանը։ Եթե չի հակասում, այդ դեպքում մենք դիտարկում ենք՝ արդյոք քաղաքականությունը, որը մշակվել է վտանգո՞ւմ է որևէ ոլորտ՝ դա կլինի անվտանգության ոլորտ, բնապահպանական,մարդկանց արժանապատվության:
Ամեն դեպքում ուսումնասիրությունից հետո մենք կներկայացնենք մեր դիրքորոշումը։ Մեզ մոտ հաճախ սպասում են, որ ՄԻՊ-ը կգա ու միանգամից լուծում կտա խնդրին: Հասարակության ակնկալիքը հետևյալն է՝ ՄԻՊ-ն եկավ, տեսավ, տեղում լուծեց խնդիրը և գնաց. այդպես չի լինում։ Շատ երկրներում ՄԻՊ ինստիտուտը ստեղծված է, որ թեկուզ հետո, բայց ճիշտ գնահատական տա իրողությանը, որն ապագայում կկանխի ինչ-որ բացասական երևույթներ։
Քաջարանի դեպքում նույնիսկ եթե չկարողանանք կասեցնել կամ կանգնեցնել գործընթացները՝ նոր ենք զբաղվում, չգիտեմ, այդ ամեն ինչին մենք կտանք մեր պաշտոնական դիրքորոշումը՝ իրավական մոտեցումներով, որն ապագայի համար լուրջ խնդիրներ կլուծի։
Ես՝որպես ՄԻՊ, բոլոր այն տեղերում, որտեղ հակաիրավական գործողություն կա, պարտավոր եմ հայտարարել և կասեցնել։ Որտեղ իրավական չէ, այլ քաղաքականություն մշակելու հարց է, այդտեղ ես ընդամենն առաջարկություններ եմ անում։
Աշխատանքի իրավունքի պաշտպանությունը դուրս է մնացել ՀԿ ոլորտից, չունենք այս խնդրով զվաղբող որևէ ՀԿ: Գրեթե չեն գործում եղած մեկ-երկու արհմիությունները, իսկ Աշխատանքի պետական տեսչության անարդյուանվետ գործունեության օրինակները բազմաթիվ են: Դուք ուշադրություն դարձրե՞լ եք այս իրավունքի իրացման խնդիրներին:
Սա այն խնդիրն է, որին մենք անդրադառնալու ենք մեր տարեկան զեկույցում։ Արհմիություններ չկան, բայց դրանք պիտի լինեին. քաղաքացիական հասարակության այն էլեմենտը, որը պիտի պաշտպաներ, դա պետությունը չի, թերևս, որ պիտի ստեղծի, դա արդեն հասարակությունն իր մեջ պիտի սկսի ձևավորել։
Խորհրդային շրջանից հետո վակուում առաջացավ, որը դեռ չի վերացել։ Քանի որ միջազգային դրամաշնորհային ծրագրերն այդ ուղղությամբ չեն աշխատել, վակուումը մնացել է։ Մինչև դա լինի, մինչև ձևավորվի, ես ունեմ հետևյալ առաջարկը։ Մենք շատ արդյունավետ կարող ենք լինել վերահսկելու կամ որոշակի իմաստով կասեցնելու Աշխատանքի պետական տեսչության ապօրինությունները կամ անգործությունը։ Դրա համար այս հարցում խորհուրդ եմ տալիս, որ բոլոր նրանք, ովքեր ունեն խնդիր, որ գործատուից բողոքել են Աշխատանքային տեսչություն և այնտեղ ստացել են բացասական կամ ծույլ պատասխան՝ խնդրում եմ, դիմեք մեզ։ Մենք այստեղ ունենք լուրջ անելիքներ։ Եթե դատարանների ապօրինություններով ասում եմ՝ ինձ այլևս մի դիմեք, որովհետև անհույս է, այստեղ ասում եմ՝ դիմեք, որովհետև մենք շատ անելիք ունենք։
2011թ. ի՞նչ է արել Մարդու իրավունքների պաշտպանը որպես Ազգային կանխարգելման մեխանիզմ (OPCAT):
Հասցրեցինք վերակենդանացնել համագործակցությունը հասարակական սեկտորի հետ՝ մասամբ: Մի քանի ՀԿ-ներ, այդ թվում ՝ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտը», դարձան մեր փորձագիտական խորհրդի անդամ։ Մենք մեր աշխատակազմում ձևավորեցինք մի փոքր խումբ, ինչ-որ իմաստով պատրաստեցինք, որպեսզի նրենք սովորեն աշխատել՝ որպես ազգային կանխարգելման մեխանիզմի այցելությունների մասնակիցներ, մոնիտորինգ իրականացնողներ։ Պետբյուջեից մեծ դժվարությամբ ստացանք մեկ տարվա համար այդ 5 մլն դրամը, որը մեծագույն հաղթանակ է և պատրաստեցինք տարեկան փոքրիկ հաշվետվություն։ Սրանք դեռ սաղմեր են։
