Նախկին դատապարտյալը սոցիալական աջակցության համակարգից դուրս է մղված. Ա.Սաքունց

Հարցազրույց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, Քրեակատարողական հիմնարկներում հասարակական դիտորդական խմբի ղեկավար Արթուր Սաքունցի հետ

Հայաստանում իրավիճակն ինչպիսի՞ն է խոշտանգումների առկայության առումով. կա՞ խոշտանգում և որտե՞ղ է այն կիրառվում։

Բոլոր փակ և կիսափակ հաստատություններում, նաև այն հիմնարկներում, որտեղ անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվում, կարելի է համարել, որ խոշտանգում կա. քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) պահման պայմաններով պայմանավորված (սնունդ, առողջապահություն, վերաբերմունք ֆիզիկական և հոգեբանական), հոգեբուժարաններում, ծերանոցներում, մանկատներում։ Այսինքն՝ ուսումնասիրությունները, դիտարկումները ցույց են տալիս, որ երբ մարդը հակված չէ իրավիճակի մասին դրսի հետ հաղորդակցվելու, կիսվելու իր խնդիրների մասին, այդ փակվածությունն արդեն մեծ նախադրյալ է ենթադրելու, որ իրապես վատ վերաբերմունքի խնդիր կա։ Եւ գոյություն չունի պետական քաղաքականություն խոշտանգումների կանխարգելման ուղղությամբ։

Փակվածության վիճակից բացի, մեզ մտահոգում է հատկապես այն, որ դիմումների, բողոքների, գանգատների բողոքարկման ներքին մեխանիզմները բացակայում են, որը նպաստում է անձի նկատմամբ անվերահսկելի ճնշմանը։ Եթե փակ հաստատություններից դուրս գտնվող մարդը շատ դժվարություններ ունի վարչական մարմինների գործողությունների, որոշումների բողոքարկման հետ կապված, էլ ուր մնաց թե փակ կամ ներքին կարգապահական ռեժիմ ունեցող հաստատություններում չունենա։ Եթե դուք նայեք վիճակագրությունը, վարչական պատասխանատվության ու դրանց բողոքարկման քանակները, բողոքարկումները շատ քիչ են՝ ընդամենը 0.1 տոկոս։ Սա վարչական ճնշում է։ Իսկ եթե փակ հաստատություններում բողոքարկման ներքին հստակ մեխանիզմներ չկան, սա արդեն բերում է պատասխանատվության թուլացմանը և այդ հաստատություններում աշխատողները դուրս են մնում վերահսկողությունից։ Այսինքն՝ ռիսկային գործոնները, որոնցով պայմանավորված է անմարդկային վերաբերմունքի տարբեր դրսևորումներ, շատ ավելի մեծ են, քան դրանք նվազեցնող գործոնները։

Տարբեր փորձագետներ կարծում են՝ գերբնակեցումը և անմարդկային վերաբերմունքը խոշտանգում է, սակայն  ՄԱԿ-ի կոնվենցիան սահմանում է, որ «խոշտանգում» որակելու համար պետք է գործողություններն ունենան կոնկրետ նպատակ։

Մենք նախ պետք է տարբերակենք՝ մարդիկ, ում նկատմամբ խափանման միջոց կալանք է կիրառվել, և պատիժ կրողներ, ում նկատմամբ դատարանի վճիռն ուժի մեջ է մտել։ Հայաստանի պրակտիկան ցույց է տալիս, որ որպես խափանման միջոց հիմնականում կիրառվում է կալանքը։ Ի՞նչ նպատակով՝ որպեսզի ցուցմունքներ կորզեն։ Այսինքն՝ մարդը, գտնվելով անազատության մեջ՝ վերահսկողական մեխանիզմների բացակայության պայմաններում, ինքն ավելի է ենթակա թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական ճնշումների։ Գումարած, որ իրավական աջակցությունից է ավելի սահմանափակ օգտվում, քան կարող է դա անել ազատության մեջ գտնվելով, գումարած նաև պահման վատ պայմանները։ Սրանք արդեն ունեն խոշտանգման բնույթ այն իմաստով, որ մարդն ավելի ենթակա է դառնում քննչական մարմնին։

