ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Կարինե Դանիելյան. «Այսպես մենք կհասնենք այն կետին, որ Հայաստանի կեսը կլինի բաց հանք, մյուս կեսը՝ պոչամբար»

Հարցազրույց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) Ազգային կոմիտեի նախագահ Կարինե Դանիելյանի հետ
Ձեր գնահատմամբ՝ որո՞նք են Հայաստանի բնապահպանական ամենահրատապ խնդիրները, որոնց պետք է անհապաղ լուծում տալ։
Խնդիրները շատ են, բայց ես նախևառաջ կնշեմ Սևանը։ Մենք շատ գոհ ենք, որ լճի մակարդակը բարձրանում է, բայց, ցավոք, ափերի նախապատրաստումն այնպես չընթացավ, ինչպես որ պետք է, և թափոններ մնացին ջրի տակ, հատկապես՝ կանաչ զանգված։ Այդ առումով՝ մենք տեսնում ենք, որ հիմա տեղի է ունենում ափամերձ տարածքների ակնհայտ ճահճացում։ Ես դրա մեջ մեծ վտանգ եմ տեսնում։ Բնապահպանության նախարարության, ակադեմիայի աշխատակիցները գտնում են, որ դա էդպիսի մեծ վտանգ չի և լիճը հանգիստ կարող է այդ խնդիրը լուծել, բայց բոլոր դեպքերում անհրաժեշտ է ափերը մաքրել։ Անհրաժեշտ է հանել ջրի տակ մնացած ծառերը. ինչը դժվար է, իհարկե, որովհետև այդ զանգվածը էֆտրոֆիկացիայի (ջրի որակի վատթարացում. բիոգեն տարրերի կուտակման արդյունքում ջրային օբյեկտների բիոլոգիական արտադրողականության բարձրացում -հեղ.) աղբյուր է։ Սա ամենակարևոր խնդիրն է այս պահին։
Իրականում ափերի նախապատրաստման սխեման կար, գումարներ տրամադրվել էին, ամեն ինչ նախատեսված էր, թե ինչու չեն արել' ես չեմ հասկանում։ Իհարկե, փոքր բացատրություն կա, որ լիճն ավելի արագ է բարձրանում, քան նախատեսվում էր.սա ինչ-որ բացատրություն է, բայց հիմնական խնդիրը ոչ լուրջ վերաբերմունքն է այդ հարցին։
Մյուս ամենահիմնարար լուրջ խնդիրներից հանքարդյունաբերությունն է։ Գնալով ընդլայնվում է հանքարդյունահանումը. այսօր ունենք մոտ 500 հանք, մեծամասամբ՝ բաց հանքեր և մոտ 300-ն էլ ընթացքի մեջ են։ Ունենք արդեն մոտ 15 խոշոր պոչամբարներ, որոնք թունավորում են ամբողջ շրջակա միջավայրը։ Եթե այսպես շարունակենք, մենք կհասնենք այն կետին, որ Հայաստանի կեսը կլինի բաց հանք, մյուս կեսը՝ պոչամբար. մենք էլ ուրեմն պիտի թողնենք գնանք։ Այս առումով Թեղուտն առաջին նախադեպն է, որ անտառածածկ տարածքներում բաց հանք բացվեց։ Հիմա Կապանի բնակիչները բողոքում են, որ քաղաքի տարածքում է բաց հանքը, որ դա չլինելու բան էր։ Հրազդանի բնակիչները ըմբոստացել են, որովհետև Հրազդանի «գլխին» է հանք շահագործվելու։ Առանց այն էլ Հրազդանը փոշուց բավականին տառապում է և հիմա այդ հանքն էլ լրացուցիչ թունավոր փոշի է։ Երևանն էլ խիստ բողոքելու տեղ ունի, որովհետև Երևանի խմելու ջրի աղբյուրների մոտ 40 տոկոսը ձևավորվում է Հրազդանի լեռներում։
Իսկ ուրանային ծրագիրը վերջին մեծ կետն է, որ կարելի է այստեղ դնել։ ՄԱԿ-ը մի հրատարակություն ունի, որտեղ մանրամասն բացատրվում է, որ անկախ նրանից, թե ինչ կերպ է ուրանը հանվում, այդ տարածքները համարվում են խիստ վնասված տարածքներ։
