ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Անչափահասների համայնքային վերականգնողական կենտրոնները՝ այլընտրանք քրեական պատժին

Հարցազրույց Փի-Էյչ Ինթերնեշնլ (Project Harmony International) կազմակերպության հայկական գրասենյակի տնօրեն Մարիամ Մարտիրոսյանի հետ
Ե՞րբ և ինչպե՞ս ստեղծվեցին Համայնքային վերականգնողական կենտրոնները:
Համայնքային վերականգնողական կենտրոնները ստեղծվել են «Զանգ» իրավական սոցիալականացման ծրագրի շրջանակներում : Ծրագիրը սկսվել է 2003-ից՝ ՀՀ Ոստիկանության հետ համագործակցությամբ:
Մեր կողմից ընտրված և վերապատրաստված ոստիկանների (նրանց մի մասը վերապատրաստում է անցել նաև Ամերկայում և այնտեղ տեսել է ոստիկան-համայնք-դպրոց համագործակցությունը), Ոստիկանության, Կրթության ազգային ինստիտուտի, մեր աշխատակիցների և մասնագետների՝ հոգեբան, մանկավարժ և այլն, կողմից համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծվել են 2 իրավական սոցիալականացման ձեռնարկներ՝ «Իրավական խճանկար» և «Ես և իմ միջավայրը»: Այս ձեռնարկների հիման վրա Հայաստանի բոլոր մարզերում 200-ից ավելի դպրոցներում ոստիկաններն ուսուցիչների հետ համատեղ դասընթացներ են վարել: Այդ աշխատանքների ընթացքում պարզ է դարձել, որ համայնքային ոստիկանի գաղափարի ներդրման լուրջ հեռանկարներ կան, և որ ոստիկանը կարող է դիտարկվել ոչ թե որպես պատժող մարմին, այլ՝ գործընկեր:
Մեր կազմակերպությունը, ուսումնասիրելով միջազգային փորձը, մասնավորապես՝ ԱՄՆ-ի փորձը, 2006-ին ստեղծեց առաջին համայնքային վերականգնողական կենտրոնը Երևանում: Ներկա պահին տարբեր գործընկերների հետ համատեղ ստեղծվել և գործում են 8 կենտրոններ՝ Երևանում, Վանաձորում, Ալավերդիում, Գյումրիում, Իջևանում, Ճամբարակում, Թալինում և Կապանում: Մեր նպատակն է ունենալ ազգային ցանց, որ յուրաքանչյուր մարզում գոնե մեկ նմանատիպ կենտրոն լինի:
Ծրագրի ֆինանսավորողը Ամերիկայի կառավարությունն է: Ներկա պահին համաֆինանսավորվում է նաև ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և այն բոլոր տեղական հասարակական կազմակերպությունների կողմից, որոնց հետ համագործակցությամբ և որոնց ռեսուրսների հիման վրա ստեղծել ենք այդ կենտրոնները:
Հայաստանում սկսել են ավելի շատ խոսել անչափահասների արդարադատությունից, վերականգնողական կամ այլըտրանքային արդարադատությունից: Ի՞նչ մոդել է դա և ո՞ր դեպքերում է կիրառվում:
Վերականգնողական արդարադատությունը 11 հիմնական սկզբունքներ ունի: Հիմնական սկզբունքներից մեկն այն է, որ իրավախախտումը ոչ թե օրենքի դեմ ոտնձգություն է, այլ՝ մարդկային հարաբերությունների, և եթե ինչ-որ բան խաթարվել է, դա վերականգնելի է, եթե բոլորը միասին կարողանան հաշտեցման եզրեր գտնել: Այսինքն՝ դա, ըստ էության, հաշտեցման գործընթաց է: Դասական արդարադատության դեպքում տուժողը մնում է ետին պլանում, օրենքը խոսում է նրա փոխարեն և պատժում է նրան վնաս պատճառողին, բայց տուժողը ո՛չ հոգեբանորեն է բավարարվում, և ո՛չ էլ, երբեմն, նյութական փոխհատուցում է ստանում: Ինքը արդարադատության ամբողջ գործընթացից մեկուսացված է մնում և իր մոտ միշտ կա այն վախը, որ իրեն էլի կարող են վնաս պատճառել: Հետազոտությունները ցույց են տալիս, որ երբ տուժողը համաձայնում է մասնակցել հաշտեցման գործընթացին և իրավախախտի հետ հանդիպում է, նա հաճախ ավելի պատրաստակամ է լինում ներել իրեն վնաս պատճառողին, քան կարելի էր ենթադրել, ինչպես նաև ցանկանում է ուղղություն ցույց տալ, թե վնասը ինչպես կարող է փոխհատուցվել: Ըսդ որում, փոխհատուցումը պարտադիր չի լինի ֆինանսական, դա կարող է լինել որևէ հանրօգուտ աշխատանք, որն առնչվում է կատարված իրավախախտման բնույթին: Եթե, օրինակ, հանրային ինչ-որ գույք է ջարդվել կամ վնասվել, ուրեմն կմաքրվի հուշարձան կամ կցուցաբերվի օգնություն եկեղեցու աշխատանքներին: Սակայն մենք ուշադիր ենք, որ անչափահասն աշխատանքային շահագործման չենթարկվի:
Այս ամբողջ գործընթացի իմաստն այն է, որ երեխան ինքը հասկանա իր պատճառած վնասը, վնասի չափը և ինչպես նա կարող է այդ վնասը փոխհատուցել:
Եվ նաև կարևոր է, որ երեխայի հետ ոչ թե աշխատում է ոստիկանությունը, այլ՝ մասնագիտացված կենտրոնը: Արդարադատությունն ավելի առողջ, մասնակցային մթնոլորտում է կայանում, երեխան իրեն կարևորված է զգում և, իրոք, հարաբերությունների վերականգնում է լինում: Փորձը ցույց էտալիս, որ այդ երեխաներն ավելի քիչ են հակված կրկնահանցագործության, քան դասական արդարադատության միջով անցածները:
Եթե երեխային մեկուսացնում ես, ուղարկում ես գաղութ, ինքն այնտեղից դուրս է գալիս իրավախախտումներ կատարելու ավելի «մասնագիտացված» կարողություններով, այսինքն՝ ըստ էության, պատժիչ համակարգը նրա մոտ լուրջ հոգեբանական փոփոխությունների չի բերում:
Ի՞նչպես են աշխատում երեխայի հետ համայնքային վերականգնողական կենտրոններում:
Ոստիկանությունն ունի լիազորություն առաջին անգամ իրավախախտում կատարած անչափահասներին ուղղորդելու մեր կենտրոնները: Ոստիկանը երեխայի և նրա ծնողի հետ հանդիպում է ունենում, բացատրում է, որ կա նման կենտրոն, որը պատրաստ է երեխայի հետ աշխատել, և եթե ծնողը համաձայնում է, երեխան գալիս է կենտրոն:
Երեխայի հետ հանդիպում է Վերականգնողական խորհուրդը, որտեղ ընդգրկված են հոգեբան, մանկավարժ, սոցաշխատող, համայնքից որևէ կամավոր՝ կախված համայքնի հնարավորություններից: Որքան բազմամասնագետ լինի խորհուրդը, այնքան լավ: Առաջին նիստին ոստիկանն էլ է ներկա լինում, բայց ոչ իր ավանդական դերով, այլ պարզապես որպեսզի ներկայացնի, թե ինչ է եղել: Ավելի լավ է, երբ երեխան ինքն է պատմում այն մասին, թե ինչ է եղել:
Առնվազն 3 ամիս աշխատում են երեխայի հետ: Նիստի ընթացքում գալիս, հանգում են նրան, որ երեխան գիտակցի, թե իր կատարած իրավախախտման արդյունքում ինչ վնաս է պատճառել իրեն, համայնքին, ովքեր են առաջնային և երկրորդական տուժողները և թե ինքը ինչպես կարող է այդ ամենը շտկել, վերականգնել: Ընդ որում, երեխայի հետ համաձայնագիր է կնքվում, որպեսզի նրա համար ամբողջ գործընթացը լուրջ նշանակություն ունենա:
Իսկ վիճակագրությունն ի՞նչ է ցույց տալիս, որքանո՞վ է հաջողվում ուղղել երեխային:
