ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Շիրակի մարզում մուրացկան երեխաներ չկան`ըստ պաշտոնական տվյալների

Հարցազրույց World Vision Հայաստանի Գյումրի մասնաճյուղի համայնքային զարգացման մասնագետ Կարինե Մարգարյանի հետ
World Vision կազմակերպությունը Գյումրիում գործում է 2001թ.-ից, որո՞նք են Ձեր աշխատանքի հիմնական ուղղությունները:
Հիմա մենք իրականացնում ենք մի քանի ծրագրեր, որոնցից ամենաէականն ուղղված է երեխայի պաշտպանությանը՝ ներառյալ նրա կրթություն ստանալու իրավունքը, առողջապահական ոլորտում նրանց հնարավորությունները և այլն: Աշխատում ենք տարբեր հասարակական կազմակերպությունների ու համատիրությունների հետ' բարձրացնելով նրանց դերը խնդիրները համայնքում վեր հանելու գործում: Եկեղեցիների հետ համատեղ ստեղծել ենք կիրակնօրյա դպրոցներ ու աջակցում ենք առաջնորդարանին՝ կարևորելով նրանց դերը: Տպագրում ենք դասագրքեր տարբեր տարիքի երեխաների, ինչպես նաև' աջակցող նյութեր ուսուցիչների համար: Իսկ ամենագլխավորը երեխաների անհատական աջակցության ծրագիրն է՝ հովանավորների միջոցով, որտեղից էլ ստանում ենք մեր հիմնական միջոցները վերոնշյալ ծրագրերն իրականացնելու համար:
Ունենք մոտ 3700 գրանցված երեխա։ Նրանց 90 տոկոսն ունեն հովանավորներ: Սերտ համագործակցում ենք նաև դպրոցների հետ' հզորացնելով աշակերտական և ծնողական խորհուրդները։ Երբ նոր սկսեցինք աշխատել, շատ դպրոցներում նման կառույցներ չկային ու դրանց դերն էլ չէին պատկերացնում, իսկ այժմ կան , գործում են և խնդիրներ են առաջ քաշում. օրինակ՝ բարձրացնում են դպրոցական գրադարանների կամ էլ դասագրքերի մեջ նույն տեղեկության տարբեր ձևով ու տվյալներով մատուցելու խնդիրը:
Նաև ամեն տարի հուլիսի մեկից մոտ 600 երեխայի ուղարկում ենք 10 օրով ճամբար Թորոս գյուղ, որտեղ ինքնուրույնություն են ձեռք բերում, շփվում հասակակիցների հետ, խաղեր են անցկացվում ու ստանում են քրիստոնեական դաստիարակություն:
Ո՞ր տարիքի երեխաներն են ձեր շահառուներն ու ի՞նչ սկզբունքով եք նրանց օգնություն տալիս:
Մինչև 8 տարեկան երեխաների ենք գրանցում մեզ մոտ, որ հովանավոր գտնենք։ Եթե հովանավորը չի ցանկանում շարունակել հովանավորել նրանք մինչև 12-13 տարեկան են մեզ մոտ մնում: Բայց նաև ունենք երեխաներ, ովքեր բանակային տարիքի են ու դեռ ծրագրում են, քանի որ հովանավորը ցանկացել է նրանց պահել: Ընդհանրապես անհատական ամբողջ գումարը չի փոխանցվում միայն մեկ երեխայի, քանի որ այդ գումարներով ենք իրականացնում նաև մյուս ծրագրերը:
Շիրակի մարզի 100-ից ավելի համայնքների երեխաներ զրկված են նախադպրոցական կրթություն ստանալու իրավունքից: Այս ուղղությամբ ի՞նչ ծրագրեր է իրականացնում ձեր գրասենյակը և այլ ո՞ր իրավունքների խախտումներ եք դուք արձանագրել Շիրակի մարզում:
Մենք այժմ աշխատում ենք 2 համայնքներում' Մուշ և Շերամի թաղամասերում, որոնք բավականին կտրված են քաղաքից և որտեղ ի սկզբանե մանկապարտեզ չի եղել ու չգիտեմ պետությունն այդ հարցով կզբաղվի՞, թե՝ չէ: Մենք ստեղծել ենք ցերեկային կենտրոններ, որտեղ երեխաները մնում են ամբողջ օրը ու տարբեր խմբակների են մասնակցում: Մեր մարզում նաև լուրջ խնդիր է ներառական կրթության բացակայությունը, որը ևս հատուկենտ ծրագրերով է իրականացվում. մեկ անգամ մի ծրագիր է իրականցվել միայն «Փյունիկ» կազմակերպության հետ:
Կա՞ն արդյոք մուրացիկ երեխաներ Գյումրիում:
Ժամանակին երեխաների պաշտպանության ծրագիր ենք ունեցել, որով փողոցային հերթապահություն է եղել ու հայտնաբերել են երեխաների, ում ծնողները ստիպել են զբաղվել մուրացկանությամբ։ Նրանց հետ աշխատել են հոգեբաններ, ծնողներին ինչ-որ աշխատանքով են ապահովել, որ քիչ թե շատ իրավիճակը շտկեն: Իսկ այժմ ոստիկանության պաշտոնական տվյալաներով՝ մուրացկաններ Գյումրիում չկան: Երբ այդ տվյալի մասին ասացի դպրոցներին, բոլորը թերահավատությամբ վերաբերվեցին, բայց դա է պաշտոնական տեղեկությունը, որին ես չէի կարող չհավատալ:
Ձեր հիմնական առաքելությունների մեջ է մտնում նաև մոր ու մանկան առողջությունը ապահովելը: Ի՞նչ ծրագրեր են իրականացվում այս բնագավառում' հաշվի առնելով, որ Գյումրիում հաճախ բողոքում են, որ մինչև 7 տարեկան երեխաներին հասնող անվճար բուժօգնությունը պատշաճ ձևով չի իրականացվում:
2009թ-ից Առողջապահության նախարարության հետ սկսեցինք «Երեխայի առողջությունը առաջնային է» քարոզարշավը, որի նպատակն է ևս պակասեցնել երեխաների ու ծննդկան մայրերի մահացությունը, բարձրացնել ծառայությունների որակը, իրազեկման միջոցառումներ անցկացնել , որտեղ հատուկ տեղ է զբաղեցնում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրը:
Ինչ վերաբերում է մինչև 7 տարեկան երեխաների բուժսպասարկմանը, հիմա դա բավականին կառավարելի է դարձել. նրանք ստանում են սերտիֆիկատներ, ինչը ծնողի համար հավաստագիր է ծառայության անվճար լինելու մասին։ Այլ հարց է՝ գո՞հ են նրանք այդ ծառայությունների որակից, թե՝ ոչ: Օրինակ՝ վերջերս մի երեխայի օգնեցինք վիրահատվել Երևանում, քանի որ ծնողն ասաց, որ բժշկի մոտեցումը դուր չի գալիս իրեն, խնդրեց՝ ուղեգիր տանք դեպի Երևան:
Հարցազրույցը՝ Կարինե Իոնեսյան
Աղբյուրը' www.hra.am