Կարծում եմ՝ պետք է դադարեցնել հանքարդյունաբերության ընդլայնումը, պետք է փորձել ավելի համալիր օգտագործել այն հումքը, որ ստանում ենք, և ոչ թե այդ հումքը դուրս բերել երկրից։ Այդ դեպքում թափոններն ավելի քիչ կառաջանան։ Ժամանակն է պոչամբարներն այսօրվա տեխնոլոգիաներով օգտագործել որպես երկրորդային հումք։
Վերջին տարիներին որո՞նք են բնապահպանական ձեռքբերումները։
Գիտեք, առանձին երևույթներ են. Շիկահողն է, Ջրվեժի անտառ-պուրակն է, Խոսրովի արգելոցի մի հատվածն է։ Ենթադրենք մեզ հաջողվեց թույլ չտալ կառուցապատել Օպերայի այն հատվածը, որտեղ դրված է Առնո Բաբաջանյանի արձանը. այս կողմից թույլ չտվեցինք, մյուս կողմից կառուցում են, այդքան ջանքեր ամեն անգամ չի ստացվում ներդնել մի փոքր խնդիր լուծելու համար։
Երևանի կառուցապատումը լրջագույն խնդիր է, մեր այգիները քրքրվեցին։ Եւ այս օրինակը կամաց-կամաց տարածվում է այլ քաղաքների վրա։ Մենք դեմ էինք Երևանի ճարտարապետ Նարեկ Սարգսյանի վերադարձին, որովհետև իր օրոք Երևանի կառուցապատումը բացարձակապես հակաէկոլոգիական է եղել, հակասոցիալական և հակամշակութային է եղել, որովհետև մենք կորցրել ենք նաև մեր քաղաքի պատմությունը։ Նարեկ Սարգսյանի վերադարձը մեզ համար ցուցանիշ է, որ շարունակվելու է այդ քաղաքականությունը։
Կառավարությունը ոչինչ չի՞ անում բնապահպանությանն ընդառաջ։
Կառավարությունը հայտարարել է հիմնականում երեք ուղղություններ՝ հանքարդյունաբերություն, տուրիզմի զարգացում և մաքուր գյուղատնտեսություն։
Հանքարդյունաբերությունն ակտիվ զարգանում է. այն երկուսը տառապում են այս առաջինի ձեռքը։ Հնարավոր չէ ոչ միայն մաքուր գյուղատնտեսություն զարգացնել,այլ՝ առհասարակ գյուղատնտեսություն, այն տարածքներում, ուր մերձակայքում մետաղային հանքեր և պոչամբարներ են։ Այսօր արդեն փորձը և ակադեմիական ինստիտուտի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ թե մեր հողային ռեսուրսները, թե արդեն սննդամթերքը և Հայաստանի հարավում, և Հայաստանի հյուսիսում թունավորված են ծանր մետաղներով։
Տուրիզմն էլ դժվար է պատկերացնել՝ տուրիստը կգա Երևան, կխեղդվի այն օդային ավազանում, որում մենք ենք ապրում, հետո կգնա Տաթև կվայելի նրա հարակից երկու հանքավայրերի փոշին և հետո հաճույքով Հայաստանից կգնա։ Ասեմ, որ միջազգային կառույցներն ուսումնասիրություններ են արել տուրիստների շրջանում, որոնք եղել են տարբեր երկրներում և արդյունքում Հայաստանը բավականին հետ է իր գրավչությամբ։ Ինչու՞. ցուցանիշներով լավ դիրքերում է բնական լանդշաֆտների մասով, պատմամշակութային արժեքների, նույնիսկ սպասարկումն են բարձր գնահատում, բայց ինչու ենք ընդհանուր ցուցանիշով հետ, որովհետև ասում են՝ աղտոտված է երկիրը և այդպիսի շրջակա միջավայրում իրենք չէին ուզենա հանգստանալ։
Ուրեմն մենք պետք է մտածենք, որ մի խումբ մարդկանց այսօրվա հարստացման արդյունքում մենք կարող ենք ամբողջ երկրի տարածքը կորցնել։ Պետությունը միշտ լծակներ ունի՝ խնդիր չկա. ցանկության, քաղաքական կամքի խնդիր է։
Հարցազրույցը՝ Աղավնի Եղիազարյանի
Աղբյուրը`www.hra.am