2006 թ. սկսած մոտ 500 երեխա են սպասարկել բոլոր կենտրոնները միասին: Դրանցից 83%-ի դեպքում հաջող են գործերը փակվում և շատ քիչ դեպքերում են երեխաները նորից ընդգրկվում իրավախախտումների մեջ: Նույնիսկ հաջողված փորձ ենք ունեցել, երբ վերականգնողական ծրագիրը հաջողությամբ անցած երեխան հետագայում կամավոր ընդգրկվել է վերականգնողական խորհրդում և աշխատել է իրավախախտում կատարած երեխաների հետ, խորհուրդներ տվել նրանց:
Իսկ ծանր հանցանքներ կատարած անչափահասների հետ գործ ունենո՞ւմ եք:
Դեռ ոչ, և մեր համակարգն էլ թույլ չի տալիս դա: Այս պահին ծրագիրը գործում է միայն ոստիկանության հետ ունեցած մեր համաձայնագրի հիման վրա: Վերջին տարիներին լուրջ քննարկումներ են ընթանում, արդյո՞ք մեր օրենքը լիարժեք կերպով թույլ տալիս է կազմակերպել այլընտրանքային արդարադատությունը, այսինքն «շեղվել» արդարադատության միայն պատժիչ մեխանիզմների կիրառումից (շեղում բառը պայմանականորեն կիրառվում է միջազգային diversion եզրույթի փոխարեն): Օրենսդրությունը հնարավորություն է տալիս երեխային ուղղորդել ուսումնադաստիարակչական կենտրոն, սակայն քննարկման ենթակա է այն, թե ի՞նչ ասել է ուսումնադաստիարակչական կենտրոն: Մեր կենտրոնում, ըստ էության, կա դաստիարակչական պրոցես, սակայն չկա դասական առումով ընկալվող ուսումնական պրոցես, որը վերականգնողական արդարադատության մաս չի կազմում:
Ձեր կարծիքով՝ այսօրվա մեր անչափահասների արդարադատության համակարգը որքանո՞վ է նպատում երեխայի ուղղվելուն: Քրեակատարողական հիմնարկներն ուղղիչ աշխատանքներ իրականացնո՞ւմ են, թե՞ միայն պատժիչ գործառույթ ունեն:
Հարցին կարող եմ պատասխանել այնքանով, որքանով ծանոթ եմ: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ պետությունը հասկանում է, որ լուրջ խնդիրներ կան, բայց ո՛չ կադրային, ո՛չ ֆինանսական ռեսուրսները, և ո՛չ էլ հմտություններն ու գիտելիքները չեն բավարարում, որ խորհրդային համակարգից ժառանգած պատժիչ մտածելակերպը վերափոխվի:
Աբովյանի անչափահասների գաղութում 2 անգամ եմ եղել, իմ ունեցած տպավորությամբ՝ վիճակը լավ չէ: Ես չեմ կարող ասել, որ երբ այդ երեխաներն այնտեղից դուրս գան, նրանց մոտ կյանքի նկատմամբ ունեցած մոտեցումները կամ մարդու իրավունքների և պարտականությունների մասին սկզբունքային դատողություններն էականորեն կփոխվեն դեպի լավը: Նրանք շատ լուրջ խնդիր կունենան համայնքում վերաինտեգրվելու հարցում, որովհետև հենց գաղութում իրենց համար զբաղվածություն ապահովելու խնդիր կա, ուսումնական պրոցեսի խնդիր կա: Միգուցե ցանկություն կա այս ամենը շտկելու, բայց կարծես թե պետության ռեսուրսները չեն բավարարում:
Կարծում եմ, որ անչափահասների արդարադատության ոլորտում շատ անելիքներ ունենք:
Ձեր փորձը ի՞նչ է ցույց տալիս, ո՞ր երեխաներն են օրենքի հետ ավելի շատ խնդիր ունենում և ի՞նչ իրավախախտումներ են կատարում:
