ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Խնամակալության հանձնաժողովները մասնագիտական եզրակացությունների կարիք ունեն

Հարցազրույց Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի տնօրեն Միրա Անտոնյանի հետ
Ընտանեկան բռնության հետևանքով մահացած 20-ամյա Զարուհի Պետրոսյանի երեխայի խնամակալությունը տրվեց տատիկին, այն նույն կնոջը, ով Զարուհու մտերիմների հավաստմամբ՝ պարբերաբար բռնությունների է ենթարկել իր հարսին: Ձեր կարծիքով՝ ճի՞շտ որոշում է կայացրել Նորք-Մարաշ վարչական շրջանի Հոգաբարձության և խնամակալության հանձնաժողովը: Եվ, առհասարակ, ինչպե՞ս եք գնահատում մեր երկրում այդ հանձնաժողովների աշխատանքը:
Մեր երկրում երեխաների վերաբերյալ կարևորագույն որոշումներ կայացնելու լրջագույն գործը դրված է ոչ պրոֆեսիոնալ կառույցի վրա. խնամակալության հանձնաժողովները ոչ պրոֆեսիոնալ կառույցներ են, ոչ մոտիվացված: Որպես կանոն, հանձնաժողովներն այստեղից-այնտեղից հավաքված մարդկանցից են կազմված, որոնց գործն այլ է. նրանցից ամեն մեկը կոնկրետ աշխատանքային պարտականություններ ունի, դրան զուգահեռ հասարակական կարգով նաև հանձնաժողովի անդամ է լինում և մասնակցում է այդ աշխատանքներին: Եվ քանի որ աշխատանքը հասարակական կարգով է, բարձր մոտիվացիա և պրոֆեսիոնալիզմ սպասել հնարավոր չէ: Որպես կանոն մի հոգի է աշխատում այդ հանձնաժողովներում, վերջում մարդիկ գալիս ուղղակի ստորագրում են որոշման տակ: Սա խնդիր է բոլոր համայնքների համար։ Կան առանձին հաջողված դեպքեր, երբ խնամակալության հանձնաժողովն իսկապես լավ է աշխատում, բայց դրանք առանձին դեպքեր են:
Օրենքը կարծես հիմնավորում է՝ ինչպես պաշտպանել երեխայի շահերը, բայց «երեխայի լավագույն շահ» ասվածն օրենքը չի սահմանում և դա հնարավոր էլ չէ օրենքով սահմանել, ուղղակի դրա համար պետք է մասնագետ լինել, որպեսզի կարողանալ տեսնել երեխայի լավագույն շահը որն է և փորձել դա պաշտպանել: Իսկ խնամակալության հանձնաժողովում աշխատող մարդիկ առաջնորդվում են իրենց սոցիալական փորձով, սեփական հայացքներով, ինտուիցիայով: Մեկ կամ, լավագույն դեպքում, երկու անգամ գնում են այցելության կողմերի հետ: Կախված նրանից, թե դիմացինն այդ կարճ հանդիպման ընթացքում ինչպիսի տպավորություն կկարողանա գործել, որքանով կկարողանա համոզիչ լինել, ըստ այդմ՝ իրենք կարող են լինել խիստ սուբյեկտիվ: Ընդհանուր պրոբլեմը սա է՝ հանձնաժողովը մեկանգամյա գործողություն է անում, պրոցեդուրալ խնդիր կա։
Այլ երկրներում ինչպե՞ս են գործում խնամակալության հանձնաժողովները, ընթացակարգը ինչպիսի՞ն է:
Դրսում ընդհանրապես որոշումների կայացումը դրված չէ խնամակալության հանձնաժողովի վրա, այլ դրված է սոցիալական աշխատողների վրա, որոնք ոչ թե միանգամյա այցելություն են անում, այլ տևականորեն աշխատում են ամեն դեպքի վրա: Երեխային ժամանակավորապես տեղափոխում են ապահով տեղ՝ դա կարող է լինել մանկատուն, խնամքի կենտրոն, բարեկամներից մեկի տուն և սկսում են ուսումնասիրել: Առավելագույնը տասը օրում պետք է կատարվի մանրամասն ուսումնասիրություն՝ դրական և բացասական կողմերը, առկա ռիսկերը, հնարավոր ռիսկերը և այլն: Մանրամասն նկարագրված իրավիճակը պետք է ներկայացվի Երեխաների պաշտպանության բաժնին։ Վերջնական որոշում կայացնողն այդ մարմինն է, որը մասնագիտացված կառույց է:
