Շոշափելի արդյունքի հասնելուց բացի ազդել մարդկանց գիտակցության վրա

Հարցազրույց «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության նախաձեռնող խմբի անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանի հետ

Մեկ տարուց ավելի է, ինչ գործում է «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» շարժումը: Ի՞նչ դրական փոփոխություններ եք մտցրել մեր քաղաքում և ո՞րն եք համարում ձեր ամենամեծ ձեռքբերումը:

Ամենակարևոր ձեռքբերումը, որ կարող եմ նշել, Վիշապների պուրակի մեր վերջին հաղթանակն է: Վիշապների պուրակը Նոր Նորքի 2-րդ զանգվածում է գտնվող փոքրիկ պուրակ է, որտեղ կան վիշապաքարեր, որոնք պատմամշակութային հուշարձաններ են: Տարիներ շարունակ սեփականաշնորհված է եղել այդ տարածքը և տարբեր սեփականատերերի ձեռքի տակով է անցել, իսկ վերջին սեփականատերը ցանկանում էր բազմաբնակարան շենք կառուցել պուրակի մի զգալի հատվածում, որը վնաս էր հասցնում ոչ միայն այգու կանաչապատ տարածքին, այլև մշակութային արժեք հանդիսացող վիշապաքարերին: Բնակիչներն ահազանգեցին, մենք  մի շարք այլ քաղաքացիական նախաձեռնությունների և «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների հետ համախմբվեցինք և սկսեցինք մեր պայքարը, շարժումը տարբեր ակցիաների միջոցով: Եվ հասանք նրան, որ քաղաքապետը մեզ հետ հանդիպում ունեցավ, որից հետո նա հանդիպում է ունեցել տարածքի սեփականատիրոջ հետ և փոխարենը մեկ այլ տարածք է առաջարկել: Փաստորեն Վիշապների պուրակը փրկվեց ոչնչացումից: Սա մենք մեր ամենակարևոր հաղթանակն ենք համարում, որը ցույց է տալիս, որ երբ քաղաքացիները տեր են կանգնում նրան, ինչը որ իրենցն է, կարողանում են հասնել դրական արդյունքի:

Դրանից բացի Կոմիտասում կար մի բակային տարածք, որտեղ կար կառուցապատման և ապօրինի շինարարության խնդիր: Հիմնականում «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների և նաև մեր աջակցությամբ բնակիչները դրական արդյունք գրանցեցին: Հիմա, եթե չեմ սխալվում, գործը գտնվում է դատարանում:

Էլի խնդիրներ կան այլ այգիների և բակային տարածքների վերաբերյալ, որոնք դեռ ընթացիկ փուլում են, դեռ արդյունք չկա:

Ինչպե՞ս ստեղծվեց «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը, ի՞նչն առիթ հանդիսացավ:

Անցյալ տարվա գարնանն էր: Ես այդ ժամանակ Կանադայում էի ուսման նպատակով և լսեցի, որ ուսանողական այգում ինչ-որ շինարարություն է սկսվել: Շատ բարկացած, բորբոքված ընկերներիս հետ քննարկում էինք և այդ ժամանակ միտք ծագեց, որ մի խումբ ստեղծենք, որը կպայքարի նման երևույթների դեմ: Խումբը ստեղծեցի ես, հետո ծանոթացա Վահրամի, Մարիամի և մյուսների հետ, ովքեր նախաձեռնող խմբում են: Մինչ այդ մենք իրար չէինք ճանաչում, խմբի միջոցով իրար գտանք: Ձևավորվեց մի կորիզ, որն իր շուրջը շատ արագ մի քանի հազար աջակիցներ հավաքեց «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում: Սկսեցինք որոշ ակցիաներ նախաձեռնել, որպեսզի ուսանողական այգու շինարարությունը դադարեցվի և այգին վերադարձվի նախկին տեսքին: Այդպես սկսվեց մեր գործունեությունը, բայց հետո զգացինք, որ միայն դրանով սահմանափակվել ճիշտ չի լինի և չենք ուզում, ու սկսեցինք նաև այլ այգիներում և հանրային սեփականություն հանդիսացող տարածքներում կատարվող ապօրինությունների կամ կամայականությունների դեմ պայքարել: Ու ծավալվեց գործունեություն, որը շարունակվում է մինչ այսօր:     

