ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Իրավունքների խախտումները Հայաստանում համակարգային բնույթ են կրում. Միքայել Արամյան

Ինչպե՞ս եք գնահատում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը Հայաստանում:
Անկեղծ ասած, շատ վատ եմ գնահատում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը: Չհաշված առանձին դեպքերը' մարդու իրավունքների խախտման երևույթը համակարգային բնույթ է կրում Հայաստանում և, կարծես թե, ամեն ինչ ուղղված է մարդու իրավունքների խախտմանը, ոչ թե պաշտպանությանը: Անհամեմատ ավելի դժվար է Հայաստանում որևէ բան անել օրենքի տառը պահպանելով, քան անօրինական, ինչը, ըստ իս, ցույց է տալիս կոռումպացվածության աստիճանը և իրավունքների վիճակը Հայաստանում:
Իսկ մարդիկ որքանո՞վ են իրազեկ իրենց իրավունքներին և պատրաստ պաշտպանելու դրանք:
Եթե համեմատենք մի քանի տարի առաջ ու հիմա, իրավագիտակցությունը բարձրացել է և միտում ունի բարձրանալու։ Բայց սա զրոյական արժեք ունի այն համակարգում, որտեղ այն կիրառելն անհնարին է նույնիսկ ամենաբարձր իրավագիտակցություն ունեցող մարդու կողմից: Պետական մեխանիզմներն օգտագործելով իրավունքը վերականգնելը գրեթե անհնարին է:
Այդ թվում նաև դատարանների՞ միջոցով:
Դե, դատարանները... օրինակ' մենք խախտված իրավունքների վերականգնման հետ կապված շահած դատեր էլ ունենք: Բայց միևնույն է, դա նախադեպային չի դառնում, և նույն իրավիճակում, եթե որևէ մեկը չի հետևում, չի հսկում, ամենաանօրեն ձևով կամայական որոշում են կայացնում:
Ի՞նչ ուղղությամբ եք ներկայումս աշխատում և ի՞նչ ծրագրեր եք իրականացնում:
Հիմա բացի իրազեկումից մենք իրականացնում ենք աշխատանքային իրավունքների պաշտպանության ծրագիր Վայոց Ձորի, Սյունիքի և Տավուշի մարզերում /Տավուշի մարզում մասնավորապես՝ Բերդի շրջանում, իսկ մյուս երկու մարզերում՝ ամբողջությամբ/: Սյունիքի մարզն ընտրել ենք, քանի որ այնտեղ կան աշխատող խոշոր ձեռնարկություններ, մասնավորապես հանքաարդյունաբերական գործարաններ: Բերդում ևս փորձում ենք պաշտպանել աշխատողների իրավունքները:
Տրամադրում ենք անվճար իրավաբանական խորհրդատվություն. 3 մարզերում ունենք 6 քաղաքացիական կենտրոններ: Բերդում բացվել է քաղաքացիական կենտրոն, իսկ մյուս կենտրոնները Օքսֆամ ՄԲ երևանյան գրասենյակի օգնությամբ բացված կենտրոններն են: Իմաստն այն է, որ կենտրոնների միջոցով է տրվում անվճար իրավաբանական խորհրդատվություն: Կազմակերպվում են այցելություններ այդ կենտրոններ, և երբ լինում են իրավունքի խախտումներ, և լինում է հնարավորություն վերականգնելու խախտված իրավունքները, գործերը հասցնում ենք մինչև դատարաններ: Արդյունքում կան և շահած դատեր, և անհաջողություններ: Գործեր կան, որ օրենքը մեր կողմն է՝ ակհայտ պետք է շահեինք, բայց տանուլ ենք տալիս:
Ո՞ր իրավունքներն են ավելի շատ խախտվում Հայաստանում:
ՀՀ-ում ամենաշատ խախտվող իրավունքը տնտեսական և աշխատանքային իրավունքն է: Նաև սեփականության իրավունքն է մասսայականորեն խախտվում, երբ մի օլիգարխն աչք է դնում մի տարածքի վրա և ամեն ինչ անում է այն յուրացնելու, քաղաքացու ձեռքից խլելու համար:
Աշխատանքային իրավունքի խախտումներից ամենատարածվածներն են' մարդուն առանց աշխատանքային պայմանագրի աշխատեցնելը, աշխատավարձ չվճարելը, աշխատանքից կամայական ազատելը, ազատելուց հետո վերջնահաշվարկ չտալը, արձակուրդային չվճարելը, անաշխատունակության վճարներ չտալը և այլն:
Խնդիրն այն է, որ մարդը քանի դեռ աշխատում է և խնդիրներ չկա, նա կարծես թե համերաշխության մեջ է գործատուի հետ։ Երբ գործատուն գործից հանում է, նոր գլխի է ընկնում, որ ամենահասարակ բանը' աշխատանքային պայմանագիր, չունի: Իսկ դա հիմք է դատական պրոցես սկսելու և շահելու համար: Իսկ դա գալիս է աշխատատեղերի խիստ սահմանափակության, որակյալ աշխատուժի պակասի և գործատուների կամայականության հետ։ Քանի որ ընտրությունը մեծ է, նա ով փորձում է օրենքով մի բան պահանջել, գործատուն որոշում է,թե ոնց ազատվի այդ աշխատողից: Իրեն ձեռք չի տալիս նման աշխատողը, որովհետև գործող ձեռնարկությունների մեծ մասը փորձում է հնարավորինս քիչ աշխատատեղերը ունենալ փաստաթղթերով, որովհետև պետք է գոնե նվազագույն աշխատավարձ սահմանեն և սոցիալական վճարներ կատարեն պետբյուջե, որից խուսափում են: Եվ այդտեղ մեծ անելիքներ ունի Աշխատանքի պետական տեսչությունը, որը բավականին մեծ լիազորություններ ունի: Բայց միշտ չէ, որ կարողանում է աշխատողների շահերը պաշտպանել: Եթե իր դիմաց հայտնվում է որևէ մեծահարուստ օլիգարխ կամ որևէ պաշտոնյա, ինքն անզոր է որևէ բան փոխել' նույնիսկ օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանում:
Կազմակերպության գործունեության ողջ ընթացքում զբաղվել եք փախստականների խնդիրներով: Ի՞նչ ծրագրեր եք իրականցնում այս խմբի շահառուների հետ:
Այն համայնքները, որոնք փախստականներով են բնակեցված, մեր շահառու համայնքներն են և տարբեր միկրոծրագրեր ենք իրականացնում տարբեր դոնորների միջոցով: Մենք, որպես միջնորդ, օգնում ենք համայնքի նախաձեռնող խմբերին դրամաշնորհների միջոցով որևէ ձեռնարկատիրական գործունեություն ծավալել, դա կլինի մեղվաբուծություն, թռչնաբուծություն, ոչխարաբուծություն։ Նախաձեռնող խմբերը, որոնք ձևավորվում են կամավորության սկզբունքով, իրականացնում են կարիքների բացահայտում և ինքնակազմակերպվում են, որոշում են, օրինակ՝ ճուտ բազմացնել: Նախնական դոնորն օգնում է ձեռք բերել ինկուբատորներ, ճուտ, կեր և աշխատեցնում են ու աճեցնում իրենց տնտեսությունը: Տնտեսություններ կան, որ արդեն ճուտ են վաճառում, ձու են վաճառում և սոցիալական խնդիր են լուծում: Օգնել ենք կերաղացներ դնել և ամբողջ անասնակերը օգտագործել: Եթե առաջ 30 տոկոս անասնակերը թափում էին, հիմա 100 տոկոսով օգտագործում են:
Վերջին 3 տարում մենք Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում մոտ 35 ընտանիք մեղուներ են սկսել բազմացնել:
Աշխատավորների իրավունքների պաշտպանության գործում կարևոր դեր ունեն արհմիությունները: Հայաստանում իրավիճակն ինչպիսի՞ն է, այդ կառույցները կատարու՞մ են իրենց առաքելությունը:
Արհմիություններ կան, կարծես թե լավ էլ գործում են, բայց ըստ էության այդ արհմիությունները տվյալ ձեռնարկության ղեկավար կազմի կցորդն են և կատարում են այն հրահանգները, որ գործարանի տերը կամ տնօրենը թելադրում է:
Մենք օգնում ենք խոշոր ձեռնարկություններին ստեղծել իրենց արհմիությունները: Հանդիպումների, քննարկումների ժամանակ փորձում ենք այդ մարդկանց բացատրել, որ իրենց շահից է բխում ինքնուրույն լինելը: Մյուս կողմից փաստարկ են բերում, որ տնտեսական ծանր վիճակն իրենց հնարավորություն չի տալիս ինքնուրույն լինելու, բայց ես համոզված եմ, որ սա գործընթաց է, որ չնայած դանդաղ, բայց առաջ է գնում։ Ուղղակի դա ոլորտ է, որ անձնազոհ նվիրում է պահանջում, բայց մեր հասարակության մեջ այդպիսի մարդիկ քիչ են, որ կարողանան քաղաքացիական հասարակություն ձևավորեն: Ստրկամտության, վախկոտության, հարմարվողականության արդյունքում էլ առաջանում է անտարբերությունը: Ամենաահավորը վատի նկատմամբ անտարբերությունն է: Փորձում ենք անտարբերությունը վերացնել, մի քիչ ստացվում է, մի քիչ չի ստացվում՝ ավելի շատ չի ստացվում: Լիարժեք քաղաքացու պակաս ունենք, դա ամենամեծ, ամենախոցելի խնդիրն է:
Հարցազրույցը՝ Մերի Ալեքսանյանի