Մենք մարզպետարաններում ստեղծեցինք Երեխաների պաշտպանության բաժինները, որտեղ վերապատրաստում անցած մարդիկ են աշխատում: Բայց խնդրահարույց, դժվար դեպքերի վերաբերյալ որոշումների կայացման պարտականությունը շարունակեց մնալ խնամակալության հանձնաժողովների վրա: Երեխաների պաշտպանության բաժիններն, ըստ էության, որևէ ազդեցություն դրա վրա չունեն:
Իսկ խնամակալության հանձնաժողովներն անցել են ֆրագմենտալ ուսուցումներ, մի տեղ արել են, մի տեղ չեն արել, իրենց ինֆորմացիան շատ մակերեսային է։ Որպես կանոն՝ իրենք այդ գործի մեջ են իրենց ինտուիտիվ կարողություններով, սեփական սոցիալական փորձով, բայց ոչ մասնագիտական կարողություններով: Կարող է ինտուիցիան էլ ճիշտ լինել, սեփական փորձն էլ, բայց դա չի կարող լինել հենարան որոշումներ կայացնելու համար:
Զարուհի Պետրոսյանի երեխայի խնամակալության խնդիրն ինչպե՞ս պետք է լուծվի՝ ըստ Ձեզ։
Զարուհու երեխայի գործը պետք է վերանայվի Երեխայի պաշտպանության բաժնի կողմից։ Խնամակալության հանձնաժողովի որոշումները սովորաբար վերջնական են, բայց դա չի նշանակում, որ դրանք չեն կարող փոփոխվել կամ քննադատվել: Եթե կա բողոք, որ երեխան ճիշտ չի տեղավորվել, դրան պիտի հետամուտ լինի տվյալ մարզպետարանի Երեխայի պաշտպանության բաժինը (մենք ամեն մարզում ունենք նման բաժիններ), որովհետև դու, որպես ՀԿ, կարող ես լավագույն դեպքում աղմուկ բարձրացնել, որ լավ բան չի եղել՝ ընդամենը: Մարմինը, որը կարող է գործը վեր հանել, վերանայել և ազդեցություն ունենալ որոշումների կայացման վրա, Երեխայի պաշտպանության բաժինն է:
Ես ՀԿ-ների աղմուկը կիսում եմ և համաձայն եմ, նույնիսկ իրենք նամակ են գրել, դիմել են, թե ինչպե՞ս կարող եք ազդել իրավիճակի վրա, որպես երեխաների պաշտպանությամբ զբաղվող մասնագիտացված կազմակերպություն: Մենք չենք զբաղվել Զարուհու գործով, և ես էթիկապես ճիշտ չեմ համարում, որ մենք հանկարծ կեսից մտնենք գործի մեջ և զբաղվենք երեխայի խնամակալության հարցերով, երբ որ լիարժեք չենք տիրապետում իրավիճակին։ Եթե ես ներգրավվում եմ գործի մեջ, ես առնվազն պետք է համոզված լինեմ, որ Զարուհու քույրը ուզում է, կարող է և պատրաստ է ստանձնել երեխայի խնամակալությունը: Կարող է ինքն էմոցիոնալ պոռթկման ժամանակ, քրոջ առջև իրեն պարտավորված զգալով, ասել է, որ ես տեր կկանգնեմ երեխային, բայց հետո միտքը փոխել է, հասկացել է, որ չի կարող, շատ կուզենար, բայց չէր կարող:
Ես չգիտեմ ինչ մոտիվացիաներով է իր հարսին սպանած կինը ստանձնել այդ նույն հարսից ծնված երեխայի խնամակալությունը, սովորաբար նման վիճակներում մերժում են նաև երեխային, ասում են՝ ավելի լավ է գնա մանկատուն: Ես չգիտեմ, չեմ կարող դատողություններ անել, քանի դեռ լիարժեք ինֆորմացիա չունեմ: Բայց ինձ պետք է հասկանալ այդ մեխանիզմները և խնամակալության հանձնաժողովին համոզել հետևյալում, որ դուք, դժբախտաբար, չափում եք միայն նյութական կարողությունները՝ բնակարան, եկամուտ և այլն, բայց ուրիշի երեխա պահելու և մեծացնելու համար անհրաժեշտ պայման է ոչ միայն նյութական ապահովվածությունը, այլև տվյալ անձի մարդկային հատկանիշները, ինչքանո՞վ է նպատակահարմար... չ՞է որ այս երեխան ամեն օր իր ներկայությամբ հիշեցնելու է այդ կնոջը, որ տեղի է ունեցել նման դժբախտություն, որին ինքը մասնակից է եղել, և որի պատճառով հիմա իր տղան գտնվում է բանտում: Այս երեխան քանի դեռ փոքր է խղճահարության կարժանանա, իսկ երբ մեծացավ, կդառնա ագրեսիայի թիրախ: Երբ նա մեծացավ ու կողքից իմացավ, որ սա այն տատիկն է, որը պահում է իրեն, բայց միաժամանակ սպանել է իր մորը, երեխայի մոտ անձի երկատվածություն կառաջանա:
Ես ունեցել եմ որդեգրման 26 ձախողված փորձեր, որոնց ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հաշվի են առնվել թեկնածուների միայն նյութական պայմանները՝ առանց անձնային կարողությունները, ծնողավարման հմտությունները հաշվի առնելու, առանց չափելու ռիսկը: Մենք երեխային խնամելու ենք տալիս մի մարդու, ով գնում է դեպի կյանքի մայրամուտ: Երբ որ այս բալիկը լինի 16 տարեկան, հայտնի չէ իր տատիկը կլինի, թե՝ չի լինի: Նույնիսկ չեմ ասում, որ նա տարիքով կարող է լինել բավական մեծ և դժվար թե հասկանա դեռահասի խնդիրները. սերունդների բախում է առաջանում:
Նորմալ երկրներում նման իրավիճակում երեխայի համար լավագույն տարբերակը կհամարվեր նա, ով ավելի շատ կարողություն ունի՝ ես չեմ խոսում նյութականի մասին, այլ՝ մարդկային կարողության: Եթե տեսնեին, որ քույրը շատ մեծ ցանկություն և մարդկային կարողություն ունի, բայց նյութական պայմաններ չունի, և երեխան իրեն ավելի պաշտպանված կզգա իր մորաքրոջ մոտ, պետությունը նյութապես կաջակցեր այդ կնոջը՝ կտար նպաստ, հումանիտար օգնություն, կգտներ հովանավորներ: Իսկ մեր երկրում մոտեցումը հետևյալն է՝ ում տամ, որ ինձ այլևս չանհանգստացնի, որ ինձանից աջակցություն չակնկալի։ Դրա համար էլ տալիս են նրան, ով ավելի շատ փող ունի: Մենք ունենք բեռն իր ուսերից թոթափող պետություն, դրա համար էլ ունենք այս պատկերը: Եվ ցավոք, Զարուհու երեխան միակ դեպքը չէ:
Ի՞նչ լուծումներ եք առաջարկում, ի՞նչ կարելի է անել, որպեսզի խուսափենք երեխայի համար ոչ բարենպաստ որոշումներից։
Ես գտնում եմ, որ բոլոր կոնֆլիկտային, դժվար իրավիճակների համար խնամակալության հանձնաժողովին պետք է պատվիրակվի, որոշում կայացնելուց առաջ անպայման երեխայի համար ստանալ մասնագիտական եզրակացություն մասնագիտացված կենտրոններից:
Պետությունը պետք է պատվիրակի մասնագիտացված ծառայությանը, հանգիստ պայմաններում ուսումնասիրել դեպքը: Դա կարող է լինել մեր կենտրոնը կամ որևէ մասնավոր ծառայություն, ցերեկային խնամքի կենտրոն և այլն։ Հոգեբանը, սոցիալական աշխատողը, մանկավարժը պետք աշխատեն երեխայի և ծնողների հետ և տան մասնագիտական եզրակացություն՝ երեխան ի՞նչ է ուզում, ի՞նչն է լավ նրա համար: Խնամակալության հանձնաժողովը նման ուսումնասիրություն անելու ո՛չ հնարավորություն ունի, ո՛չ մասնագիտական կարողություն։ Թող հանձնաժողովը կարդա եզրակացությունը և նոր որոշում կայացնի։ Աշխարհը այսպես է շարժվում։