Ամենատարբեր խավի երեխաներ են, շատ տարբեր ընտանիքներից: Երբեմն մարդիկ հակված են այն կարծիքին, որ անպայման պետք է սոցիալապես անապահով ընտանիքի երեխաներ լինեն դրանք, բայց կան նաև ապահովված ընտանիքների երեխաներ: Բայց հիմնականում ընտանեկան անդորր չունեցող և ընտանեկան մթնոլորտի խնդիրներ ունեցող երեխաներ են, որոնց ծնողները բաժանված են կամ հայրերը մեկնել են երկրից դուրս երկարատև աշխատանքի:
Հիմնականում գողություններ են, մանր խուլիգանություններ, վեճ ու կռիվ, դասերից երկարատև և չարամտորեն խուսափելը, որի մասին տանը չեն իմացել: Դա հանգեցնում է նրան, որ ինչ-որ խմբերի մեջ են ներքաշվում, մուրացկանությամբ են զբաղվում: Դանակահարության, մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերն ավելի քիչ են:
Ինչպե՞ս եք պատկերացնում վերականգնողական կենտրոնների ապագան:
Ծրագրին ի նպաստ կա մի փաստ, որ Հայաստանի կողմից վավերացված միջազգային փաստաթղթերով մեր պետությունը պարտավոր է անչափահասների արդարադատության համակարգը բարեփոխել և համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին: Դա նշանակում է, որ վերականգնողական արդարադատության կառույցներ ինքը պիտի ունենա:
Այն համայնքային կենտրոնները, որ մենք ստեղծել ենք, փորձարկված առաջին մոդելն է: Մինչև հիմա միայն մեր կազմակերպությունն է զբաղվել այս հարցով: Բայց հիմա մեզ միացել է Վորլդ Վիժնը (World Vision), «Միջազգային բանտային բարեփոխումներ» (PRI) կազմակերպությունն է նմանատիպ 2 կենտրոն բացել Երևանում և Աբովյանում: Եթե կենտրոնի փորձը սկսում է տարածվել, ուրեմն դա համարվում է հաջող մոդել: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամն է սկսել համաֆինանսավորել ծրագիրը, հուսով ենք, այնքան ժամանակ, մինչև պետությունը ստանձնի կենտրոնների ֆինանսավորումը:
Մեր նպատակն է, որ յուրաքանչյուր մարզում լինի գոնե մեկական նմանատիպ կենտրոն և դրանք ունենան պետական կայուն ֆինանսավորում: Սակայն շատ դժվար է որոշել, թե որ պետական մարմնի կողմից պիտի ֆինանսավորվեն: Եթե դա այլընտրանք է ոստիկանությանն ու արդարադատությանը, ապա այդ համակարգից չպետք է ֆինանսավորվի: Գուցե ավելի լավ է ֆինանսավորվի Սոցապ նախարարությունից կամ համայնքային բյուջեից:
Նոյեմբերի վերջերին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը մեծ համաժողով է հրավիրելու այս հարցերի շուրջ, և հուսով ենք, որ ներկա կլինեն նաև պետական մարմինների ներկայացուցիչներ և պետական մակարդակով կքննարկվի ֆինանսավորման հարցը:
Մինչև հիմա պետական մարմիններից ստացած պատասխանը հետևյալն է՝ «շատ արտակարգ գործ եք անում, շատ լավ մոդել է, բայց ֆինանսական ճգնաժամ է» և այլն: Դա պատասխան չէ, և պետք է բոլոր կազմակերպությունները միանան հարցին լուծում տալու համար:
Բայց մենք ունենք հաջողված մի փորձ, վերջին կենտրոնը, որ բացել ենք Կապանում World Vision-ի հետ համագործակցությամբ, ֆինանսավորում է քաղաքապետարանի բյուջեից, որովհետև քաղաքապետը հենց առաջին օրվանից հասկացել էր դրա անհրաժեշտությունը: Այսինքն՝ եթե մյուս համայնքներում մենք դեռևս պետք է քննարկենք և տեսնենք, թե կենտրոնների հետագա ֆինանսավորումը ով պետք է ստանձնի, Կապանում արդեն այդ հարցը լուծված է:
Հարցազրույցը՝ Մերի Ալեքսանյանի
Աղբյուրը՝ www.hra.am