«Ֆեյսբուքում» մեր աջակիցների թիվը հենց սկզբից եղել է մոտ 4000: Իսկ նախաձեռնող խմբի հիմնական կորիզը 5 հոգի է (եղել է, որ ավելացել են): Ֆեյսբուքյան խմբում բոլոր տարիքային խմբերից անդամներ կան, նաև հանրահայտ դեմքեր են միացել խմբին: Բայց իրականում «Ֆեսյբուքի» խմբին միանալը դեռևս չի նշանակում, որ մեր կազմակերպած ակցիաներին այդ մարդիկ ֆիզիկապես ներկա են լինում: Իրենք իրենց աջակցությունը սոցիալական կայքում են արտահայտում, բայց իրականում, երբ որ ակցիաներ լինում են, տխուր է ասել, բայց շատ ավելի քիչ մարդիկ են գալիս, որոնց մեծամասնությունը երիտասարդներ են: Հետաքրքիր է, որ այդ մարդկանց զգալի մասն այլ քաղաքացիական նախաձեռնությունների կազմակերպած միջոցառումներին էլ է ակտիվ մասնակցում:   

Որքանո՞վ եք կարևորում նման նախաձեռնող խմբերի գոյությունը և Ձեր կարծիքով' ի՞նչ են տալիս դրանք մեր հասարակությանը:

Ամենակարևորը ես համարում եմ ոչ թե տեսանելի, շոշափելի արդյունքները, որոնք որ գրանցվում են, այլ այն ազդեցությունը, որ նման նախաձեռնություններն ունենում են Հայաստանի Հանրապետության քաղաքացու գիտակցության վրա: Այսինքն' երբ մարդիկ տեսնում են, որ քո իրավունքների համար պայքարելով դու կարողանում ես հասնել ինչ-որ բանի։ Ըստ երևույթին այն ազդում է մեր գիտակցության, մեր պահանջատիրության վրա, ես  դա նկատել եմ զրույցների, հանդիպումների, ակցիաների ժամանակ, նույնիսկ «Ֆեյսբուքում»:

Եվ ի սկզբանե, մեր նախաձեռնությունը շոշափելի արդյունքի հասնելուց, այգիները փրկելուց բացի նպատակ ուներ ազդել մարդկանց գիտակցության վրա, որպեսզի ավելի պահանջատեր լինեն ու ավելի պատասխանատու և օրինակելի քաղաքացիներ դառնան:

Ի՞նչ պլաններ ունեք, և ինչպիսի՞ն եք պատկերացնում «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության ապագան:

Նախ շատ ուզում ենք, որ մեր աջակիցների թիվը մեծանա և կարծում եմ, որ մեր վերջին հաղթանակը գուցե այդ հարցում ունենա իր դրական ազդեցությունը, որպեսզի մարդկանց հավատը մեծացնի նախաձեռնության նկատմամբ և, ընդհանրապես, խնդիրների մոտեցման նկատմամբ:

Երբեմն լինում են պահեր, երբ հիասթափվում ես, մտածում ես' ոչինչ հնարավոր չէ փոխել, ինչպես, օրինակ, եղավ մեզ համար սկզբունքային խնդիր դարձրած Ուսանողական այգու հարցում: Այդպիսի պահերին մտածում ես, որ սա ապագա չունի, բայց Վիշապների պուրակի դեպքն ապացուցեց հակառակը: Ուրեմն ցանկությունս այն է, որ հաղթանակներն ավելի շատ լինեն, որպեսզի մեր մեջ արմատացած հոռետեսությունը դուրս գա:

Աջակիցների թիվը ավելանալ ասելով' ես նկատի ունեմ, որ «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» գաղափարախոսությունը տարածվի, այսինքն' բոլորս մտածենք, որ մեր քաղաքի տերը և պատասխանատուն մե՛նք ենք: Հիմնականում սա եմ ուզում, որ մեր մեջ արմատավորվի և տարածվի «դոմինոյի էֆեկտի» պես: 

Հարցազրույցը' Մերի Ալեքսանյանի
Լուսանկարը՝ Հայկ Բիանջյանի
Աղբյուրը' www.hra.am