Գիտե՞ք՝ ինձ ինչն է շատ ջղայնացնում, մեր երկիրն իրեն անթույլատրելի ճոխություն է ցույց տալիս, որովհետև 10 տարի է ինքն ունի մասնագիտացված կառույց, բայց չի օգտագործում: Մենք ենք անընդհատ մեջ ընկնում, ասում՝ «կներեք, բայց ախր...»: Ինչքա՞ն կարող ենք այդպես մեջ ընկնել, ընթացակարգը պետք է փոխվի: Այստեղ ես որևէ այլ նպատակ չեմ հետապնդում, դրանից իմ փողը ո՛չ ավելանում է, ո՛չ պակասում, ես շահագրգռված եմ երեխայի լավագույն շահի համար։
Ձեր կազմակերպության միջոցով ներդրվեց խնամատար ընտանիքի ինստիտուտը, սակայն կարծես թե գործընթացը սառել է: Ո՞րն է պատճառը, ինչո՞ւ պլանավորվածի նման չավելացան այդ ընտանիքները:
Խնամատար ընտանիքների թիվը պահպանվում է, բայց նոր տեղավորումներ չկան և դրա համար ծրագիրը լճացման մեջ է իսկապես: Պետության պատճառաբանությունը ֆինանսական ռեսուրսների բացակայությունն է կամ անբավարարությունը: Ես այնքան էլ համաձայն չեմ դրա հետ, որովհետև նույն պետությունը հաստատություններում ծախսում է սարսափելի գումարներ և եթե ուզենար, կարող էր այդ գումարները վերահասցեագրել: Նույնիսկ խնամատար ընտանիքում այդ նույն երեխային պահելը կլիներ ավելի էժան, քան մանկատներում: Բայց գոյություն ունի համակարգի վերարտադրության իներցիա: Ինչքան էլ որ մենք նորարական գաղափարներ ենք ներմուծում, համակարգը միշտ ձգտում է վերադառնալ իր նախկին վիճակին: Այսպես ենք սովոր աշխատել, այսպես հեշտ է, և այդ սովոր պրակտիկայից հրաժարվելը բավականին դժվար բան է: Դրա համար քաղաքական կամք է պետք, շահագրգռվածություն: Պետք է վերևից մեկը լինի, ով բռունցքը սեղանին կխփի և կասի՝ էսպես է պետք անել, մենք գնալու ենք այս ճանապարհով: Ներքևից գործելը, փոխելը դժվար է:
Իսկ աշխարհն ի՞նչ ուղղությամբ է գնում երեխաների պաշտպանության ոլորտում։
Աշխարհը գնում է երեխայի լավագույն շահի ուղղությամբ, իսկ դա ամենակարևորն է: Լավագույն շահն ամեն երեխայի համար կարող է լինել տարբեր: Գիտե՞ք որ դեպքում է երկիրը շահում, երբ շատ տարբերակներ ունի, ընտրության լայն հնարավորություն ունի, և ամեն իրավիճակի համար ընտրում է լավագույն տարբերակը, այլ ոչ թե երկու տարբերակ ունի՝ կամ ընտանիքը, կամ մանկատունը, և երեխային մի կերպ հարմարեցնում ենք իրավիճակին։ Երբ որ ընտրության հնարավորություն չկա, սա չի կարող երեխայի լավագույն շահ լինել։
Ամենադժվար հարցը հայեցակարգի խնդիրն է: Մեր երկրում մենք երեխայի բոլոր իրավունքները դիտում ենք կրթության իրավունքի պրիզմայով: Ընտանեկան խնամքից զրկված երեխային մենք տեղավորում ենք գիշերօթիկ դպրոցում, որ անվճար կրթություն ստանա, իսկ նա խնամքի կարիք ունի առաջին հերթին։ Հայեցակարգի սխալը այստեղ է: Երեխայի բոլոր իրավունքները դրված են երկրորդ պլանում, մի իրավունք ենք հարգում՝ կրթության իրավունքը, դրա համար էլ մեր բոլոր մեխանիզմները գործում են մինչև 16 տարեկան երեխաների համար:
Հարցազրույցը՝ Մերի Ալեքսանյանի
Աղբյուրը՝ www.hra.am