Քրեակատարողական համակարգի փիլիսոփայությունը, մոտեցումն է՝  պատժել, ոչ թե իրականացնել արդարադատություն։ Եթե նայենք, մեծ մասամբ, ՔԿՀ-ներում բողոքում են իրենց գործերի ոչ արդարացիությունից, պատժի անհամապատասխանությունից։ Մարդը, գտնվելով պահման անմարդկային պայմանների մեջ, խորը հոգեբանական տառապանք է նաև կրում։ Այդ տեսակետից՝ համակարգը, որը արդարադատության իրականացման համար երաշխիքներ չի ստեղծում և մարդկանց այդ պայմաններում պահում է անազատության մեջ, ապա այո, այդ պայմանները պետք է համարել խոշտանգում։ Շատ քիչ դեպքերում է, որ մարդը կարողանում է այդ տարտարոսի միջով անցնել և շարունակել պայքարել արդարադատության հասնելու համար։ Ես կարծում եմ, որ այդ դեպքում էլ դա պետք է դիտարկել խոշտանգում և անմարդկային վերաբերմունք, որովհետև այդպիսի պայմաններ ստեղծելով կամ անգործություն դրսևորելով և դրանք չվերացնելով, նպատակ ունեն մարդուն կամքից զրկել, որպեսզի իր իրավունքների համար չպայքարի։

Ձեր կարծիքով, ինչո՞ւ պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը չի գործում Հայաստանում։

Չի գործում, որովհետև պետության քրեական քաղաքականության փիլիսոփայությունն ուղղված է մարդուն պատժելուն, ճնշելուն, ենթարկեցնելուն, ոչ թե քաղաքացուն հնարավորություն տալ վերադառնալու, ուղղվելու։

Նախկինում, երբ քրեակատարողական հիմնարկներն էին պայմանական վաղաժամկետ ազատման հարցերը լուծում, նրանք անձամբ ճանաչում էին դատապարտյալին, ելնում էին նրա անձնական տվյալներից և կար ՔԿՀ առջև պատասխանատվության խնդիր։

Հետո ստեղծվեց իր բնույթով հակաիրավական մի հանձնաժողով (Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողով-հեղ.)՝ դատարանից բարձր և հակասահմանադրական, որը պիտի որոշի՝ ես պատիժս պիտի՞ կրեմ, թե՝ ոչ։  Ընդ որում, նրա որոշումները ես չեմ կարող բողոքարկել դատական ատյաններում։ Պետք է հանձնաժողովի որոշումները հասկանալի լինեն, պատճառաբանված լինեն, բայց այնտեղ սուբյեկտիվ գործոնն այնքան մեծ է, որը հիմք է տալիս խախտումների  և կոռուպցիոն ռիսկերի առկայության։

Հանձնաժողովը չի պատճառաբանում, թե ինչո՞ւ պայմանական վաղաժամկետը չկիրառվեց և ի՞նչ անի մարդն այդ որոշման հետ։ Բողոքարկման համակարգի և իրավունքի պաշտպանության մեխանիզմի բացակայությունը հանգեցնում են նրան, որ մարդը տեսնում է՝ հերիք չի նախաքննության ընթացքում և դատարանում չկարողացավ իր իրավունքները պաշտպանել, ազատման վերջին հույսն էլ չիրականացավ։

Այս մեխանիզմը լուրջ խնդիրներ է ստեղծում հենց ՔԿՀ ներսում՝ անձնակազմ-դատապարտյալ փոխհարաբերություններում, որովհետև ՔԿՀ-ն մարդուն ուղղելու և ազատման հնարավորություն տալու որևէ լծակ չունի, միայն պատժիչ միջոցներ է կիրառում։ Մյուս կողմից էլ՝ դատապարտյալը ՔԿՀ վարչակազմի մոտ իրեն լավ դրսևորելու շահագրգռվածություն չունի։

Մեր ՔԿՀ-ներում ի՞նչ աշխատանքներ են տանում հանցանք գործած և դատապարտված մարդուն ուղղելու համար։

Եթե կարճ ասեմ՝ «անունը կա, ամանում չկա», այսինքն՝ օրենքով կա, բայց չի գործում։ Կան սոցիալական աշխատողներ, բայց նրանց մասնագիտական պատրաստվածությունը բավարար չէ։ Չկա մեթոդաբանություն։ Մեկ կամ մի քանի մասնագետը չեն կարող մի քանի հարյուր հոգանոց հիմնարկում աշխատել բոլորի հետ, անձնական քարտեր վարել։ Անհրաժեշտ է այդ ինստիտուտն ուժեղացնել, մասնագիտական կարողությունները բարձրացնել, մեթոդաբանություն մշակել, ռեսուրսները մեծացնել. այս խնդիրները լուծված չեն։ Մյուսը անազատության մեջ գտնվող անձանց աշխատանքային զբաղվածության հարցը պետք է լուծել ՔԿՀ-ներում։ Մարդը տարիներով անգործ նստած է։ Եթե նույնիսկ դրսում էլ մարդը տարիներով անգործ մնա, ինքը ամլանում է՝ թե ինտելեկտուալ առումով, թե հոգեբանորեն։ Բա փակ հաստատությունո՞ւմ դա ինչ հետևանքներ կունենա։