2012թ. մեր խնդիրն է ինտենսիվացնել այցերը փակ հաստատություններ, պահպանել ներկա համագործակցությունը ՀԿ-ների հետ և ավելի ընդլայնել այն: Եւ քանի որ զեկույց գրելը, առաջարկություններ անելը նույնպես փորձի խնդիր է, մենք հուսով ենք մյուս տարի զեկույցն էլ մեկ քայլ առաջ կլինի։ Իսկ եթե հաշվետվության որակը բարձր է, ուրեմն մենք վեր ենք հանել սուր խնդիրներ, դա շարադրել ենք հստակ, համառոտ ու կոնկրետ և դա կփոխի իրավիճակն այd դաշտում. սա է մեր աշխատանքը 2012թ. համար։
Այս տարի Քրեական օրենսգրքում կատարվեցին փոփոխություններ, որով պատժի առավելագույն պատժաչափը 15-ից դարձավ 20 տարի: Ցմահ դատապարտյալներն այս փոփոխություններն իրենց գործերով կիրառելու դիմումներ ներկայացրին, բայց նրանց համար որևէ դրական տեղաշարժ չեղավ: Դուք այս հարցով դիմում-բողոք ստացե՞լ եք և ինչպե՞ս եք մեկնաբանում այդ փոփոխությունները:
Մենք դիմում էինք ստացել՝ մեկնաբանելու փոփոխությունն արդյոք տարածվում է ցմահ դատապարտյալների վրա, թե՝ ոչ։ Մենք ուսումնասիրեցինք և տվեցինք հետևյալ պատասխանը. մեր կարծիքով՝ օրենքի այդ փոփոխությունը խստացնում է մի շարք քրեորեն պատժելի արարքների համար նախատեսված ազատազրկման չափերը, սակայն անփոփոխ է թողնում ցմահ ազատազրկումը։
ՀՀ Քրեական օրենսգրքի համաձայն՝ մեկ հանցագործության համար կարող է նշանակվել միայն մեկ հիմնական պատիժ։ Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով։ Ընդ որում, հանցագործության համար նախատեսված պատիժներից առավել խիստը նշանակվում է, եթե նվազ խիստ տեսակը չի կարող ապահովել պատժի նպատակները։ Այս պարագայում ցմահ ազատազրկման տեսանկյունից օրենքը կդիտարկվեր պատիժը մեղմացնող, եթե ցմահ ազատազրկումը վերացվեր։
Ինչո՞ւ չստացվեց ձեր համագործակցությունը բնապահպանների հետ. ՀԿ-ների հետ տարբեր ոլորտներում համագործակցության հուշագրեր ստորագրեցիք, բայց բնապահպանները բոյկոտեցին այն և չստորագրեցին։
Գիտեք, հիմա Քաջարանի հետ կապված մենք բնապահպանների հետ աշխատում ենք, իրենք են խնդիրը բարձրացրել, մենք մեր նախաձեռնությամբ սկսել ենք ուսումնասիրել: Համագործակցության էլեմենտներ եղել են, կան և կարծում եմ ՝ կլինեն։
Հուշագիրը չստորագրվեց, ընդհանուր մի անհասկանալի ձևակերպմամբ: Շրջակա միջավայրը պաշտպանող մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչների տված ոչ պաշտոնական, բանավոր զրույցների տեսքով պատճառաբանությունն ինձ համար ապշեցուցիչ էր: Ես ստիպված եմ բարձրաձայնել, որովհետև իրավապաշտպան կազմակերպություններից մի քանիսն ինձ ասացին, որ իրենք չեն ստորագրում մեզ հետ հուշագիր, որովհետև մենք հուշագիր եք ստորագրել սեռական փոքրամասնությունների շահերը պաշտպանող ՀԿ-ի հետ: Հիմա ես պաշտոնական գրություն,նամակ չունեմ այս պատճառաբանությամբ, բայց բանավոր բացատրությունը, որը տրվեց ապշեցուցիչ էր, որ իրավապաշտպան կազմակերպությունը գտնում է, որ սեռական փոքրամասնություններն ընդհանուր փչացնում են շրջակա միջավայրը, հետևաբար իրենց հետ աշխատող օմբուդսմենը վնասում է շրջակա միջավայրը։