Ազատազրկված մարդն իրեն լավ կողմերով դրսևորելու հնարավորություն գրեթե չունի՝ որպես սոցիալական էակ։ Եվ դրանում ո՛չ դատապարտյալն է մեղավոր, ո՛չ անձնակազմը, որովհետև նա դա ապահովելու հնարավորություն չունի։ Առանձին դեպքեր կան, երբ թզբեհներ, տարբեր բաներ են պատրաստում, բայց դա անձնական նախաձեռնությամբ է լինում և անձնական պատվերների շրջանակում։ Հիմնարկների վերանորոգման ժամանակ ազատազրկվածներին ներգրավում են այդ աշխատանքներում, բայց դրա դիմաց նրանք չեն վճարվում։

Պարապ մնալով դատապարտյալները զբաղմունք են գտնում՝ դատարկ վիճաբանություններ, թղթախաղ, որը տարածված է և շատ ավելի քրեական ենթատեքստ ունեցող զբաղմունքներ, որոնք ամենևին չեն նպաստում մարդու ուղղվելուն և շատ քիչ մարդիկ են, որոնք չեն խառնվում նման բաների։

Պատիժը կրելուց հետո հասարակություն վերադարձող մարդիկ ինչո՞վ են զբաղվում, կարողանո՞ւմ են ինտեգրվել, ի՞նչ է լինում նրանց հետ։

Տարբեր երկրներում վերականգնողական կենտրոններ կան, աշխատանքի ապահովման հարցն են լուծում այդ մարդկանց։ Մեզ մոտ ոչինչ չի գործում, և  օրենքն էլ հստակ կարգավորում չի տալիս։ Քրեական քաղաքականությունը պետք է բոլոր փուլերը ներառի, այդ մասը մեզ մոտ որևէ պատասխան չունի։

Նորմալ աշխատանք գտնելու հնարավորություն ընդհանրապես չունեն։ Որևիցե գործարար խուսափում է նախկին դատապարտյալին աշխատանքի ընդունել։ Իսկ այն գործատուները, ովքեր պատրաստ են գործ տալու, մտածում, են, թե ինչ քրեական նպատակներով կարող են նրան օգտագործել իրենց բիզնեսում։

Նախկին դատապարտյալը սոցիալական աջակցության համակարգից դուրս է մղված, և ստիպված է ինքն իր գլխի ճարը տեսնել։ Նրա վրա արդեն պիտակ է դրված, որ ինքը նախկին դատապարտյալ է։ Նրան որպես լիարժեք քաղաքացի էլ  չեն ընկալում։ Եվ պետությունը այստեղ որևիցե քաղաքականություն չի վարում։ Եթե ՀԿ-ների միջոցով արտասահմանից ֆինանսավորվող մի քանի ծրագրերը չլինեն, որը կարելի է ասել կաթիլ է օվկիանոսի մեջ, այդ ուղղությամբ ոչինչ չէր արվի։

Եվրոպական կառույցների առջև մեր պետության ստանձնած պարտավորությունները նախ և առաջ պարտավորություններ են սեփական քաղաքացիների առջև։ Դրանց կատարման հայեցակարգի հիմքում պետք է լինի քաղաքականությունների մշակում, որոնց կենտրոնում պետք է լինի մարդը։ Եթե այս տեսանկյունից խնդրին մոտենանք, կտեսնենք, որ խնդիրը ամենևին էլ ֆինանսների բացակայությունը չէ, ֆինանսների արդյունավետ և նպատակային ուղղման անհրաժեշտություն կա։ Խնդիրներին պետք է հիմնավոր լուծում տրվի։

Համակարգը հակամարդկային է, պետք է արմատապես փոխվի։ Եթե վերականգնման և ներգրավվածության հարցը չի լուծվում, դրանից բոլորս ենք տուժում, որովհետև տվյալ մարդու կողմից կրկնակի հանցագործության պոտենցյալ տուժող կարող է դառնալ մեզանից յուրաքանչյուրը։

Հարցազրույցը՝ Մերի Ալեքսանյանի
Աղբյուրը՝ www.hra.am