Քանի որ համագործակցությունն ինձ համար ինքնանպատակ չէ, այլ սահմանադրաիրավական արժեքների պահպանման ձև է, ես չեմ կարող հակասահմանադրական քայլ անել և խտրականության անել մի կազմակերպությանը, որ հուշագիր ստորագրեմ մյուս կազմակերպության հետ։
Վերջերս լրատվամիջոցներով լուրեր տարածվեցին, որ միասեռականներին բերման են ենթարկել ոստիկանություն: Դուք միջամտե՞լ եք, պաշտպանե՞լ եք նրանց իրավունքները:
Մենք դիմում չունենք, բողոք չունենք։ Եւ մենք մեր նախաձեռնությամբ չենք սկսելու։ 2011թ. իմ կրեդոներից մեկն էլ հետևյալն է. բոլոր այն մարդիկ ովքեր ունեն ձեռք, ոտք և ուղեղի հնարավորություն, որ կաորղ են գոնե մեկ զանգ անել 116 համարին՝ թող անեն: Իմ նախաձեռնությամբ ես օգնելու եմ երեխաներին,որոնք հնարավոր է ինֆորմացիա չունեն, շրջակա միջավայրի հարցերին եմ միջամտելու, ծերերի, անգրագետների հարցրեին, ովքեր տեղյակ չեն, ովքեր նույնիսկ հեռախոս չունեն ,որ զանգեն։
Մեզ մոտ չկա բյուրոկրատիա, մենք չենք ստիպում պաշտոնական գրություններ, նամակներ ուղարկել՝ ընդամենը պետք է մեկ զանգ և մենք կսկսենք ընթացք տալ որոշակի խնդիրների։ Մենք հետևում ենք մամուլին, բայց մենք միասեռականներից ոչ մի զանգ չենք ստացել, հետևաբար այդ խնդիրն ինձ համար պաշտոնապես գոյություն չունի։
Ըստ Ձեզ՝ քաղաքացիների կողմից ընդունվա՞ծ եք՝ որպես պաշտպան: Ունե՞ք պաշտպանի ինքնազգացողություն, Ձեզ ճի՞շտ տեղում եք զգում։
Ես ինձ զգում եմ առաքելության մեջ, զգում եմ ծանր պատասխանատվություն, զգում եմ, որ կարևոր գործ եմ անում և, որ ես անում եմ առավելագույնը և ստանում եմ առավելագույնը։ Առավելագույնը ստանալ ասելով՝ ի նկատի ունեմ, որ նույնիսկ ձախողումների ժամանակ ես ունեմ այդ բավարարումը, որ ես ու այս աշխատակազմը, սրտացավ աշխատում ենք: Մենք ունենք այդ բավարարումը , որ անիմաստ չի մեր աշխատանքը, որովհետև եթե նույնիսկ 600 դիմողներից 131-ին մենք կարողացել ենք օգնել, ուրեմն լավ գործ ենք արել։
Դա մեր բավարարումն է, բայց դա փոքր մասն է։ Եթե մենք մեկ օրենսդրական փոփոխության մեջ մեկ նախադասության հաղթանակ ենք ունենում, իսկ մենք ունեցել ենք, դա օգնելու է ևս 200 հոգու, հետո 1000-ների։ Եթե մենք ՍԴ մեկ որոշման մեջ ստանում ենք, թեկուզ 10 դիրքորոշում, որոնք կարևոր են, մենք օգնում ենք 100 լրագրողի։ Այդ իմաստով, անկախ նրանից՝ ինչպես են գնահատում, խոսում, ասում՝ մենք ունենք այդ բավարարումը։ Դա հաճելի զգացողություն է և ամենամեծ վարձատրությունն է ինձ համար:
2011թ. վերջում՝ զգալով ինձ մենակ, զգալով ոչ լիարժեք պաշտպանված հասարակության կողմից, ես միևնույնն է շատ գոհ եմ ու բավարարված եմ փակում 2011թ., որովհետև մեր աշխատակազմում, նայելով իրար աչքերի մեջ, ամեն մեկս գիտենք, որ արել ենք մեր հնարավորությունների առավելագույնը:
Հարցազրույցը՝ Աղավնի Եղիազարյանի
Աղբյուրը՝ www.hra.am
